ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
Մարզկենտրոն Կապանում «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանի կառուցումն ամիսներ անց ոչ միայն ավարտին կհասցվի, այլեւ արտադրանքը ռուսաստանյան շուկա կարտահանվի: Օրերս գործարանի տարածք էին այցելել Սյունիքի մարզպետն ու քաղաքապետը: Արտադրական նշանակության հողում հյուրերի ներկայությամբ հիմնաքար տեղադրվեց, իսկ Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը հիմնարկեքի կարգ մատուցեց՝ օրհնելով հողը:
«Ընդհանուր հազար չորս հարյուրից ավել քառակուսի մետր տարածքում մարզում նախադեպը չունեցող գործարան կկառուցվի, որտեղ երկու հերթափոխով կաշխատեն ավելի քան երկու հարյուր հոգի, մեծ մասը՝ կանայք: Աշխատավարձերն էլ գոհացուցիչ կլինեն»,-հուսադրում են մարզային իշխանությունները:
«Աջակցելու եւ հետեւելու ենք, որ ինչքան հնարավոր է՝ արագ ավարտվի շենքի կառուցումը: Երեքից ավել հեկտարում ջերմոցային տնտեսություն կստեղծվի, որտեղից էլ արտադրանքը կհանձնվի պահածոների գործարանին: Ինչ գնով էլ լինի՝ պետք է Կապանում վերականգնենք գյուղատնտեսությունը»,-լրագրողների հարցերին պատասխանելիս ընդգծեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Մաքսային միության պայմաններում պետք է առիթից օգտվենք, փորձենք՝ ինչ ունենք, արտահանենք Ռուսաստան: Սա կառավարության վարկային ծրագրերն են, վարչապետի հանձնարականն է գյուղնախարարին եւ կենտրոնական բանկին»,-ավելացրեց մարզպետը:
Գործարանի տնօրինությունը մտադիր է վերկանգնել խորհրդային տարիներին Կապանում գործող պահածոների գործարանի ավանդույթը: «Վարելահողերը, կարելի է ասել, պիտանի չեն, մարդիկ չգիտեն ստացված բերքը ուր տանել եւ ում վաճառել: Նպատակն այն է, որ ազատագրված տարածքներում մշակվող բանջարեղենը իրացվի»,-ասաց գործարանի սեփականատեր, գործարար Սարմեն Սարգսյանը: Վերջինս արդեն վեց տարի է՝ զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ եւ «Սյունիք կաթի» հիմնադիրներից մեկն է: Նրա խոսքով` գործարանի եւ ջերմոցի գործարկման համար մոտ երեք մլն դոլարի ներդրումներ են պահանջվում, ինչի համար ութ տոկոսանոց վարկ կտրամադրվի:
Գործարանի շինարարությունը կիրականացնի Կապանի ավտոտեխնորոգման ընկերությունը: Արտադրամասը կաշխատի երեք հոսքագծով: Արտադրանքը կլինի մուրաբաների, հատապտուղների եւ բանջարեղենի պահածոների տեսքով, կլինեն նաեւ մրգային հյութեր: Բերքի մթերումները կիրականացվեն ինչպես Սյունիքից, այնպես էլ՝ ԼՂՀ-ի տարածքից:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան
ԼՈՒՐԵՐ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Տիգրան Պետրոսյանը երեկ ազատ է արձակվել: Armlur.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արա Զաքարյանը հայտնել է, որ նշանակված պատժի ժամկետն արդեն լրացել էր, եւ իր պաշտպանյալն ազատության մեջ է: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում պատիժը դատարանի որոշմամբ պայմանականորեն չի կիրառվել, այլ նշանակվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով, հայտնեց, որ տեղյակ չէ՝ այսօր Ազատության հրապարակում կայանալիք ակցիային Տիգրանն իր մասնակցությունը կունենա, թե ոչ, միայն նշեց, որ ակցիան միանշանակ կայանալու է: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր՝ մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, արդյունքում ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների: Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան:
ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ
Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ո՛չ տուն ունի, ո՛չ մեքենա, ո՛չ էլ այլ որեւէ գույք: Այս մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մարզպետի հայտարարագիրը: Պարզվում է՝ նա ապրում է չոր աշխատավարձով, դրամական միջոցներն էլ այնքան շատ չեն: Նրա հայտարարագրած գումարները կազմում են 2.5 մլրդ դրամ եւ 1 մլն դոլար: Անշարժ գույք չունեն նաեւ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, ու որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Մարզպետի կինը նույնպես գոյատեւում է միայն աշխատավարձի հույսին: Այն կազմում է 1 մլն 227 հազար դրամ, իսկ որդին ներկայացրել է միայն 360 հազար դրամ աշխատավարձ: Անվիճելի է, որ պաշտոնյաները մշտապես թաքցնում են իրենց իրական ունեցվածքի չափն ու ընդամենը խղճուկ տվյալներ ներկայացնում: Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայտարարագիրն այդ հանգամանքի ապացույցն է:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ին, «Դ!եմ եմ»-ը ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է նախաձեռնում: «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն առանց կամքի արտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ: Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաեւ պետական եւ մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա: Գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաեւ առաջատար մասնավոր ընկերություններում եւ, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Ավելի քան 30 դասախոսներ դուրս եկան պետական ԲՈՒՀ-երից, երկու տասնյակ երիտասարդ գիտնականներ՝ գիտությունների ազգային ակադեմիայից»: