ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ՞

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Նախագծի հեղինակ-պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուբիկ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը մեկնաբանում են, թե գործարանը հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա զգալի դերակատարություն ունի եւ անհրաժեշտ է ուսումնասիրել «Նաիրիտ»-ի մասնավորեցման հարցը: Նշենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ պատգամավորները հանդես են գալիս նման առաջարկով:

Դեռեւս 2013թ. ՀՅԴ պատգամավորներն այն ժամանակ դեռ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հղած նամակում առաջարկել էին ձեւավորել «Նաիրիտ» գործարանն ու դրա խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Արդեն 2014թ. փետրվարին այդ հարցը քննարկվել էր նույն հանձնաժողովում, ապա ընդգրկվել նիստերի քառօրյայի օրակարգ: Դաշնակցականներն այդ ընթացքում հանդիպումներ էին ունեցել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախկին նախարարը նրանց հայտնել էր, թե գործարանի շուրջ բանակցություններ են ընթանում, եւ նպատակահարմար չէ այդ հարցը բարձրացնելը: Սակայն դաշնակցական պատգամավորները համակարծիք չէին նախարարի հետ, քանի որ նրանք գտնում էին, որ ԱԺ-ն պետք է մասնակցի այդ գործարանի ճակատագրին ու փորձի հստակություն մտցնել առկա խնդիրներում: Նախագիծն, ի վերջո, այս տարվա փետրվարի վերջին քննարկվել էր ԱԺ նիստում եւ մերժվել 45 կողմ, 54 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը պարզաբանել էր՝ հանրապետականները գտնում են, որ այս շրջանում, երբ բանակցություններ են տարվում Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության հետ, հանձնաժողովի գործունեությունը կխանգարի նախատեսվող գործարքին: Սակայն Ա. Վարդանյանն այդ կերպ չէր մտածում. «Բայց դա բացարձակ կապ չունի որեւէ բանի հետ, ընդհակառակը, ես կարծում եմ, որ եթե հետաքրքրվող խոշոր ընկերություններ կան, նրանց համար եւս կարեւոր կլինի իրավականորեն հասկանալ, թե նախկինում ինչ պատմություններ են կապված եղել Նաիրիտի հետ: Ակնհայտ է, որ Նաիրիտի հետ կապված, մութ բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան՝ վարկերի, օֆշորային ընկերությունների, եւ այս հարցերն իրենց պատասխանները պետք է ստանան: Այնքան ակնհայտ խնդիրներ կան այստեղ, որ առանց ուսումնասիրելու, վերլուծելու, առանց հասկանալու հնարավոր չէ Նաիրիտի ճակատագիրը որոշել», – լրագրողների հետ զրույցում նշել էր պատգամավորը:
Իսկ նաիրիտցիներն էլ այս ընթացքում բազմաթիվ ցույցեր են իրականացրել` իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չեն ստացել: Ցույցերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց խոստացել էր պարզել գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորներին եւ պատժել նրանց: Անցել են ամիսներ, սակայն մեղավորների որեւէ անուն այդպես էլ չի հրապարակվել: Միայն տեղեկություններ կան, թե «Նաիրիտ»-ի պարտքերն ավելացել են հատկապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին: «Նաիրիտը» մինչ այդ էլ քիչ պարտքեր չուներ, սակայն Տ. Սարգսյանի վարչապետության տարիներին գործարանի պարտքն ավելացել է գրեթե կես միլիարդ դոլարով:
Օրեր առաջ` 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, «Նաիրիտ»-ի հարցին անդրադարձավ նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Նա խոստացավ, որ կառավարությունն այս հարցով վերջնական որոշում կկայացնի մեկ ամսից: «Այս առումով պետք է համբերատար սպասենք: Ավելին ասել չեմ կարող»,- հայտարարեց փոխնախարարը:
Դեռեւս պարզ չէ, թե այսօրվա նիստում հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի: Սակայն միանգամայն սպասելի է, որ եթե անգամ նախագիծը ներառվի քառօրյայի օրակարգում, այն կրկին կմերժվի հանրապետականների կողմից: Առավել եւս, որ առաջարկն արած դաշնակցականները վերջին շրջանում, կարծես թե, դեմ չեն հանրապետականների հետ համագործակցելուն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 
ՄԱՐԶԵՐ

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԽՈՒԼՈՒՀԱՄՐԻՆ
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի հաշմանդամին դանակահարած անչափահաս Արգիշտի Սարգսյանի դատավարությունը: Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սան, 1998թ. ծնված Արգիշտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հուլիսի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Մուշ» հանգստյան տան աստիճանահարթակի վրա խուլուհամր Արթուր Մնացականյանի կողմից իր հագուստից բռնելու եւ ձեռքի ժեստերով բացատրելու հանգամանքը որպես իր հետ վիճաբանության առիթ ընկալելով՝ գոտկատեղից հանել է ծալովի դանակը եւ հարվածել նրա կրծքավանդակի աջ կեսի եւ աջ բազկի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ա. Սարգսյանը գտնվում է կալանքի տակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Սույն քրեական գործով դատավարությունն առաջիկայում կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Տավուշի մարզի խանութներում հիմա տնական հավերի ձվեր չեն վաճառվում: Եղանակը ցրտել է, եւ տնական հավերը քիչ թվով ձվեր են ածում: Գյուղացիներն էլ նախընտրում են սնվել իրենց հավերի սակավաթիվ հավկիթներով եւ ոչ թե դրանք վաճառքի հանել: Իսկ տնական հավկիթի սիրահարները ստիպված են բավարարվել խանութներում առկա, Հայաստանի տարբեր թռչնաֆաբրիկաների կամ արտերկրից Հայաստան ներկրված արտադրանքով: Այն էլ` զգալիորեն թանկ գնով: Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով: Խանութների վաճառողներն ասացին, որ նախորդ խմբաքանակի հավկիթները վաճառվում էին հատը 60-80 դրամով: Այսպիսով` հավկիթի գնի նշանակալի թանկացում է տեղի ունեցել: Հետաքրքիր է՝ արդյոք այս հարցով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որեւէ բացահայտում կանի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԼՈՒՐԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ 23-ամյա Արմեն Ավալյանը հոկտեմբերի 16-ին դանակով հարվածել էր համագյուղացի 25-ամյա Անդրանիկ Այդյանի հետույքին: Չնայած դանակահարողն ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի: Դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է: Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Ավալյանը համեստ երիտասարդ է, նա գերազանցությամբ ավարտել է Մովսեսի միջնակարգ դպրոցը, ապա՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանը: Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Անդրանիկ Այդյանը գյուղում աշակերտների ներկայությամբ դանակով հարվածել է Արմեն Ավալյանին, վերջինս էլ իր արժանապատվությունը նսեմացնելուց հետո հակահարված է հասցրել Այդյանին: Արմեն Ավալյանը, որը որպես փոխարինող ուսուցիչ դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, շարունակում է աշխատել դպրոցում: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Բերդի բաժնում ընթանում է քննություն:
Ո. Ս.

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՁԳՁԳՎՈՒՄ
Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելուց ավելի քան մեկ ու կես ամիս է անցել, սակայն դեռ շարունակվում են մարզպետարանում թափուր մնալ քաղաքաշինության եւ կրթության, սպորտի եւ մշակույթի բաժնի պետերի պաշտոնները: Նշենք, որ Սյունիքի մարզպետի մեկական օգնականի եւ տեղակալի պաշտոնները եւս թափուր են: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելուց հետո նախկին մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված աշխատակիցներն ազատման դիմումներ էին ներկայացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնի պետ Լուսինե Մարությանից հետաքրքրվել, թե մինչեւ ե՞րբ են թափուր մնալու այդ պաշտոնները: «Դեռ որեւէ հստակ նորություն չկա: Քաղաքացիական քննություն թափուր պաշտոնների համար դեռ նշանակված չէ: Գուցե առաջիկայում լինի: Այս պահի դրությամբ ոչ մի թեկնածուի մասին նույնիսկ ներքին զրույցներում խոսք չկա: Նշեմ, որ մարզպետի տեղակալին ՀՀ վարչապետն է նշանակում: Իսկ, ահա, վարչությունների պետերի պաշտոնի համար թեկնածուները նախ պետք է որոշակի քաղծառայության ստաժ ունենան»,- ասաց Լուսինե Մարությանը: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որ այսքան ժամանակ այդ պաշտոններում ոչ ոք չի նշանակվում: Միգուցե սյունեցիները պարզապես խուսափում են Սուրեն Խաչատրյանի հետ աշխատել:
Ս. Հ.




Լրահոս