ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱՎԵՐԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ, ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՍԴՀԿ-ԻՑ

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ) կուսակցության ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ այդ հանդիպումը եղել է Գ. Ծառուկյանի հրավերով, որի ժամանակ ընթացիկ քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր են քննարկվել:

-Տիկի՛ն Սարգսյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն ի՞նչ նպատակ է ունեցել: Հրավերը եղել է ԲՀԿ առաջնորդի կողմի՞ց, թե՞ նախաձեռնությունը Ձերն է եղել:
-Հրավեր է եղել, ու հանդիպել ենք, բայց ոչ թե ես անձնապես, այլ ՎՍԴՀԿ ղեկավար մարմինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի հետ:
-Այսինքն՝ հանդիպման հրավերը եղել է Գ. Ծառուկյանի կողմի՞ց:
-Հրավերը պարոն Ծառուկյանի կողմից դեռ մեկ ամիս առաջ էր հնչել, ուղղակի տեխնիկապես այդ հանդիպումը չէր ստացվում, իսկ արդեն մի քանի օր առաջ այդ հանդիպումը եղել է:
-Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Գ. Ծառուկյանը հանդիպել Ձեզ հետ, ի՞նչ եք քննարկել այդ հանդիպման ժամանակ:
-Սա նախ եւ առաջ պրոտոկոլային հանդիպում էր երկու կուսակցությունների միջեւ: Նախ` ճանաչողական հանդիպում էր, մենք անձնապես ծանոթ չէինք, ու ես դա դրական եմ գնահատում: Իսկ թե ինչ է քննարկվել, գաղտնիք չէ. քննարկվել են շարժման ընդհանուր ընթացքը, համագործակցությունը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, կարծում եմ, որ այն, ինչ հայտարարվեց, նա փորձում է այսօր իրականություն դարձնել լայն համախմբման տեսքով: Հիմնականում նման կարգի հարցեր ենք քննարկել:
-Այսինքն՝ այսուհետ Դուք եւս լինելո՞ւ եք այն հարթակում, որտեղ եռյակն է:
-Ես ՀԱԿ խմբակցության անդամ եմ, ու այսօր այդ հանդիպումները խմբակցությունների միջեւ են, բայց եթե դա վերածվի կուսակցական ձեւաչափի, բնականաբար արդեն ՎՍԴՀԿ-ն առանձին մասնակից կլինի այդ գործընթացներին, իսկ առայժմ որպես ՀԱԿ խմբակցության անդամ կլինեմ հանրահավաքներին: Նշեմ, որ նույն ձեւաչափով մասնակցել եմ նախկին հանրահավաքներին:
-Եռյակի հանրահավաքների ժամանակ, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ովքեր են միացել իրենց, Ձեր կուսակցության անունը չնշեց: Մինչդեռ ՎՍԴՀԿ-ն դեռ հոկտեմբերի10-ի հանրահավաքից առաջ էր այդ մասին հատուկ հայտարարությամբ հանդես եկել: Ձեզ համար վիրավորական չէ՞, որ ՎՍԴՀԿ-ի անունն այդպես էլ չհիշատակվեց:
-Բացարձակ որեւէ խնդիր չկա, ամենափայլուն հարաբերությունների մեջ եմ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ անձամբ, ե՛ւ ՀԱԿ կուսակցության հետ: Ես միշտ շեշտել եմ, որ ՀԱԿ շարժումը, այժմ կուսակցությունը, ինձ համար ամենահարազատ կուսակցությունն է, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ու որեւիցե խնդիր մեր միջեւ չի կարող լինել: Քանի որ ֆորմատը խորհրդարանական խմբակցությունների ֆորմատ է, բնականաբար առանձնապես չի շեշտվել կուսակցության անունը: Իսկ եթե Դուք նկատի ունեք Ստեփան Դեմիրճյանի անունը հնչեցնելը, ապա կարող եմ ասել, որ Ս. Դեմիրճյանը տարբերվում է մեզանից նրանով, որ ընտրված նախագահ է եղել, ու բացարձակ որեւէ բան չեմ տեսնում, որ այնտեղ նրա անունը հնչեցվեց:
-Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ս. Դեմիրճյանի կուսակցությունը միանալով եռյակին` կրկին քառյակ է ձեւավորում, բայց կարծես թե Ս. Դեմիրճյանը չի համագործակցում եռյակի հետ, նրանց հանդիպումներին չի մասնակցում: Գուցե Գ. Ծառուկյանի հետ քննարկե՞լ եք Ձեր կուսակցության միջոցով եռյակը քառյակ «դարձնելու» հարցը:
-Ո՛չ, ես կրկնում եմ, որ դեռեւս եռյակ է: Ստեփան Դեմիրճյանի անունը հնչեցվեց, բայց դա դեռեւս խորհրդարանական խմբակցությունների եռյակի ձեւաչափ է: Այնպես որ՝ այստեղ 4-րդի հարց չկա, իսկ երբ կլինի կուսակցական ձեւաչափ, կլինի նաեւ ՀԺԿ-ն, կլինի նաեւ ՎՍԴՀԿ-ն: Կարծում եմ, որ այդ տենդենցը կշարունակվի, ու բազմաթիվ կուսակցություններ, որոնք կմիանան, կկիսեն մեր տեսակետը համաժողովրդական շարժման նպատակների եւ ճանապարհային քարտեզի մասով, բնականաբար բոլորն էլ կլինեն այդ շարժման մեջ: Կարծում եմ, որ այստեղ հանդուրժողականության մթնոլորտը շատ կարեւոր է, իսկ նպատակն արդարացնում է միջոցները:

 

 
ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՆՀԵՏԱՑԵԼ» ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Դեռեւս ապրիլի 25-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով «անհետանալու» է քաղաքական դաշտից: Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում` չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմության ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն չգնալ:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին` իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով` իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլեւս արմատական ընդդիմություն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ՝ պարզելու համար, թե որտեղ է այժմ գտնվում Ա. Բաղդասարյանն ու ինչո՞ւ անձամբ որեւէ գործունեություն չի իրականցնում քաղաքական դաշտում:
«Պարոն Բաղդասարյանը Հայաստանում է, պարոն Բաղդասարյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, քաղաքական գործունեությամբ է զբաղված, կուսակցական գործունեությամբ է զբաղված, համակարգում է մեր կուսակցության աշխատանքները ԱԺ-ում, կառույցներում, մեր ծրագրերի, օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքներն է համակարգում: Այնպես որ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում, ամեն ինչ բնականոն հունով է ընթանում»,-վստահեցրեց ՕԵԿ մամլո խոսնակը:
Ա. Միսակյանը նաեւ նշեց, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները հնչեցնում են ՕԵԿ-ի տեսակետը. «Այն, ինչ կատարվում է, կատարվում է իր անմիջական գիտությամբ, կառավարմամբ, իսկ անմիջականորեն իր կողմից տեսակետ դուք առաջիկայում կլսեք, ականատեսը կլինեք, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պարոն Բաղդասարյանը, այսպես ասած, անմասն է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»:
Մեր հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ն առաջիկայում հրապարակային քաղաքական ակցիաներ կամ հանրահավքներ անելու է, ՕԵԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Հուլիս ամսին մենք մի հանրահավաք արեցինք ու, բնականաբար, էլի հանրահավաքներ կանենք, որովհետեւ մենք քաղաքական պայքարի ձեւ ենք համարում հանրահավաքներ կազմակերպելն ու անցկացնելը»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԼՈՒՐՋ ՈՒ ԱՆԼՈՒՐՋ
Նախօրեին ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ որոշվեց համաժողովրդական շարժման շտաբերի համար տրամադրել կուսակցության տարածքային գրասենյակները, ինչպես նաեւ՝ համագործակցություն հաստատել սփյուռքի կազմակերպությունների հետ եւ նրանց նույնպես ներգրավել այդ աշխատանքներում: Նիստի ընթացքում, սակայն, առաջիկա հանրահավաքի մասին որեւէ հայտարարություն չարվեց: Այս կապակցությամբ Armlur.am-ի հարցին ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Հարցը պետք է քննարկվի երեք ոչ իշխանական ուժերի հետ միասին: Հանրահավաքը լինելու է»:
Իսկ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան հայտարարեց, թե ինքն անձամբ ԲՀԿ նիստում չի արձանագրել որեւէ լուրջ հայտարարություն: «Որեւէ լուրջ բան չեմ նկատել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

ԸՆԴԴԵՄ ՕԿՈԵՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոեւի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դեռեւս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Սերգեյ Օկոեւին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա` պարտապանի բաժինը: Թե որն է դատական այս վեճի պատճառն ու նախապատմությունը, առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք միայն, որ այս գործով մի քանի նիստ հետաձգվել է՝ կողմերի դատարան չներկայանալու պատճառով: Արդյունքում՝ գործը դեռեւս գտնվում է քննարկման փուլում:

 

«ՇԸՓ-ԹԸՓ» ՌԵԺԻՄՈՎ
Եկող երկուշաբթի կմեկնարկի ԱԺ-ի հերթական քառօրյան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդարանն առաջինը քննարկելու է ՀՀ Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին օրինագիծը, որը երեկ հրատապ՝ որպես անհետաձգելի օրինագիծ, ներկայացվել է ԱԺ: Այնուհետեւ խորհրդարանը պետք է սկսի 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

 

ՌՈՒԲԼԻՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է
Երեկ ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է՝ հասնելով 8.2 դրամի. ռուբլու առքի գինը երեկվա դրությամբ հասնում էր առավելագույնը 8.52 դրամի, վաճառքինը՝ առավելագույնը 9.1 դրամի։

 




Լրահոս