ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉԸ ՎՐԴՈՎԵՑՐԵՑ ԵՐԳՉԻՆ. ԸՆԴՀԱՏՎԱԾ ԶՐՈՒՅՑ

Երգիչ Միհրան Ծառուկյանի մոտ բուռն աշխատանքային շրջան է. նա այժմ «Ֆուլ հաուս» սիթքոմում հանդես է գալիս որպես դերասան, այս անգամ՝ հումորային ժանրում: Միաժամանակ զբաղվում է նաեւ երգչի իր կարիերայով: Սակայն, ինչպես պարզեցինք, երիտասարդ երգիչը դեռ պատրաստ չէ իր գործունեության հետ կապված քննադատական կարծիքներ լսելուն: Համենայն դեպս «Ժողովուրդը»-ի հետ զրույցում նա նման հարցադրումից նկատելիորեն վրդովվեց:

-«Ֆուլ հաուս» սիթքոմում երկրորդ անգամ ներկայացաք որպես դերասան, բայց արդեն՝ հումորային կերպարում. դա ռիսկային քայլ չէ՞ր:
-Ինչպես միշտ՝ ռիսկի գործոնը մեծ էր, բայց, հավատալով տղաներին, սկսեցինք միասին աշխատել: Գրիգոր Դանիելյանն ու Մենչն օգնում են շատ հարցերում, ես էլ փորձում եմ մաքսիմալ լավ խաղալ: Թեեւ դերասանական կրթություն չունեմ, բայց արդեն որոշակի փորձ ունեմ «Դժվար ապրուստ»-ից: Իմ կերտած կերպարը դեռ պետք է հղկվի, բայց, կարելի է ասել, հունի մեջ եմ ընկել:
-Միհրա՛ն, փորձը ցույց է տվել, որ «Հայ սուպեր-սթարի» որոշ մասնակիցներ, այդ թվում՝ Դուք, ավելի մեծ ճանաչում եք ձեռք բերել, մեծ քայլերով առաջ գնացել շոու-բիզնեսում, քան հաղթած մասնակիցները, ո՞ր գործոնները Ձեզ օգնեցին այդ հարցում:
-Ճիշտն ասած՝ ես հատուկ ոչինչ չեմ արել ճանաչվելու համար: Եթե ունեմ հաջողություններ, ապա դրանք ժողովրդինն են:
-Սրտակերի կերպարից չե՞ք հոգնել:
-Դա ես չեմ որոշել… Պարզապես ասեմ, որ լինում է ժամանակ, երբ ուզում ես հանգստանալ այդ աշխույժ կյանիքց, աժիոտաժից, բայց հետո շուտ վերադառնում ես աշխատանքի, դա նորմալ է: Եթե դու հայտնի մարդ ես, հասարակության կողմից ուշադրության կենտրոնում ես, այդ խոսակցությունները պետք է լինեն…
-Էքսցենտրիկ կերպար, պարուհի, երգչուհի Վարդայի հետ համագործակցելը միտված էր է՛լ ավելի ճանաչվելո՞ւն, թե՞ գուցե կոմերցիոն քայլ էր:
-Ոչ մի նման միտումնավոր քայլ չի եղել, մեր համագործակցությունը վաղուց էր պլանավորված:
-Նա Ձեր արվեստին ծանո՞թ է, Ձեր երգերը հավանո՞ւմ է:
-Ճիշտն ասած՝ մենք միմյանց այդքան էլ ծանոթ չենք եղել:
-Բայց այդ դեպքում ինչպե՞ս եք որոշել համագործակցել:
-Պրոդյուսերների համաձայնությամբ, նրանք են որոշել:
-Երկրպագուները ե՞րբ սպասեն Ձեր երեւանյան մենահամերգին:
-Ես շատ եմ ուզում մենահամերգով հանդես գալ, տեսնենք՝ գրաֆիկն ինչպես կդասավորվի:
-Այսինքն՝ համապատասխան ֆինանսական միջոցներ ունե՞ք:
-Դե, այդ մասին չեմ ուզում խոսել, եթե որոշեմ անել, ուրեմն՝ ունեմ: Բայց ուզում եմ լավ արվի, ուստի շուտ է այդ մասին խոսել:
-Այսօր հայ երգիչների շրջանում ավելացել են, այսպես կոչված, «տաշի-տուշի» երգերը, կարծես թե պարային երգերի քանակը Ձեր երգացանկում էլ է ավելացել…
-Ի՞նչ նկատի ունեք՝ «տաշի-տուշի» երգեր ասելով, 6/8 ֆորմատի երգե՞րը:
-Այո, 6/8 ֆորմատի պարային երգերը:
-Դուք նման երգերի տակ առիթների ժամանակ չե՞ք պարում (նյարդայնացած ձայնով Ա. Բ.):
-Պարում ենք, բայց, իմ կարծիքով, ամեն երաժշտություն իր տեղն ունի, մինչդեռ հիմա հենց այդպիսի 6/8 ֆորմատի երգերն են գերակշռում: Ձեր կարծիքով` դրանք մի քիչ շատ չե՞ն:
-Կոմերցիոն երգեր հիմա բոլորն են ներկայացնում, կարելի է ասել, փորձում են այնպես անել, որ երգացանկում ե՛ւ արվեստը զգալի լինի, ե՛ւ կոմերցիան:
-Ես գիտեմ Ձեր երկրպագուներից շատերին, ովքեր «Հայ սուպեր-սթար» մրցույթի շրջանակներում բոլորովին այլ աչքով էին Ձեզ նայում, իսկ մրցույթից հետո, Ձեր արվեստին հետեւելով, ասում են. «Ախր մենք գիտենք, որ այս տղան կարող է ավելի որակյալ երաժշտություն ներկայացնել, ինչո՞ւ դա չի անում». ի՞նչ կպատասխանեք նրանց:
-Դա ո՞վ ա ասել:
-Արդեն նշեցի՝ Ձեր բազմաթիվ երկրպագուներից եմ նման կարծիք լսել…
-Ես, օրինակ, շատ մարդկանցից չեմ լսել, ի՞նչ ասեմ, ինչի՞ն պատասխանեմ: Այսպիսի մի բան ասեմ, ու ավարտենք այս հարցազրույցը: Ես չեմ հերքում, որ իմ մասին վատ բաներ կարող են ասել, որ հնարավորություն ունեմ, բայց չեմ անում լավ որակի երգեր, դա հնարավորա, շատ նորմալա… Ես չեմ տեսել ու չեմ էլ լսել, որ որեւէ մեկի մասին բոլորը շատ լավ կարծիք ունենան, գիտե՞ք: Եկեք այսքանով բավարարվենք, շնորհակալություն:

 

 
ՅՈՒԹՈՒԲՅԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ. ԶԵՐԾ ՉԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ

Ինչպես հայտնի է՝ տեսահոլովակների կեղծ դիտումների ապահովումը Youtube-ում լուրջ բիզնես է աշխարհի շատ պրոդյուսերների եւ արտիստների համար: Այդ պատճառով պատժվել են աշխարհահռչակ մի շարք ընկերություններ, ինչպես՝ Universal Music Group-ը, Sony/BMG-ն, RCA Records-ը: Այս գործընթացներից զերծ չեն նաեւ հայ աստղերը: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ կան հատուկ վճարովի ծառայություններ, որոնք բարձրացնում են դիտումների քանակը, սակայն Youtube-ն ուժեղացրել է «սեւ դիտումների» դեմ պայքարը:

«Այն երբեմն վերացնում է ինչ-որ քանակի դիտումներ, որոնք համարում է կեղծ: Դիտումներ հաշվարկելու համար բավական չէ, որ էջը պարզապես բացվի, հարկավոր է, որ տեսանյութի զգալի մասը դիտվի»,-պարզաբանեց մասնագետը:
Վերջին շրջանում իրենց տեսահոլովակների համար ամենաշատ այցելություններ ապահովող հայ աստղերի թվում են Արման Հովհաննիսյանը եւ Սուպեր Սաքոն՝ 5 միլիոնից ավել, Լիլիթ Հովհաննիսյանը՝ 4 միլիոնից ավել, Սիրուշոն, Մարտին Մկրտչյանը, Վաչե Ամարյանը՝ 3 միլիոնից ավել դիտումներով: Իհարկե, մենք չենք կարող ասել՝ այս եւ այլ աստղերից ովքեր են խարդախել, սակայն կա մի չափորոշիչ, որի միջոցով հնարավոր է տարբերակել «թվեր լցնողներին». տեսահոլովակների գրանցած դիտումների եւ ստացած մեկնաբանությունների թվերը պետք է տրամաբանական կապի մեջ լինեն:
Դժվար է պատկերացնել նաեւ՝ ինչպես կարող են երգարվեստում շատ կարճ ուղի անցած երգիչները դիտումների առումով հավասարվել այդ ոլորտի առաջատարներին: Այդ տեսակետից համացանցում քննարկվեց Վաչե Ամարյանի «Բալա»-ն. «3 միլիոնն այդ երգի համար շատ քիչ է, պետք է 40 միլիոն դիտում հավաքեի… Ինձ լսում են տաջիկները, թուրքմենները, ովքեր անգամ կրկնօրինակում են երգերս»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վաչեն:
Մեկ տարի առաջ համացանցում բուռն քննարկման առիթ դարձավ Սոֆի Մխեյանի երգի միջոցով «Դորիանս» խմբից դիտումներ «փախցնելու» թեման: Օգտատերերից մեկն այն ներկայացրել էր որպես եվրատեսիլյան երգ, որը գրանցել էր աննախադեպ թվով այցելություններ. «Դա ինչ-որ սովորական խաղ է, որի մեջ ես չկամ»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռ Սուջյանը:
Այնուամենայնիվ, ուշադրություն դարձնենք, թե ոչ, հետագայում հենց այս՝ հնարավոր է նաեւ՝ «լցված» թվերի միջոցով են աստղերից ոմանք փակում այն մարդկանց բերանները, ովքեր փորձում են ակնարկել, որ իրենց ներկայացրած արվեստն արժեք չի ներկայացնում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Երգիչ, հումորիստ Արամ MP3-ն եւ Գարիկ Պապոյանը հանդիպել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Շնորհակալություն Արամ MP3-ին, Գարիկ Պապոյանին եւ Վլադ Սահակյանին՝ դեսպան Հեֆերնի հետ հանդիպման համար, որի ընթացքում քննարկվեցին ապագա համագործակցության հարցեր»,-նշվում է էջում: Թե կոնկրետ ինչ համագործակցության մասին է խոսքը, չի մանրամասնվում:

 

ԲԻԼԱՆԸ  ՇՆՉԱՀԵՂՁ  Է  ԵՂԵԼ
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը շնչահեղձության նոպա է ունեցել Նիժնի Նովգորոդում կայացած համերգի ժամանակ: Նա ելույթի ընթացքում ասել է, որ լավ չի զգում, սակայն հազիվ հավաքելով ուժերը՝ ավարտին է հասցրել համերգային ծրագիրը: Այս ամենը չի վրիպել երկրպագուների աչքից: Նրանք զգացել են, որ Դիման լավ չէր երգում, անգամ աթոռ էր բերել բեմ, որպեսզի նստեր ու կարողանար շնչել:
Համերգից հետո Բիլանն իր միկրոբլոգում դիմել է երկրպագուներին. «Հարգելինե՛րս, ես շատ լավ հասկանում եմ, որ արտիստը չպետք է հետաձգի համերգը եւ պետք է մինչեւ վերջ կատարի ծառայությունը, ուստի վերջին ուժերս հավաքելով՝ կրկին բեմ բարձրացա: Համերգն իսկապես հուզիչ եւ տպավորիչ էր: Շնորհակալ եմ ինձ հասկանալու եւ աջակցելու համար»:

 

ԻՐ ԿՐԾՔԻՑ ԳՈՀ Է
Դերասանուհի Կիրա Նայթլին Interview ամսագրի համար լուսանկարվել է կիսամերկ վիճակում: Նա այդ քայլին գնացել է, որպեսզի արտահայտի իր բողոքը Photoshop ծրագրի լայնատարած օգտագործման դեմ: «Ես կմերկանամ, եվ դուք Photoshop-ով չմեծացնեք կամ փոփոխեք իմ կուրծքը»,-ասել է դերասանուհին լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեին: Նա պատմել է, որ բազում անգամներ իր լուսանկարները փոփոխել են այդ ծրագրի օգնությամբ. «Հիմա կանանց մարմինը ռազմի դաշտ է դարձել, եւ դա որոշ առումով լուսանկարիչների մեղքն է»,-ասել է նա: Դերասանուհու համոզմամբ՝ հանրությունն ունակ չէ տարբերելու չափսերի եւ ձեւի գեղեցկությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Photoshop-ի չարաշահմանը դեմ են արտահայտվել Ժիզել Բունդհենը, Էմմա Ուոթսոնը եւ այլք:

 




Լրահոս