ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ոչ իշխանական եռյակի մյուս ուժերին, կարելի է ասել, վերջնագիր էր ներկայացրել: Նա նշել էր, որ իրենց շարժման առաջ գնալու համար անհրաժեշտ է, որ ստորագրվի փաստաթուղթ` «Համաժողովրդական շարժման հռչակագիր»: Ր. Հովհաննիսյանը հրապարակել էր նաեւ այդ նախագծի բովանդակությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է իրենց կուսակցության առաջնորդը որոշել այժմ էլ հանդես գալ առանձին հռչակագիր ստորագրելու կոչով:
-Պարո՛ն Մարտիրոսյան, դեռեւս եռյակի առաջին հանրահավաքից տեսանելի դարձավ այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ից եւ ԲՀԿ-ից տարբերվող դիրքորոշում ունի: Նախօրեին Ր. Հովհաննիսյանի արած հայտարարությունն էլ արդեն բացահայտ հաստատեց, որ «Ժառանգություն»-ը եռյակից առանձին է հանդես գալիս: ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում տեղյակ եղե՞լ են, որ նա հռչակագիր է մշակում:
-Եթե ուշադրություն դարձրել եք՝ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասել է, որ ինքը տեղյակ եղել է, որ այդպիսի հռչակագիր կա:
-Այսինքն՝ եռյակի հետ համաձայնեցվա՞ծ է եղել Ր. Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագիրը:
-Ո՛չ, ինչպես տեսել եք՝ դա պարոն Հովհաննիսյանի հռչակագիրն է, իր մոտեցումն է, ըստ էության, ամբողջացնող փաստաթուղթ է դա՝ ե՛ւ համաժողովրդական շարժման հետ կապված, ե՛ւ գրասենյակների հետ կապված, անդրադարձ կա Արցախին, այնպես որ՝ որոշակի տեղյակ են եղել… ու այսպես ասեմ՝ խորն անհանգստանալու կարիք չեմ տեսնում:
-Բայց ստացվում է, որ եռյակում կոնկրետ միասնական պահանջ չկա, ամեն մի ուժ իր դիրքորոշումն ունի, որը ներկայացնում է առանձին: Արդյո՞ք դա չի վտանգում եռյակի միասնականությունը:
-Դուք ճիշտ եք, մենք մեր մեկնաբանություններում միշտ նշել ենք, որ ամեն մեկն իր մոտեցումն է արտահայտում, պարոն Հովհաննիսյանի դեպքում, կարծես թե, այդ մոտեցումն ամբողջացնող է, ու հենց իր խոսքի սկզբում է դա ասում, նշում է, որ մեր գործընկերներն առանձին-առանձին հրապարակային ելույթներ ունեցան, ինչը ողջունելի է, իսկ այս ելույթը նաեւ ամբողջացնող է:
-Դա չի նշանակո՞ւմ, որ եռյակում պառակտում կա:
-Ո՛չ, այս պահին պառակտում գոյություն չունի: Տեսակետները ներկայացված են, կարծում եմ՝ հետագան ցույց կտա ընթացքը: Մենք միշտ ժողովրդի հետ ենք, միշտ ժողովրդի կողքին ենք, համենայնդեպս իմ տրամադրության մեջ փոփոխություն չկա ու ոչ էլ կարգավիճակում, այնպես որ՝ ինչ հայտարարել եմ նախկինում, դա ուժի մեջ է: Երկրում այնքան շատ առիթներ կան հիասթափվելու, չեմ կարծում, որ այս ամենը կարող է հիասթափվելու առիթ լինել:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Մարտիրոսյան, ակնհայտ է, որ եռյակն անգամ չի կարողանում մինչեւ այսօր հստակեցնել համատեղ հանրահավաքի օրը: Իսկ վերջերս էլ եռյակի ներկայացուցիչները սկսել են միմյանց հետ շփվել հայտարարությունների ձեւաչափով:
-Ես կարծում եմ, որ հանրահավաքը չպետք է ինքնանպատակ լինի, բայց ուշացնել էլ չի կարելի, ես կարծում եմ՝ մենք որոշակի որոշումներ պետք է ունենանք, նոր հանրահավաք անենք, բայց, դե, ուշացնել այդ որոշումների կայացումը եւս չի կարելի: Դուք տեսել եք, որ երկու օր առաջ եռյակը կրկին հանդիպում է ունեցել, այդ հանդիպումները կան, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, հրապարակային մոտեցումներին, ապա դա եւս տեսակետ է, դա եւս մոտեցում է, այնպես որ չեմ կարծում, որ խնդիրը դա է:
-«Ժառանգություն»-ը համաձա՞յն է այն «դադարի» հետ, որը վերցրել են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո գրեթե որեւէ կոնկրետ քայլ չի կատարվել:
-Չեմ կարծում, թե որեւէ մեկն ինչ-որ հանգիստ է կնքել, որ «ժառանգություն»-ը համաձայն լինի կամ չլինի, այս պահին քննարկումներ են ընթանում, իսկ երբ քննարկումները կավարտվեն, այդ ժամանակ տեղյակ կպահենք մեր հետագա քայլերի մասին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հռչակագրի մեջ հետգրությամբ ինչ-որ կոչ է արել, որը անհասկանալի է բոլորի համար: «Եւ ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք՝ ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ»,-նշել է Հովհաննիսյանը: Այս կոչով ի՞նչ է ցանկանում ասել Ր. Հովհաննիսյանը, Ձեզ համար հասկանալի՞ է:
-Ես մեկնիչ չեմ, ճիշտն ասած, կարող եք այդ հարցն իրեն ուղղել, բայց կարծում եմ՝ շատ պարզ գրված է: Արցախյան խնդրի, եւ ոչ միայն Արցախյան խնդրի հետ կապված, մեջբերում է արվել… Այսինքն՝ այդ մեծ համաձայնության խնդիրը մեր առջեւ օրվա խնդիր է դարձել, մեր միասնության հրամայականը, ու դա միայն բովանդակային քայլերի արդյունքում կարելի է անել: Առանձնապես մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ շատ պարզ ասված է:
-Բայց հասարակության կողմից չեն ընկալվում Ր. Հովհաննիսյանի կոչերը…
-Եթե Ր. Հովհաննիսյանը հասարակության կողմից հասկանալի չէ, այդ դեպքում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա այդքան ձայն կստանա՞ր: Քաղաքական դաշտում չեն ուզում հասկանալ, կամ հասկանում են, չհասկանալու տեղ են իրենց դնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Սահմանադրական դատարանում քննվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց 44 էջից բաղկացած որոշումը, ըստ որի՝ ԵՏՄ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Ի վերջո, ԵՏՄ պայմանագիրը ճանաչվեց սահմանադրական: «Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալը միայն անվտանգության սպառնալիքներն է ավելացնելու:
-Պարո՛ն Ենոքյան, ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը սահմանադրական ճանաչեց: Ի վերջո, ի՞նչ կտա դա Հայաստանին:
-Սահմանադրական դատարանը Հայաստանում ոչ թե քաղաքական օրգան է, այլ իրավական, իսկ քննարկվող հարցն իսկապես քաղաքական էր: Դե, հիմա այդպիսի որոշում կայացվեց, ՍԴ-ն քաղաքական լուրջ հարցերը երբեք էլ չի մերժել:
-ՍԴ-ի եզրակացության մեջ նշված է, որ պայմանագրի մի քանի կետեր, այնուամենայնիվ, համակողմանիորեն պետք է քննարկվեն ԱԺ-ում, եւ միգուցե որոշ օրենքներ փոխվեն: Ձեր կարծիքով այդպիսի որոշումն ի՞նչ ենթատեքստ կարող է ունենալ:
-Այդպիսի որոշում կայացվեց, բայց քաղաքական կողմը, փաստորեն, թողնվեց Ազգային ժողովին: Այս քայլը, իմ կարծիքով, գոնե մի փոքր երեսատեղ թողնելու համար է:
-Պարո՛ն Ենոքյան, ի վերջո, մենք ինչի՞ն ենք անդամակցում: Չէ՞ որ այդ պայմանագիրը, ըստ էության, փակ է, եւ տեղյակ չենք` ինչ բովանդակություն ունի այն:
-Այո՛, մենք այդ պայմանագիրը չենք տեսել, չգիտենք` ինչին ենք միանում: Շատ վատ է, որ այդպես է: Նույն կերպ եղավ նաեւ Եվրաասոցացման պայմանագրի ժամանակ: Չգիտես ինչու մեզ ցույց չէին տալիս: Այսինքն` գիտեմ` ինչու: Փաստորեն եվրոպացի պաշտոնյաները մեր քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն ունեին, որ միասին պետք է բացեն: Այսինքն` մեր իշխանություններն էին այնպես անում, որ այդ պայմանագիրը մեզ համար տեսանելի չլինի: Հիմա էլ նույն վիճակն է: Ինչ ասեմ, շատ վատ է, որ այդպես է: Այս պայմանագիրը պետք է դրվեր լայն քննարկման, միգուցե եւ հանրաքվեի: Իրականում նման տեսակետներ եւ առաջարկներ հնչել են, բայց այդպես չեղավ: Փակ է եղել` գրավոր ընթացակարգով, դրեցին ու անցկացրեցին: Սա լրջագույն հետ քայլ է մեր անկախությունից եւ ինքնիշխանությունից: Ցանկացած միջազգային պայմանագրի անդամակցությունն ինչ-որ առումով սահմանափակում է երկրի անկախությունը, բայց այս դեպքում այնպիսի սահմանափակումներ են, որոնք, իմ կարծիքով, ՀՀ Սահմանադրությանը հակասում են:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ ժամը 11.00-ին, ՀՀ Կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է ընդգրկված, որը ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար-փոխնախարար Վաչե Տերտերյանը: Գործադիրը քննարկելու է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պարզվում է՝ Կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին: Օրենքի նախագծով նախատեսվում է պետբյուջեի հաշվին մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները: Բացի այդ՝ նախատեսում են սահմանամերձ համայնքի բնակչությանն ազատել հողի եւ գույքի հարկերից: Ինչպես նաեւ՝ սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումը պետք է իրականացվի պետպատվերի շրջանակներում: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Կառավարությունը, չնայած սեփական նախագծով, բայց, այնուամենայնիվ, կյանքի է կոչում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` սահմանամերձ համայնքների բնակչությանը օգնելու մասին առաջարկը:
ՏԵՐ ՉԿԱ
ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը տեւական ժամանակ է, ինչ փնտրում է իրենց գյուղում գտնվող «Արցախ» հանգստյան տան սեփականատերերին: Բանն այն է, որ հանգստյան տան տնօրինությունը մեկ տարուց ավել է, ինչ չի վճարում իր գույքի եւ հողի հարկերը: Գյուղապետը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հանգստյան տունը համայնքի բյուջեին պարտք է ավելի քան 2.5 մլն դրամ: Տարիներ առաջ այս հանգստյան տունը պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Ըստ Մովսիսյանի՝ այս հանգստյան տունը հաճախակի է տնօրեն փոխել: «Ես որքանով տեղյակ եմ՝ «Էրեբունի Ալկո»-ն է սեփականատերը, բայց հստակ չգիտեմ: Ես ինքս էլ եմ հանգստյան տան սեփականատերերին փնտրում»: «Էրեբունի Ալկո»-ի հետ կապվելու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն: Բայց մեզ հայտնի դարձավ, որ «Արցախ» հանգստյան տունը բանկերից մեկում գրավադրված է եղել եւ այժմ հանվել է աճուրդի:
ԿԱՐՃՎԵԼ Է
Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է «Էներգոկոր» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջով: Կարճելու պատճառը եղել է «Էներգոկոր»-ի՝ հոկտեմբերի 27-ի դիմումը, որով այդ ընկերությունը տեղեկացրել է, որ իր պահանջից հրաժարվում է: «Էներգոկոր»-ից բռնագանձվել է 500 հազար դրամ՝ հօգուտ պետական բյուջեի՝ որպես պետտուրք: «Էներգոկոր» ընկերության «Նաիրիտ գործարան»-ի դեմ ներկայացրած հայցապահանջի համաձայն՝ վերջինիս պարտքը կազմում է մոտ 38 մլն դրամ: Թե ինչպես է լուծվելու պարտքի խնդիրը, դատարանի որոշումից պարզ չի դառնում: