Չնայած հրադադարին՝ հակառակորդի հետ գտնվում ենք պատերազմական վիճակում, և քննարկել, թե 6 օր առաջ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի ոչնչացվելն ու նրանում գտնվող զինծառայող 3 օդաչուների զոհվելն ում մեղավորությունն է, այս պահին կարևոր չէ:
Այս համոզմանն է քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը, ում խոսքով՝ միակ բանը, որ այս պահին ունենք անելու և ինչն առաջնահերթ պետք է համարվի, ծառայողական քննություններ իրականացնելն ու ուղղաթիռը կրակային գիծ ուղարկած հրամանատարներին պատժելն է:
«Եթե հավատանք տվյալներին, սահմանի վրա արդեն 3 հազար զոհված երեխա կա: Այսինքն՝ հակառակորդն անընդհատ կրակում է, և հիմա ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանի տարածքն է գտնվում կրակային գծում: Ուղղաթիռը, որպես կանոն, դառնում է դժվարխոցելի, երբ գտնվում է մարտական դիրքում, իսկ թռչող ուղղաթիռն առանց մարտական գործողությունների ոչինչ անել չի կարող, նա անպաշտպան է: Պատկերացրե՛ք վիթխարի թիրախ՝ օդի մեջ կախված, և զենք, որով նույնիսկ երեխան կարող է ուղղաթիռը խոցել: Նրանք չէի՞ն հասկանում, թե ուր են ուղարկում, ու ընդհանրապես դա ի՞նչ չվերթ է եղել, ո՞վ է դա կազմել, ո՞ր շտաբում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեպետ բոլորն անընդհատ խոսում են նրանից, որ զինվում է Ադրբեջանը, այդուհանդերձ, այդ հանգամանքը հաշվի չի առնվում: Գուրգեն Եղիազարյանը հավատացած է՝ նույնիսկ նռնականետով հնարավոր էր խոցել ուղղաթիռը, և անհրաժեշտություն չէր լինի «Իգլա» տեսակի զենքը գործադրել:
Մեր հարցին՝ պետք է արդյոք շեշտել այն հանգամանքը, որ հակառակորդի կողմից գործարկված զենքը ռուսական է եղել և այդ հանգամանքից հետևություններ անել, Գ. Եղիազարյանն ասաց. «Եթե այդ զենքն ամերիկյան, անգլիական կամ ֆրանսիական լիներ, դա սփոփա՞նք էր մեզ համար: Ի՞նչ տարբերություն՝ ում զենքն է: Այդ փաստը պարզապես կարելի է շահարկել, թե տեսեք՝ ռուսական զենքով են խփել: Բայց մարդիկ մարմնի ո՞ր մասով են մտածել, որ ուղղաթիռը մղել են կրակագիծ»,- ապա շարունակեց. «Ինչո՞ւ դեռևս չենք կարողանում մեր տղաների սուրբ մասունքները բերել, հայրենիքում հուղարկավորել, քանի որ մեր երկրում, ճիշտն ասած և ցավոք սրտի, ոչ ոք լուրջ չի ընդունում և լուրջ չեն ընկալում: Եթե լուրջ ընդունեին, այս վիճակում չէինք հայտնվի»:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ դեռևս 2004 թվականին, երբ Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Ադրբեջանը Հայաստանից պետք է սպասի ամենակոշտ քայլերը. այդ քայլերը, սակայն, այդպես էլ չիրականացվեցին: Զուգահեռներ տանելով նոյեմբերի 12-ի դեպքի հետ՝ նշեցինք, որ այս դեպքում ևս կոշտ քայլեր են խոստացվել, պե՞տք է սպասել այդ քայլերին և ինչպիսի՞ քայլեր կլինեն հարցին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Համապատասխան քայլ պետք է լինի այն, որ ոչ թե ուղղաթիռը թշնամու քթի տակով թռիչքի դուրս բերեն, այլ իրականացված շտաբային հավաքների ժամանակ մարդկանց բացատրեն՝ ինչն ինչպես անել: Համապատասխան կոշտ քայլը հենց էնպես մի կոշտ քայլ չի, որ դուրս գա հայտարարություն անի, հետն էլ` զորավարժություն կամ էլ մկանների ուժի ցուցադրում: Ռուսն ասում է՝ հացից հետո մանանեխն անիմաստ պատմություն է»,- շարունակելով խոսքը՝ ասաց քաղաքագետը՝ միաժամանակ շեշտելով, որ մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք մտածել՝ ինչպես անել, որպեսզի նման կորուստներ այլևս չլինեն:
«Խնդիրը միլիոնավոր դոլարներ կորցնելու մեջ չէ: Ես չգիտեմ ռեսուրսը, որպեսզի ասեմ՝ մոտավորապես ինչ կարժենա այդ ուղղաթիռը: Խնդիրն այդ երեք երիտասարդ սպաների մեջ է, մեր զինված ուժերի պանծալի զավակների մեջ, որոնց մենք առհավետ կորցրինք: Մեր բանակում կա՛մ սեփական թուրքից ենք երեխա կորցնում, կա՛մ դրսի թուրքից, կա՛մ էլ՝ անիմաստության արդյունքում: Դա մեր այն թշնամին արեց, որի անունը թուրք է, բայց եկե՛ք սեփական թուրքին մեր մեջից հանենք, որպեսզի մեր պանծալի տղաներին հենց այնպես կրակակետ չուղարկենք»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Խոցված ուղղաթիռը վայր էր ընկել շփման գծի չեզոք գոտում: Հայկական կողմն ունի 3 զոհ։
Տաթև Հարությունյան