«ՊԱՀԸ ԳԱ ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԿԱՄ ԿԶԱՐՄԱՆԱՆՔ, ԿԱՄ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնելու մասին: Քառյակի հերթական դռնփակ հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի, ինչպես նաեւ հանրապետության մարզերում կսկսի տեղեկատվական հավաքներ, որոնք ուղղված կլինեն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին հանրության լայն շերտերին իրազեկելուն: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանի հետ պարզելու՝ արդյոք նա մասնակցելու է այդ հանրահավաքներին:

-Պարոն Բոստանջյան, ԲՀԿ-ի հետ Ձեր փոխհարաբերությունները կարծես թե վերջին ժամանակներս «սառել» են, ու անգամ տեղեկություններ կան, որ Դուք դուրս եք եկել կուսակցությունից: Այդպե՞ս է արդյոք:
-Կուսակցությունից դուրս չեմ եկել: Այն պահից, որ պահից ես չեմ հանգրվանել ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ կուսակցության հետ իմ առնչությունները մեծ չեն եղել: Ամեն դեպքում, եթե ես անգամ կուսակցությունից դուրս գայի, ապա դրա մասին բոլորը կիմանային: Բայց նման բան չի եղել: Հիմա թե ով ինչ որակում կտա, թե ես կուսակցության հետ ինչ հարաբերություններ ունեմ, դա իրենց խնդիրն է: Բոլոր դեպքերում ես դասավանդում եմ բուհում ու այդ զբաղվածության պատճառով գրեթե ժամանակ չեմ ունենում, այսպես ասած, քաղաքական դաշտում գտնվել:
-Այժմ Ձեր հարազատ կուսակցությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության փոփոխության ուղղությամբ, հիմա էլ որոշել են հանրահավաքներ անցկացնել: Դուք, որպես ԲՀԿ-ական, մասնակցելո՞ւ եք այդ հավաքներին:
-Եթե կուսակցական ես, ուրեմն ենթադրվում է, որ եթե լինում են կուսակցական որոշումներ, ապա դրանք վերաբերում են նաեւ այդ կուսակցության անդամին: Այնպես որ, անհատները հո իրավունք չունեն կուսակցությունում լինելու պարագայում ինքնագործունեությամբ զբաղվել: Ուրեմն կուսակցությունը ինչ հանձնարարություն որ կտա, ինչ կնախատեսի իր յուրաքանչյուր անդամի համար, մենք այդպես էլ առաջ կշարժվենք:
-Այսինքն՝ Դուք էլ եք կարծում, որ ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է անվստահություն հայտնե՞լ:
-Այո, ես համաձայն եմ՝ պետք է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել: Անկախ վերջին ժամանակներում թափ ստացած շարժումից, ես միշտ էլ եղել եմ լուրջ մոտեցումների կողմնակից: Եթե գործադիր մարմինը չի անում այն տրամաբանական ու ցանկալի քայլերը մեր հասարակության համար… ապա, եթե ես ԲՀԿ-ի մեջ լինեի կամ չլինեի, ես, որպես ՀՀ քաղաքացի, միշտ ցանկացել եմ, որ տեղի ունենա արդյունավետ կառավարում, քանի որ միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա ապրել արժանապատիվ կյանքով: Եվ հիմա ես ասում եմ, որ նման կառավարում չկա, իսկ եթե նման կառավարում չկա, ուրեմն տրամաբանական է, որ այդպիսի կառավարողներին պետք է փոխարինեն այնպիսի մարդիկ, ովքեր ի զորու են արդյունավետ կառավարել երկիրն ու իրենց առջեւ դրված խնդիրները կատարել: Սա ցանկանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
-Կարծես թե ԲՀԿ-ն այս անգամ շատ լուրջ է տրամադրված: Եթե լինեն հացադուլներ, նստացույցեր Դուք կմիանա՞ք:
-Ցանկացած անհամաձայնություն, ցանկացած պրոցես միշտ ենթադրում է հասարակական, քաղաքացիական լայն կոնսոլիդացիա, ինչի վերաբերյալ կուսակցության նախագահն ասել է մեր համագումարի ժամանակ, եւ ինչը տրամաբանական ու բնական է: Ցանկացած խնդիր՝ երկրին վերաբերող, կարող է լուծում ստանալ բացառապես հասարակական աջակցության պայմաններում: Մի բան հստակ է. անկախ 4 կամ 6 ուժերի համախմբումից, երկրում իրավիճակը վատ է, ու դա նկատում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այս երկրում գրեթե այլեւս մարդ չի մնացել, իսկ եթե այսպես արագությամբ հոսքը շարունակվի, այլեւս ոչ ոք չի մնա այստեղ: Հիմա այսքանից հետո անտրամաբանակա՞ն է, որ հասարակությունն ուզում է երկրի ճիշտ կառավարում: Կարծում եմ՝ ոչ, պահը հասունացել է:
-Տեսակետ կա, որ այս ամենի «հետեւում» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Եթե հանկարծ այդ պահը գա, մենք հաճելիորեն կա՛մ կզարմանանք, կա՛մ էլ չենք զարմանա: Գոյություն չունեցող երեւույթների մասին քննարկում անելը կարծում եմ՝ սխալ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՐՑՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

 

Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանի քաղաքապետարանում կկայանա Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Երեւանի ուղեւորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը եւ հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 20-ից տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 50 դրամով, սակայն հասարակական դժգոհության պատճառվ այն ժամանակավորապես կասեցվեց: Համընդհանուր ընդվզման արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գների բարձրացումը չեղյալ հայտարարեց եւ քաղաքապետարանում ձեւավորվեց հատուկ հանձնաժողով՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վճարումը վերանայելու որոշման մշակման համար:
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին եւ տեղյակ չեն, թե ինչ որոշում է կայացվել: «ԲՀԿ-ն անցյալ տարի պաշտոնապես հրաժարվել է մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ մենք գտնում էինք, որ քաղաքապետի որոշման համար պետք է լինեին հանրային քննարկումներ ու, ըստ էության, նշված հանձնաժողովը չի կարող փոխարինել հանրային քննարկումներին»,-նշեց մեր զրուցակիցը:
«Բարեւ Երեւան» խմակցության անդամները մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին, եւ մենք չկարողացանք պարզել, թե խմբակցությունն ինչ տեղեկություններ ունի հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե «Հանձնաժողովի նպատակը համակողմանիորեն վերլուծելն է բոլոր նպաստող հանգամանքները, որպեսզի, ի վերջո, ի հայտ բերվի ամենաամբողջական սակագինը՝ բոլոր հանգամանքները հաշվի առնելով: Դրա շրջանակում նաեւ ուղեւորահոսքի վերլուծությունը պետք է լիներ ու ամսի 4-ին միջազգային կազմակերպությունը ներկայացնելու է իր վերլուծության արդյունքները: Դրանից հետո մենք իրատեսական պատկեր կունենանք, թե իրականում ինչպիսին պետք է լինի սակագինը, որն է իրական սակագինը: Դրա ներկայացումից հետո արդեն հանձնաժողովն իր աշխատանքն, ըստ էության, կարող է համարել ամբողջական ու այդ ձեւավորված սակագինը՝ բոլոր համակողմանի վերլուծություններով, կներկայացվի արդեն քննարկման ժամանակ»:
Մեր զրուցակիցը նշեց, թե այն պնդումները, որ ապրիլի 4-ին որոշվելու է տրանսպորտի սակագնի հարցը, ճիշտ չեն. «Ընդամենը ներկայացվելու է, թե այդ վերլուծությունների արդյունքում իրականում ինչպիսին պետք է լինի սակագինը, որն է իրական պատկերը»:

 

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՉԳՆԱՀԱՏՎԱԾԸ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2013թ. տարեկան զեկույցում անդրադարձել էր նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ մահափորձից հետո բուժման համար պետության կողմից տրված 20 մլն 500 դրամին: ՄԻՊ-ն այդ փաստը որակել էր մտահոգիչ, իսկ տրված գումարն «անհամաչափ մեծ»: Պարույր Հայրիկյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այս խոսքերը, «բարդույթավորված ու նախանձ լակոտ» է անվանել տեղի ուենցածի հանդեպ դժգոհություն հայտնողներին: «Խորհուրդ կտամ որեւէ մեկին հաշվի առնել, որ Հայրիկյանը 4 տարի աշխատել է անվճար մարդու իրավունքի պաշտպան որեւէ նորաթուխից առաջ: Հայրիկյանը համարել է` որեւէ մեկը պետության տերն է, եւ պետությունը պարտավոր է սպասարկել նրան, եթե պետության մեղքով` մասնավորապես ուժային կառույցների անկարողության պատճառով քաղաքացուն վնաս է հասցվել»,-ինքն իր մասին երրորդ դեմքով խոսեց ԱԻՄ առաջնորդը:

 

ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԻ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե մարտի 28-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքների վերաբերյալ ինքը դեռեւս որոշում չունի: «Նոր բան չունեմ ավելացնելու, հավաքներին կարող ենք մասնակցություն ունենալ, բայց մեզ որեւէ մեկը բան չի ասել: Պարզապես պետք է հասկանալ, որ այդ կառավարությունը նշանակող ունի, այդ նշանակողի հրաժարականն է պետք պահանջել, եթե բան են ուզում փոխել: Ինչ տարբերություն, թե ինչ կլինի վարչապետի անունը Տիգրան Սարգսյան, թե Կիրակոս Մարտիորսյան, որեւէ բան կփոխվի՞»,-հարցադրեց պատգամավորը:

 

ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Հայաստանում գնաճը նոր տեմպեր է ստանում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 4.6 տոկոս, իսկ ահա 2010թ. համեմատ` 20.2 տոկոս: ԱՎԾ տվյալների համաձայն՝ ամենաշատն աճել են ծառայությունների գները` 8.7 տոկոս, ոգելից խմիչքների ու ծխախոտի գները` 7.3 տոկոս, սպառման ապրանքների գները` 3 տոկոս, պարենային ապրանքների գները` 2.6 տոկոս:

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` ապրիլի 1-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

ՂՐԻՄ` ՎԻԶԱՅՈՎ

Ռուսաստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Ղրիմ այցելելու համար օտարերկրացիները պետք է ստանան ռուսական վիզա` արտերկրում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից:




Լրահոս