Դոլարի փոխարժեքի կտրուկ աճը, ինչպես և սպասվում էր, արդեն իսկ որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառ է դարձել: Armlur.am-ին երևանյան խանութների և սուպերմարկետների պատասխանատուները տեղեկացրեցին, որ առավելապես դեռևս հին գնով ստացված ապրանքն են վաճառում, ու այս օրերին մատակարարվող ապրանքների խմբաքանակները մեծամասամբ նոր գներով են իրենց հասցվում:
Առավելապես թանկացել է ներմուծվող ապրանքը, ու թեև պատասխանատուները առանձնապես մեծ ծավալի գնաճ չէին կանխատեսում, այսուհանդերձ ամեն ինչ դարձյալ դոլարի փոխարժեքով էին պայմանավորում՝ նշելով, որ եթե ամերիկյան արժույթը շարունակի թանկանալ, ապա գնաճի շարունակականությունն անխուսափելի է լինելու: