«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության դատարանում Ադրբեջանի հնարավոր ճնշումներին եւ կարծիք հայտնել, որ հանգամանորեն ուսումնասիրել է միջազգային պայմանագիրը եւ եկել այն համոզման, որ խնդրահարույց հարց չկա:
Չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն, ինչպես գիտենք, այդ որոշումը սարերի հետեւում չէ: Գրել էինք նաեւ, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր դատարանը, որ լուծելու է անդամ պետությունների տնտեսական գործով դատական վեճերը:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միջոցով մի շարք ապրանքներ է արտահանում Ռուսաստան, ի՞նչ է լինելու ԵՏՄ անդամակցությունից հետո: Չէ՞ որ Արցախը ԵՏՄ անդամ երկիր չի դառնալու: Արդյո՞ք ԵՏՄ դատարանը խնդիրներ չի ստեղծի Հայաստանի համար: Ինչպե՞ս, բացատրենք: Օրինակ՝ չի բացառվում, որ ադրբեջանցիները, դիցուք՝ Ղազախստանում, ՍՊԸ հիմնադրեն եւ ԵՏՄ դատարանում Հայաստանի ընկերությունների դեմ հայցեր հարուցեն այն պատճառաբանությամբ, թե Արցախում արտադրված ապրանքները իրացվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներում:
Ինչու ենք այսպիսի բան կանխատեսում. դա էլ բացատրենք: Դեռեւս 1999թ. հոկտեմբերի 1-ին, երբ հայկական կողմը Հռոմում ստորագրեց միզազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որն ուժի մեջ մտավ 2002թ. հուլիսի 1-ին, 2004թ. օգոստոսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը: Ավելի ուշ, ոչ պաշտոնապես, կուլիսներում այս քայլը մեկնաբանվեց հետեւյալ կերպ՝ եթե Հայաստանը միանար այդ դատարանին, ապա այն կարող էր գործիք դառնալ Ադրբեջանի համար Հայաստանի դեմ: Այսինքն՝ այդ դատարանում Ադրբեջանը դիմումախեղդ կաներ Հայաստանի դեմ ներկայացված գրություններով, ինչի համար մենք պետք է մի ողջ խումբ կենտրոնացնեինք Ադրբեջանի դիմումների դեմ բացատրություններ գրելու համար: Այսինքն՝ լրացուցիչ հոգս էր դառնալու Հայաստանի համար եւ ՍԴ-ն որոշեց, որ այն հակասահմանադրական է: Արդյո՞ք այս նույն համատեքստում ԵՏՄ դատարանը չի դառնա Հայաստանի դեմ գործիք Ադրբեջանի ձեռքում:
Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՍԴ խորհրդական, արդարադատությայն նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ:
Ըստ մեր զրուցակցի՝ նշված միջազգային պայմանագրերի միջեւ զուգահեռ անցկացնելը, այն էլ՝ պատասխանատվություն նախաձեռնելու ասպեկտով, առնվազն անհիմն է. «Սահմանադրական դատարանի 2004թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշումը հեռավոր ակնարկ անգամ չի բովանդակում, այսպես կոչված՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գործիք դարձնելու մտավախության մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, այն վավերացվեր, ապա լուրջ լծակ կլիներ հենց Հայաստանի ձեռքին Ադրբեջանի դեմ: Վերջին հաշվով, խնդիրը սոսկ դիմելով չի սահմանափակվում, վճռորոշ նշանակություն ունեն հենց հիմքերը, որոնց պակաս Ադրբեջանի իշխանությունների գործունեությունում նաեւ այս օրերին չի զգացվում»:
Գեւորգ Դանիելյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առանցքային հարցադրումներից մեկը հենց վերաբերում է 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու հարցում խոչընդոտները հարթելու խնդրին: «Այս նկատառումով Հայաստանը որեւէ քաղաքական մտավախություն չունի, իսկ ՍԴ-ն հարկադրված էր տալ բացասական եզրակացություն, քանի որ այդ միջազգային պայմանագրի մի քանի կետեր ակնհայտ հակասության մեջ են գործող Սահմանադրության հոդվածների հետ: Բնորոշ է այն, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105-րդ հոդվածով անգամ բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի եւ համաներման հնարավորության իրացումը: Ի՞նչ եք կարծում, եթե երկրում ձեւավորված է միանշանակ դիրքորոշում Սահմանադրությունում այնպիսի փոփոխություններ կատարելու առնչությամբ, որպեսզի վերանայվեն 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալուն խոչընդոտող իրավական հիմքերը, իրավաչա՞փ է, արդյոք, դատողություններ անել այն մասին, որ Հայաստանն իբրեւ մտավախություն ունի, որ այն Ադրբեջանի ձեռքին գործիք կդառնա»,- նշեց Գեւորգ Դանիելյանը՝ համադրելով հանրապետության նախագահի եւ Ադրբեջանի նախագահի քաղաքական գործունեությունն ու հայտարարությունները:
«Ադրբեջանի նախագահը, թերեւս, հանցավոր ինքնավստահությամբ ունենում է կոչեր, որոնք անվերապահորեն բովանդակում են մարդկության ու խաղաղության դեմ ուղղված առնվազն մի քանի հանցագործությունների հատկանիշներ: Իսկ եթե դրանց հավելենք այն, որ այդ հանցավոր կոչերը հաճախ համատեղվում են խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային կարգով ու պարբերաբար կրկնվող եւ մարդկային զոհերով ուղեկցվող հարձակումներով, ապա պատկերը կամբողջանա: Ի դեպ, վերջին շրջանում Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները բացառապես միտված են այնպիսի իրավակարգավորումների, որպեսզի ի չիք դառնա վերոհիշյալ բնույթի միջազգային պայմանագրերի վավերացումը, որ ձեւավորվի կայուն ու ներփակ բռնատիրություն»:
ՍԴ խորհրդականը նաեւ կարծիք հայտնեց, որ իրավաչափ չէ զուգահեռ անցկացնելը երկու օրենքների միջեւ նաեւ այն կտրվածքով, որ երկու միջազգային պայմանագրերով նախատեսված են պատասխանատվության միանգամայն տարբեր ինստիտուտներ, եթե Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ խոսքը բացառապես մարդկության եւ խաղաղության դեմ ուղղված որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին է, ապա ԵԱՏՄ-ի դատարանին ընդդատյա են սոսկ տնտեսական գործերը. «Ադրբեջանի այս կամ այն «խորամանկ» փորձերին թե ինչպես կարձագանքի հիշյալ դատարանը, համոզված եմ, որ խելամիտ ու իրավաչափ չէ այժմ անդրադառնալը: Ինքս հանգամանորեն ուսումնասիրել եմ այդ միջազգային պայմանագիրը, դրան կից 2-րդ հավելվածով ամրագրված կանոնադրությունը, վերլուծել եմ հնարավոր իրավիճակները եւ հանգել եմ այն անվերապահ համոզման, որ դրանք՝ Ձեր կողմից ներկայացված ասպեկտներով, խնդրահարույց չեն: Պարզապես չէի կամեմա ազերիներին արդեն այս փուլում տեսական գիտելիքներով զինել ու վերապատրաստել, թե ի՞նչ կարող են անել, եւ ինչպե՞ս կարող ենք արձագանքել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊՆ-ԻՆ ԷԼԻ ԽԱԲԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ խոշոր մատակարարներից մեկի թեթեւ ձեռքով հայտնվել է աղմկալի պատմության մեջ:
Ըստ մեզ հասած լուրերի՝ օրերս ՊՆ խոշոր մատակարարներից մեկը` Աշոտ Սարգսյանը, կալանավորվել է: Իսկ թե կոնկրետ ինչ ընկերության ղեկավար է Աշոտ Սարգսյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց, սակայն կարողացանք ճշտել, որ նա ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների համար տեխնիկա է ապահովել: Ըստ ամենայնի, մատակարարը տեխնիկան տարբեր երկրներից ձեռք է բերել բավականին մատչելի գնով, սակայն ՊՆ-ի վրա թանկ է վաճառել: Նա ՊՆ-ին հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ գինը իրականից մի քանի անգամ ավել է եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ հափշտակություն անելու հատկանիշներով: Պարզեցինք, որ ՊՆ-ին հասցված վնասը մի քանի հարյուր հազար դոլար է կազմում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ օրերս քննիչների խումբ է գնացել Վրաստան, որպեսզի պարզի, թե ՊՆ-ին վաճառած տեխնիկան, որով Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահներն է «կահավորել», ինչ գնով է ձեռք բերվել: Հենց այդտեղ էլ բացվել է Աշոտ Սարգսյանի խարդախությունը:
Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ նույն Աշոտ Սարգսյանը «հին խաբեբա է»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ տարիներ առաջ նա դարձյալ յուրացման մեղադրանքով դատապարտվել է 7 տարի ազատազրկման, սակայն… պատիժը չի կրել: Նա տարբեր ատյաններ դիմելով՝ կարողացել է իր պատիժը մեղմել, իսկ վերջում էլ՝ ազատության մեջ հայտնվել:
Հիշեցնենք, որ 2011թ. մսի մատակարար(ներ)ը խաբել էին ՊՆ-ին՝ տավարի մսի փոխարեն տրամադրելով գոմեշի ավելի էժան միս: Խոսքն ավելի քան 3 մլն դրամի հափշտակման մասին էր: Եվ, ահա, երկու տարի անց հերթական անգամ մատակարարները խաբում են ՊՆ-ին:
Թվում էր, թե 2011թ. բացահայտված գոմեշի մսի հայտնի դեպքից հետո հայոց բանակի մասնակցությամբ ֆինանսական չարաշահումների թեման վաղուց պետք է փակված լիներ, սակայն այն ավելի խորը դրսեւորումներ ունի: «Ժողովուրդ»-ը նոյեմբերի 24-ին գրել էր, որ 2014 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտքի դիմաց երեք ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել. ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 28 միլիոն դրամ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ԿՌԻՎՆ» ԸՆԿԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ
«Երեւանի մենեջմենթի համալսարան« ՍՊԸ-ի եւ «Գալիք» համալսարանի միջեւ դատական վեճ է հասունացել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2012 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի մենեջմենթի համալսարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Գալիք» համալսարանից 5 մլն 625 հազար ՀՀ դրամ պահանջելու հայցով: Ավելի ուշ՝ 2012 նոյեմբերի 8-ին, «Գալիք» համալսարանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի մենեջմենթի համալսարանի՝ ենթավարձակալության պայմանագիրը լուծելու եւ գույքը վերադարձնելու պահանջների մասին։ 10 ամիս է, ինչ այս գործով դատական նիստեր են ընթանում, եւ դեռ հայտնի չէ՝ ինչ կերպ կավարտվի համալսարանների միջեւ առաջացած վեճը:
ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ
Երեկ երկու եղբայրներ, որոնք Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչներ են, փորձել են Կիեւյան կամրջից ցած նետվել, սակայն ոստիկաններին հաջողվել է փրկել 27-ամյա Գեղամի եւ 21-ամյա Դավիթի կյանքը: Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանել են նրանով, որ տարիներ առաջ՝ Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, ըստ Դավիթի պատմածի, քննիչը ստիպել է իրեն Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, ինչի համար էլ 1 անմեղ զինվոր 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Իրենք դիմել են բազմաթիվ ատյանների, սակայն ոչ մի արդյունք, դրա համար էլ ստիպված են եղել դիմել այդ ծայրահեղ քայլին: