Երեկ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, որոնց թվում են՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն»-ից՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, ԱԴԿ-ից՝ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչիկ Քոքոբելյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլք:
Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման Արթուր Սաքունցին հանձնել է «Ազատության պաշտպանի» մրցանակ: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին է հանձնել «Խիզախ կին» մրցանակը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել ՀՀ փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին եւ Արմեն Մելիքբեկյանին է հանձնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ է հանձնել բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին եւ Ռուզաննա Գրիգորյանին:
Ավելի ուշ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ, Քլինթոնն անդրադարձել է ԼՂ խնդրին ու հայ-թուրքական հարաբերություններին: «Ուժի կիրառման վերջին դրսեւորումը, երիտասարդ զինվորների անմիտ, անիմաստ մահը, ուժի ցանկացած կիրառում չի կարող նպաստել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,-ասել է նա եւ կոչ է արել զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից: Նաեւ նշել է, որ այս ուղերձը հղելու է նաեւ Ադրբեջանում երկու օրից: Ըստ Քլինթոնի՝ նման միջադեպերը չպետք է խոչընդոտեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, որին պետք է պատրաստ լինեն ոչ միայն հակամարտող երկրների ղեկավարները, այլեւ հասարակությունը: «Այս խնդիրը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի սեղանի շուրջ, եւ վտանգ կա, որ նման միջադեպերը կարող են վերածվել ավելի լայն միջոցառումների, որոնք ավելի ծանր հետեւանքներ կարող են ունենալ կողմերի համար»,-ասել է նա: Հիլարի Քլինթոնը Երեւանում եւս մեկ անգամ հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքներով, իսկ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր կիրառել` նպաստելու խնդրի խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում կայունության ամրապնդման գործին:
ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ