ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԸ ԴԵՄ Է ՕՐԵՆՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունիսի 2-ից գործողության մեջ մտավ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի փոփոխված տարբերակը, որով ոչ միայն վարչական տուգանքների չափն է ավելացվել, այլեւ հնարավոր է դարձել վարորդական վկայական ձեռք բերել առանց  ուսուցման: Սա մեծացնում է ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը, այլեւ ճանապարհային իրավախախտումների քանակը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ին իր մտահոգություններն է հայտնում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական, հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
-Արդեն  85 տարի Հայաստանում գործում է  «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»-ը, որը  պատրաստում է արհեստավարժ վարորդների գրեթե 30-40%-ը: Այսօր գրիչի մի հարվածով մարդկանց մի խումբ, մոլորության մեջ գցելով կառավարությանը, փորձում է ապացուցել, որ առանց ուսման վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:  Արի՛ ու տես, որ Հայաստանում հակառակն է լինում: Հակակոռուպցիոն ծրագրերի  նախագծերում միշտ չէ, որ դրական ցուցանիշներ են արձանագրվում: Հիմա մերոնք վերցրել են ու առանց միջազգային փորձը նկատի առնելու մշակել են մի օրենք, որը սխալ է ու վտանգավոր: Այս օրենքը ոչ մի միջազգային չափանիշի չի ենթարկվում: Օրինակ՝ Գերմանիայում գոյություն ունի վարորդական վկայական ստանալու 2 սխեմա՝ տեսական եւ մասնավոր պրակտիկ ուսուցում, իսկ Ֆրանսիայում դրանց ավելանում է անհատական ինքնուսուցումը: Ա՛յ, հենց սա որդեգրեց Հայաստանը՝ բացառելով սխեմաների նախորդ կետերը:
 Իմ  կարծիքով, սա բիզնես է, որը ղեկավարվում է կոնկրետ ուժերի կողմից: Պետությունը հրատապ որոշում կայացրեց, արդյունքում՝ արդեն ունենք կոռուպցիայի դեպք, որը կանխվեց: Հավատացե՛ք, որ դա շարունակվելու է: Միշտ էլ կան օստապբենդերներ, որոնք գիտեն՝ ինչպես շորթել: Մի խոսքով, գնում ենք փոփոխությունների` հույս ունենալով դրական տեղաշարժերի, սակայն, ինչպես ասում են, ւՏՑպսՌ ՍՈՍ սցփՔպ, տՏսցփՌսՏրՖ ՍՈՍ ՉրպչՊՈ: Եթե այս փոփոխությունները նպատակ ունենային լցնել պետական բյուջեն, մենք միայն կողջունեինք, սակայն վստահ եմ, դա որոշ մարդկանց գրպանների պարունակությունն է ավելացնում: Կա նաեւ այսպիսի մի տեսակետ, որով իբր քաղաքացուն ընտրության հնարավորություն է ընձեռված՝ սովորել վարորդական գո՞րծ, թե՞ ինքնուսուցմամբ հանձնել քննություններ եւ ստանալ վկայական: Սակայն նկատենք, որ ճանապարհային ոստիկանությունը մեծ դերակատարում ունի ինքնուսուցմամբ վկայական ստանալու քարոզչության գործում, որը նույնպես խանգարում է մեր բնականոն գործընթացին:
ԴՕՍԱԱՖ-ի ղեկավարությունը հանդիպել է ՀՀ վարչապետին, արտահայտել մեր կարծիքն օրենքի  անկատարության եւ մեր կազմակերպության  հիմախնդիրների շուրջ:  Որոշ քայլեր արդեն ձեռնարկված են, բայց արդյոք կարող են դրանք ազդեցություն ունենալ օրենքի վրա՝ դժվարանում եմ հավատալ: Չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է այդ ձեւով  վարորդական իրավունքի վկայական տալ մարդկանց, որոնց վստահվելու են այլ մարդկանց կյանքեր: Օրինակ՝  ինքնուսույց վարորդը վաղը-մյուս օրը կվարի երթուղային տաքսի կամ մարդատար ավտոմեքենա, ու ի՞նչ կստացվի:
Ամենավատն այն է, որ ԴՕՍԱԱՖ-ի լիազորություններն օրենքով սահմանափակվում են: Տարիների կենսագրություն ունեցող մեր ավտոդպրոցը գոյատեւման խնդրի առաջ է կանգնած: Նախորդ տարեվերջին շուրջ 400 աշխատողների կեսից ավելին կրճատվել է: Ավտոդպրոցի ենթակայության ֆեդերացիաները հարվածի տակ են: Նախկինում ավտոդպրոցը պատրաստում էր կադրեր բանակի համար՝ տանկիստներ, վարորդներ եւ կապավորներ: Հիմա դպրոցը, ունենալով նյութատեխնիկական բազա, պատրաստված  կադրեր, ուսանողներ, լինել-չլինելու առջեւ է կանգնած: Շատ հաճախ լսում ենք, որ կան գումարներ, որոնք տրամադրվում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, սակայն մենք դրա մեջ չկանք: Ճանապարհային ոստիկանության նախագծերի եւ օրինագծերի մշակման գործընթացում ԴՕՍԱԱՖ-ի մասնակցությունն  անմիջական է, սակայն մեր անունը չի հնչեցվում: Ինչեւէ, մենք փորձում ենք մեր ուժերով գոյատեւել, ստեղծել աշխատանքային միջավայր, համագործակցել ավտոմոդելային ֆեդերացիաների, ճանապարհային ոստիկանության, պաշտպանության բանակի հետ:
Ամեն դեպքում հուսով եմ, որ կառավարությունը շրջահայաց կգտնվի ու խորամանկ առաջարկները միամիտ համաձայնությամբ չի ընդունի:

ՍՈՒՍԱՆՆԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս