Երեք նախագահների հեռանալու դեպքում միայն Հայաստանը կզարգանա. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սասուն ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ինքը ևս կմիանա:

Իր դիրքորոշումը Ս. Միքայելյանը պայմանավորեց զուտ գործող իշխանություններից ազատվելու հրամայականով:

Դրա հետ միասին, Սասուն ջոկատի հրամանատարը կարծիք հայտնեց, որ Եռյակի ուժերից «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, կողմ արտահայտվելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ընդամենը Մոսկվայի «թագ» ստանալու խնդիր են ուզում լուծել:

«Իրենց արդեն չի հետաքրքրում` ուր է Հայաստանը գնում: Նրանք ուզում են թագաժառանգ դառնալ, էն որ ասում է` «корона российской империи», ո՞ւմ գլխին կդնեն ռուսական թագը, կմնա՞ Սերժ Սարգսյանի գլխին, թե՞ նրանցից որևէ մեկը կվերցնի: Ես տարբերություն չեմ տեսնում, որովհետև ես անկախության համար պայքարող մարտիկ եմ եղել, քաղաքացի, քաղբանտարկյալ, և այսօր ես մեծ վտանգ եմ տեսնում, որ մենք բռնել ենք այս ճանապարհը»,- նշեց հայտնի ազատամարտիկը:

Սասուն Միքայելյանի խոսքով, նշված ուժերը գնում են ոչ թե իշխանափոխության, այլ իշխանափոխանցման.«Դուք ԱԺ քննարկումների ժամանակ տեսաք, որ իրենք կողմ էին ԵՏՄ մտնելու նախագծին, այսինքն` իրենք բոլորը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ես ասել եմ` այս երեք նախագահները պետք է հեռանան: Եթե այս երեք նախագահները չհեռանան, այս երկիրը զարգացում չի ունենա: Քոչարյանը միշտ էլ կապ է ունեցել ու կունենա, և ես երբեք չեմ հավատացել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարբեր մարդիկ են»:

Նրա խոսքով, եթե Գագիկ Ծառուկյանի դեպքում գոնե իշխանափոխություն կլինի.«Այսօր այնպիսի իրավիճակ է, որ չարյաց փոքրագույնը պիտի ընտրես»:

Լրագրողի հարցին` ուրեմն կմիանա՞ք Եռյակին, Ս. Միքայելյանը պատասխանեց.«Եռյակն ո՞վ է: Հլը Եռյակը թող իրար կողքի կանգնի, նոր: Մեզ միշտ քննադատում, ասում են` ինչի՞ չեք գալիս: Գանք` ի՞նչ անենք: Մենք` ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», ասում ենք` եթե դուք պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք միանալու ենք»:

Տեսանյութը` A1plus.am-ի




Լրահոս