«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը:
Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկա: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրենը:
Այս ընկերությունը գործում է 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ է մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, դատարանների շենքերը:
Աշոտ Սարգսյանի կալանավորումից հետո նրա ընկերության աշխատակիցները սկսել են ազատվել աշխատանքից, քանի որ ընկերության հետագա ճակատագիրն անհայտ է: Աշխատակիցները չգիտեն, թե ով եւ որտեղից պետք է վճարի իրենց աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը փորձեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Աշոտ Սարգսյանի հարազատներից, սակայն վերջիններս հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ: