Ձյունը խանգարեց փայտ բերելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. սեպտեմբերի 18-ին Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղում Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի բազում բնակիչներ մոտ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը: Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը փակելու համար օգտագործել էին ավտոմեքենաներ:

Նրանք դժգոհում էին, որ «Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրինությունը փակել է գյուղերից դեպի անտառներ տանող ճանապարհը, եւ գյուղացիները հնարավորություն չունեն ձմռան վառելափայտ հայթայթելու: Լուծվե՞ց արդյոք Դիլիջան քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչներին ձմռան վառելափայտով ապահովելու հարցը: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մուրադյանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցին, ահա, թե ինչ պատասխան տվեց. «Հարցը մեծ չափով լուծվեց, սակայն խանգարեց տեղացած ձյունը, որի պատճառով անտառից փայտ բերելը դժվարացավ»: Ս. Մուրադյանի վկայությամբ՝ Դիլիջան քաղաքի, Գոշ, Հաղարծին, Թեղուտ եւ այլ գյուղերի բնակիչներին ազգային պարկի տարածքից հատկացվել է շուրջ 2.000 խորանարդ մետր անտառի թափուկ: Նրա խոսքերով՝ ձմռան վառելիքի կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիքի տրվել է 5-8 խորանարդ մետր թափուկ, խորանարդ մետրը՝ 4.800-5.400 դրամով:

Նշենք, որ ամեն խորանարդ մետր թափուկի համար ավելի քան 5.000 դրամ վճարելու, անտառի խորքերում թափուկ պատրաստելու եւ այն տեղափոխելու համար բնակիչները շատ գումարներ են ծախսել: Սահակ Մուրադյանն ասաց, որ իր պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում (նա պաշտոնավարում է սեպտեմբերի 3-ից) խստացվել է անտառի պահպանությունը, ազգային պարկի աշխատողները 164 ծառի ապօրինի հատման վերաբերյալ կազմել են 29 արձանագրություն:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը փակելու կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Քրեական գործը քննում է Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ այդ քրեական գործն առաջիկայում կկարճվի, քանի որ իմաստ չկա բողոքի ակցիայի մասնակից 500 հոգու նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել եւս, որ այդ մարդիկ ոչ թե հասարակության հանդեպ անհարգալից են վարվել, այլ նշված ակցիայով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս