ԻՍԿ ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ԳՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իրահկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը հերքեց՝ ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում: Սակայն, հաշվի առնելով 38-ամյա Միհրան Պողոսյանի շռնդալից կարիերան եւ միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, նման լուրերն ամենեւին էլ զարմանալի չեն: Եթե Միհրան Պողոսյանը 36 տարեկանում հասցրեց դառնալ արդարադատության գեներալ-մայոր, պետական հաստատություններում աշխատելով՝ դարձավ միլիոնատեր, ինչու պետք է հյուրանոցային համալիր չգնի: Նա 2000-ից մինչեւ 2007-ը եղել է սկզբում ՀՀ ԱԱԾ-ի, այնուհետեւ ԼՂՀ ԱԱԾ-ի օպեր-լիազոր: 2007-ին դարձել է ԴԱՀԿ պետի տեղակալ, 2008-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն է: 2007-ի աշնանը եւ 2008-ի տարեսկզբին, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը լարված էր, ու ԱԱԾ-ն ողջ թափով զբաղված էր ընդդիմադիր գործիչներին հետապնդելով, այդ գործում հատուկ դերակատարություն էին ունենում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» տաքսի ծառայության ավտոմեքենաները: Թերեւս հենց այդ հանգամանքի շնորհիվ գլխավոր հարկադիր կատարողի քեռուն` ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանին հաջողվեց իր զարմիկի համար նման շռնդալից կարիերա ապահովել:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համայնքային իշխանության վերնախավին հանձնարարել է՝ իրենց տարածքներում Ամանորի «գերատեսչական քեֆեր» կազմակերպել եւ, ըստ այդմ, պարզել, թե ովքեր են իշխանություններին հավատարիմ: Այլ կերպ ասած՝ Ամանորի «քեֆերը» յուրահատուկ «գույքագրման» իմաստ են ունենալու: Գործընթացն ամբողջական դարձնելու համար հանրապետության գրեթե բոլոր փոքր-ինչ խոշոր բնակավայրերում նախատեսվում է ամանորյա իշխանական քեֆեր կազմակերպել: Երեւանում քեֆերը կկազմակերպվեն ըստ վարչական շրջանների: Իշխանությունների քեֆային նախապատրաստությունները, թերեւս, այդքան ուշագրավ չլինեին, եթե դրանք չկազմակերպվեին պետական կամ համայնքային բյուջեների հաշվին: Այսինքն՝ նման ճոխությունների համար բյուջեում գումար կա, իսկ երբ խոսք է գնում սոցիալական, առողջապահական կամ որեւէ այլ խնդրի լուծման մասին, անմիջապես լսում ենք, թե գումար չկա, միջոցները սուղ են եւ այսպես շարունակ:

 

 

 
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը, ինչպես եւ սպասվում էր, անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց՝ երեկ մեկնարկած քառօրյայի օրակարգում արտահերթ ընդգրկվելու համար: Փաշինյանից բացի՝ նախագիծը ստորագրել են միայն պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի անուղղակի աջակցությունն է վայելում: Իսկ այն, որ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները երբեմն Սերժ Սարգսյանի հասցեին փիս-փիս բաներ են ասում, դե, գործ է, անում են: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախագիծը, որպես օրենսդրական նախաձեռնություն, շրջանառության մեջ է դնելու: Ուստի Սերժ Սարգսյանի պաշտպանների հոգեկան ապրումներն այսքանով չեն ավարտվի:

 

 

 

 
Երեւանի քաղաքապետարանն այս տարվա նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրով «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվին շուրջ 3 միլիոն դրամ է հատկացրել աղբամանների վերանորոգման համար: Նշված ընկերությունը, ինչպես հայտնի է, այն ձեռնարկությունն է, որից Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար գնում է մայրաքաղաքում տեղադրված նստարանները` հատը 165 հազար դրամով, իսկ աղբամանները` հատը 77 հազար դրամով: Այսինքն՝ բավական չէ, որ նման աստղաբաշխական գներով աղբամաններ է գնում, հետո էլ արտադրողին վճարում են դրանց վերանորոգման համար: Նշված պայմանագրի հրապարակված տարբերակից պարզ չէ, թե քանի աղբամանի վերանորոգման մասին է խոսքը: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանն ինչպես է վատնում համայնքի միջոցները, բացառված չէ՝ նշված երեք միլիոն դրամն էլ, ասենք, 10 կամ 20 աղբաման վերանորոգելու համար են վճարել, դե, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ ինչ կտան, կտան…

 

 
ՄԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Ուրբաթ օրը «Ժողովուրդ»-ը մի լուր հրապարակեց այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում, լուրը հրապարակելուց երկու օր առաջ փորձել էինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ճշտել՝ եղե՞լ է արդյոք նման հանդիպում, թե՞ ոչ: Նա երկու օր շարունակ չկարողացավ ճշտել՝ ի վերջո հայտնելով, թե չի հաջողվում որեւէ բան պարզել, ուստի կարող ենք հրապարակել լուրը: Իսկ Ծառուկյանի խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը:
Բայց երբ լուրը հրապարակվեց, Սողոմոնյանը «Երկիր»-ին հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանը վերջերս՝ առնվազն անցնող տարում, Ժնեւում չի եղել: Այս նախադասությունն առաջացնում է մի քանի բնական հարց՝ եթե պարոն Սողոմոնյանը հստակ գիտեր, որ Քոչարյանը մեկ տարի Ժնեւում չի եղել, ինչո՞ւ էր երկու օր շարունակ ինչ-որ ճշտումներ անում ու ձախողում դրանք: Ինչո՞ւ այդ մասին նա չասաց այն ժամանակ, երբ իրեն հարց էր ուղղվել: Բացի այդ, եթե Քոչարյանը Ժնեւում չի եղել, արդյո՞ք Շվեյցարիայի որեւէ այլ քաղաքում է հանդիպել Ծառուկյանին: Կամ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի անկախ տնօրենի կարգավիճակով ընդհանրապես վերջերս չի եղել Շվեյցարիայում:
Հուսանք՝ առաջին հարմար առիթի ժամանակ նա հարկ կհամարի պատասխանել այս հարցերին, բայց անկեղծորեն: Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ էր կողմերին այդքան անհարմարություն պատճառել հրապարակված լուրը: Արդյո՞ք մենք «դարի գաղտնիքն» էինք բացահայտել՝ գրելով, որ Ծառուկյանն ու Քոչարյանը հանդիպել են: Ի վերջո, որեւէ մեկի համար էլ այն նորություն չի կարող համարվել: Հատկապես հիմա, երբ Ծառուկյանը քաղաքական կոնսուլտացիաների շարք է սկսել եւ հանդիպում է ամենատարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչո՞ւ չպետք է զրուցեր նաեւ Քոչարյանի հետ:
Ի վերջո, երբ «Ժողովուրդ»-ը գրեց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, Ծառուկյանի աշխատասենյակի անկյուններում «մոմ պահողներից» մի քանիսը սկսեցին տքնաջան հերքել նաեւ այդ լուրը: Սակայն մեկ օր անց ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Զոհրաբյանն անձամբ հաստատեց, որ այո՛, Ծառուկյանն ու Սարգսյանը հանդիպել են:
Այսքանից հետո մնում է ընդամենն արձանագրել, որ երբ որեւէ տեղեկություն է հրապարակվում՝ շահագրգիռ կողմերի հետ արված համապատասխան ճշտումներով, ուրեմն լռե՛ք եւ համակերպվե՛ք իրականության հետ, որքան էլ որ այն դաժան լինի. մախաթը պարկում չես պահի. փոքր երկրում ենք ապրում, ամեն ինչ էլ իմացվում է: Պարզապես այսօր Հայաստանում ադեկվատ մարդկանց պակաս կա: Ընդ որում, այդ տեսակի պակասը կա ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իրենց քաղաքական մյուս հարթությունում պատկերացնողների շրջանում: Ցավոք:




Լրահոս