Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում անդրադարձել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած հայ-ռուսական բարեկաման ակումբի նիստին, որտեղ քննարկումներն ընթացել են ռուսերենով: Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես գրել է.
«Այսօր հերթական անգամ Ազգային ժողովում կոպտորեն խախտվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի պահանջը:
Ս/թ հունիսի 11-ի նմանօրինակ աղմկոտ դեպքից հետո կարծիք էի հայտնել, թե ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովին Հայաստանում «persona non grata» հայտարարելու հարցը:
Այսօրվա դեպքը ստիպում է խորհել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին «persona non grata» հայտարարելու մասին»:
Նշենք, որ այս հարցն այսօր բարձրացրել էին նաև լրագրողները, որին ի պատասխան՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե ընթանում է ոչ պաշտոնական բնույթ կրող հանդիպում և ժամանակ խնայելու առումով հարմար է աշխատել առանց թարգմանության: