ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգված է. գնալով սեղմվում է ՀՀ պետական սահմանը, բնականաբար, հօգուտ հարեւանների: Այս ամենը կատարվում է անկախ մեր կամքից, բայց՝ պատկան մարմինների լռության արդյունքում:
Տարիներ շարունակ, ի հաշիվ ՀՀ-ի, սեղմվել է հայ-վրացական սահմանը: Սա տեղի է ունեցել Լոռու մարզում անտառների հատման արդյունքում, եւ սահմանի գիծն անընդհատ ետ է մղվել: Ժամանակին այս հարցի վերաբերյալ լուրջ քննարկումներ եղան ԱԺ-ում: Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր հրապարակային ելույթներում ու հարցադրումներում բազմիցս էր բարձրաձայնել հայ-վրացական սահմանի հարցը: Նույնիսկ ՀՀ եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծվեց: Պարզվում է՝ այդ խնդիրը շարունակում է արդիական մնալ նաեւ այսօր, քանի դեռ հատում են անտառները:
Այս ամենին երեկ գումարվեց մեկ ուշագրավ տեղեկատվություն. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը հետաքրքիր բացահայտում էր արել՝ ահազանգելով հայ-թուրքական սահմանին տեղի ունեցողի մասին: «70-ականներից սկսած՝ ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի: Գիտեք, որ Արաքս գետը համարվում է մեր պետական սահմանը: Բայց վերջին տարիներին գետի հունն ընդլայնվել է՝ ի հաշիվ ՀՀ տարածքների: Թուրքերն էլ գետի հետեւից առաջ են գալիս: Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»,-ասել էր նա՝ խոսելով Արաքսի ափապաշտպան կառույցների վերականգնման աշխատանքների մասին:
Պարզվում է, սակայն, ՀՀ տարածքային ամբողջականությանը միայն Արաքսի ափապաշտպան կառույցները չէ, որ սպառնում են: Վերջին շրջանում ավելի լուրջ խնդիր են դարձել նաեւ հայ-թուրքական սահմանին գտնվող, հայերի կողմից շահագործվող ավազահանքերը: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանքերի անխնա շահագործման հետեւանքով Արաքս գետը փոխում է իր հունը՝ հետ մղելով սահմանային գիծը: «Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար: Երբ այդ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը»,-ահազանգեց պարոն Եղիազարյանը:
Ճիշտ է, սահմանի գիծը ետ է մղվում փոքր սանտիմետրերով, անզեն աչքի համար աննշան կերպով: Բայց դա, միեւնույն է, լուրջ խնդիր է, քանի որ տարիներ շարունակ երեւույթը զարգանում է, որին իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն: Ավելին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս խոստացել էին տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորը լինել: Մինչդեռ մեզանում տեղի է ունենում հակառակ երեւույթը. իշխանություններն այս հարցում մատը մատին չեն տալիս: Ու ավազահանքերը նման կերպով շահագործելն արգելելու փոխարեն պատկան մարմինները, նույն ԱԱԾ-ն, որը ԶՈՒ հետ միասին պարտավոր է պաշտպանել ՀՀ սահմանը, այլ գործառույթներ են իրականացնում. այսօր զբաղված են այլ գործով՝ հետեւել ու գաղտնալսել ընդդիմադիր գործիչներին, անցանկալի քաղաքական ուժերի դեմ քրեական գործեր սարքել եւ այսպես շարունակ:
ՀՀ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը պնդում է, որ կատարվածի համար պատասխանատու են իշխանությունները: «Գուցե արջի եւ մեղրի պատմությունը ստացվի, բայց ես պետք է կրկնեմ՝ եթե ՀՀ-ում նորմալ ընտրություններ անցկացվեն, նորմալ իշխանություն ձեւավորվի, ապա հնարավոր կլինի պայքարել այդ երեւույթների դեմ: Պարզապես հարկավոր է նորմալ երկիր ունենալ, պարզապես հարկավոր է, որ ՀՀ քաղաքացին գնա, իր խղճով ընտրություն կատարի, այլ ոչ թե մեկ միլիոն մարդու կաշառք բաժանեն, այդպես իշխանությունը գնեն»,-ասաց պարոն Եղիազարյանը:
Մեկնաբանությունների համար երեկ փորձեցինք դիմել նաեւ ԱԱԾ լրատվական ծառայություն, սակայն այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս