ԵՏՄ լիարժեք անդամ դառնալուց հետո խնդիրներ չեն լինի արտահանման ոլորտում: Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ԵՏՄ անդամակցությունն ինչ կտա հասարակ քաղաքացուն, նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող բոլոր ռեսուրսները` պարարտանյութերը, գյուղտեխնիկան, թունաքիմիկատները ձեռք են բերվելու ավելի ցածր գնով, որովհետև մաքսային հարկեր արդեն չեն լինելու:
«Այո, ճիշտ եք ասում, որ հասարակ գյուղացին դրա տարբերությունը այդքան էլ չի զգալու: Դրա համար էլ մենք սկսել ենք կոոպերացիաների խնդիրը լուծել: Արդեն ունենք 150 կոոպերատիվներ, որտեղ գյուղացիական տնտեսությունները միասնական աշխատանք են կազմակերպում: Ամբողջ հանրապետությունով մեկ կոոպերատիվներ ձևավորելը դժվարին գործընթաց է, բայց այդ խնդիրը պետք է լուծվի»,- ընդգծեց նա:
Նախարարի խոսքով, ԵՏՄ մտնելուց հետո պետք է առավել շատ ուշադրություն դարձնել գյուղմթերքի որակին ու անվտանգությանը, քանի որ հայկական ապրանքը պետք է մրցունակ դառնա ԵՏՄ շուկայում:
«ԵՏՄ շուկան մեզ համար ամենամեծ շուկան է, հեշտ ենք հարաբերվում: Մենք բավական հաջողություններ ենք ունենալու այդ շուկայում, և համոզված եմ, որ գյուղմթերքի արտադրության ծավալները եկող տարի կմեծացնենք»,- նշեց նա: