ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՈՒՀԱՍ Է ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորից ստացած ժառանգությունը դարձել է «կռվախնձոր» հարազատ եղբայրների եւ քրոջ միջեւ: Դատարանները հակասական որոշումներ են կայացնում, որոնք շահագրգիռ կողմերից որեւէ մեկին չեն գոհացնում:   
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Վարուժան Դավթյանը վրդովված էր, քանի որ բազմիցս դիմել է ՀՀ ոստիկանություն, որպեսզի քրեական գործ հարուցվի մի խումբ մարդկանց նկատմամբ, որոնք «խարդախությամբ ու փաստաթղթերի կեղծման միջոցով իրեն զրկել են ժառանգության իրավունքից»: Վ. Դավթյանն ասում է, որ համամիտ չէ քրեական գործի հարուցման մերժման որոշման հետ, քանի որ, ըստ նրա, դա կայացվել է «ներկայացված նյութերի առանց օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի հետազոտման»:
Քաղաքացին գտնում է, որ իր եղբայրը՝ Մերուժան Դավթյանը, քույրը՝ Սիրուն Գյուլբուդաղյանը, եւ Կենտրոն թաղապետարանի աշխատակից  Առնակ  Արսենյանը, հանցավոր համաձայնության գալով, զրկել են կտակով իրեն տրված Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի 25 հասցեի թիվ 10՝ 2-սենյականոց բնակարանից: Դավթյանը փաստում է, որ 1928թ-ին հայրը՝ Սաղաթել Դավթյանը, «Արարատ» տրեստի կողմից կոոպերատիվ հիմունքներով ձեռք է բերել նշված հասցեի բնակարանը: Շենքը սկզբից եղել է երկհարկանի, ապա՝ 1941թ.-ին, կառուցվել է եւս 2 հարկ: 1967-68թթ.-ին  կոոպերատիվ շենքն առանց Մինիստրների խորհրդի համապատասխան որոշման ընդգրկվել է շրջխորհրդի ֆոնդում, ստացել պետական կարգավիճակ՝ դրանով խախտելով շենքի փայատերերի սեփականության իրավունքները:
 Հոր մահից հետո, ինչպես տեղեկացնում է Դավթյանը, բնակարանը ձեւակերպվել է մոր անունով, իսկ նրա մահից հետո՝ 1992թ.-ին, բնակարանի վարձակալ է դարձել   եղբայրը՝ Մերուժանը: Այնուհետեւ վերջինս Մյասնիկյանի շրջխորհրդում 1995թ. թիվ 4/25 որոշմամբ բնակարանը սեփականաշնորհել է իր անվամբ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով գործի մանրամասները, գտել է, որ բնակարանին պետական կարգավիճակ տալը, սեփականաշնորհման գործընթացը կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային կոոպերատիվի անդամը եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք  լուծել են իրենց փայավճարը, ձեռք են բերում  սեփականության իրավունք: Ուստի, ելնելով վերոնշյալից, Դավթյանի հոր մահվան ժամանակ՝ 1952թ.-ին, գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 45 հոդվածի համաձայն՝  ժառանգությունն ընդունված է համարվել, եթե ժառանգը բնակվել է նույն բնակարանում եւ չի հրաժարվել ժառանգությունից: 1965թ.-ին նշված օրենքի մեջ  փոփոխություն է կատարվել, եւ նույն օրենքի 122 հոդվածի համաձայն՝  ժառանգությունն ընդունված է համարվել, եթե ժառանգը փաստացի տիրապետել է ժառանգական գույքին: Փաստորեն, ելնելով վերոշարադրյալից՝ օրենքով սահմանված կարգով Վարուժան Դավթյանը համարվում է նշված բնակարանի ժառանգորդ:
Վ. Դավթյանն ասում է, որ «այս ամենը մի կողմ դնելով»` չի հաշտվում մոր կողմից գրված կտակի անհետացման հետ. «Մայրս բնակվում էր կրտսեր եղբորս՝ Մերուժանի հետ: Մեռնելուց առաջ մայրս կանչեց ինձ ու քրոջս, եղբորս ներկայությամբ ցույց տվեց կտակը: Ասաց, որ երեք զավակներին է թողնում իր բնակարանը եւ նկուղը: Մորս մահից հետո կտակն անհետացավ: Սկզբից քույրս եղբորիցս պահանջեց կտակը, հետո ինչ-որ մութ համաձայնության եկան, ու նա լռեց: Ես էլ արդեն քանի տարի է` պայքարում եմ, բայց արդյունք չկա»:
Այսպիսով՝ զավակները ծնողներից մնացած գույքը բաժան-բաժան անելու նպատակով 19 տարի է՝ դատական այս ատյանից տեղափոխվում են այն ատյան, ապա կրկին վերադառնում նույն դատարան: 1993թ.-ին Սիրուն Գյուլբուդաղյանը բնակարանից մասնաբաժին ունենալու նպատակով դիմել է Մյասնիկյան շրջանի ժողդատարան, մերժվել, այնուհետեւ բողոքարկել ՀՀ գերագույն դատարան, սակայն կրկին մերժվել է: 2007-ին Վ. Դավթյանը ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Բացի այդ, 2006թ.-ին, 2008թ.-ին, 2010թ.-ին կրկին տարբեր դատարաններում քննվել է «ժառանգության բաժանման գործը», եւ կայացվել են համարժեք վճիռներ: Արդյունքները, սակայն,   չեն գոհացնում կողմերին:  Վ. Դավթյանն ասում  է, որ քանի դեռ եղբայրն իր եւ քրոջ հետ համաձայնության չի գալիս ու չի վերադարձնում իրենց մասնաբաժինը, իրենք չեն դադարելու դատարաններում արդարություն փնտրել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս