Ինչպես հայտնի է՝ Հայաստանի երբեմնի հզոր ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շաբաթներ առաջ սնանկ ճանաչվեց: Արդեն հրապարակվել է, թե «Արմավիա»-ն ում որքան գումար է պարտք: Պարզվում է` ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների, բանկերի եւ այլն: Ի դեպ, պարտատերերի ցանկում տեղ են գտել նաեւ ռուսական ընկերություններ: Այսպիսով՝ «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է:
90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին «Հայխնայբանկի» հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը եւ այսպես շարունակ: Վերջին երեք տարում, սակայն, նրա ընկերությունները մեկը մյուսի ետեւից սկսեցին սնանկանալ, եւ այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել:
Դատավոր Կատվալյանի` «Արմավիային» սնանկ ճանաչելու մասին վճռի համաձայն՝ ավիաընկերությունը «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պարտք է 38 միլիոն 378 հազար դոլար:
Երբ հայտնի դարձավ, որ «Արմավիա»-ն ցանկանում է սնանկացման գործընթաց սկսել, Բաղդասարովի ընկերությանը սկսեցին մեկը մյուսի ետեւից դատի տալ: Օրինակ՝ ՎՏԲ բանկը 10 միլիոն դոլարի հայց էր ներկայացրել «Արմավիա»-ի եւ 12 միլիոն դոլար «Միկա լիմիթեդի» դեմ: Ավելին՝ «Արմավիա»-ին դատի էր տվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, քանի որ օդի հարկի 10 հազար դրամ գանձումները կատարվել, սակայն բյուջե չէին փոխանցվել: Նման դատական գործերի շարքը կարելի է շարունակել անվերջ: Իսկ մինչ այդ ներկայացնենք «Արմավիա»-ի պարտատերերից մի քանիսին:
Այսպիսով՝ պարտատերերի ցանկի առաջին տեղերում տեղ են գտել «Յունիբանկ» ՓԲԸ-ն, որին «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է մոտ 6 մլն 700 դոլարին համարժեք դրամ, եւ որը ապահովված է երրորդ կողմի երաշխավորությամբ: «Արմավիա»-ն պարտք է նաեւ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ին, այն կազմում է 680 մլն 258 հազար 591 դրամ, որը նույնպես ապահովված է երրորդ կողմի երաշխավորությամբ: Իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին ավիաընկերությունը պարտք է 1 մլն 250 հազար 244 դոլարին համարժեք դրամ, որը ապահովված է գրավով: Պարտատերերի ցանկում տեղ է գտել նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որին «Արմավիա»-ն պարտք է 10 մլն 427 հազար 224 դոլարին եւ 17.835.02 եվրոյին համարժեք դրամ:
Բացի բանկերին ունեցած պարտքերից՝ «Արմավիա»-ն պարտք է նաեւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ 12 մլն 758 հազար 185 դրամ, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոն հարկային տեսչությանը՝ 31 մլրդ 357 մլն 10 հազար 267 դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 2 մլն 9 հազար 797 դոլարին համարժեք դրամ, «Կարկոմավտո» ՍՊԸ-ին՝ 22 մլն 976 հազար 170 դրամ, ՀՀ ՔԱԳՎ «Ավիաբուժակ» ԲԿ ՓԲԸ-ին` 3 մլն 275 հազար 600 դրամ:
Նշված ընկերություններից բացի՝ «Արմավիա»-ն պարտք է նաեւ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին՝ 342 մլն 682 հազար 399 դրամ, «Արդշինինվեստբանկ»-ին՝ 116 հազար 659 դոլարին համարժեք դրամ, «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն ՓԲԸ-ին՝ 108 մլն 209 հազար 859 դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ 791 հազար 825 դրամ, «Զվարթնոց Հոլդինգ» ՓԲԸ-ին՝ 955 հազար 540 դոլարին համարժեք դրամ, «ՓԻ ՓԻ ԷՖ ԲԱՆԿԱ ԷՅ.ԷՍ» ընկերությանը՝ 18 մլն 520 հազար 806 դոլարին համարժեք դրամ, «Ինթերնեյշնլ Էիր Թրանսփորթ Ասոսիեյշն»-ին` 2 մլն 45 հազար 744 դոլարին համարժեք դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ին՝ 10 մլն 604 հազար 546 դրամ, 40 հազար 183 դոլարին եւ 3 մլն 580 հազար 17 եվրոյին համարժեք դրամ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի նախկին ավիափոխադրողը մոտ 178 հազար դոլար պարտք է ՌԴ ավիացիայի դաշնային գործակալությանը՝ «Ռոսավիացիա»-ին, մոտ 1,5 մլն դոլար` «Վնուկովո» օդանավակայանին եւ 29 հազար դոլար՝ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին: Թեեւ նշված ընկերությունները չկան «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթում ընդգրկված «Արմավիա»-ի պարտատերերի ցանկում, սակայն այստեղ էլ կան ռուսական ընկերություններ: Դրանցից են «Ուրալական Ավիաուղիներ» ԱԸ ԲԲԸ-ն, որին «Արմավիա»-ն պարտք է 43 հազար 214 եվրոյին համարժեք դրամ, «Աէրոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներ» ՓԲԸ-ն՝ 740 հազար դրամ եւ 90 հազար 147 դոլարին համարժեք դրամ, «Դոմոդեդովո օդանավակայանի առեւտրային գործակալություն» ՓԲԸ-ն՝ 190 հազար 165 դոլարին եւ 1 մլն 514 հազար 638 եվրոյին համարժեք դրամ:
«Արմավիա»-ն պարտք է նաեւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին՝ 28 մլն 053 հազար 487 դրամ, 792 հազար 14 դոլարին համարժեք դրամ: Նշենք, որ «Միկա Քորփորեյշն» ընկերությունը նույնպես պատկանում է Բաղդասարովին:
Իսկ թե ինչպես է Բաղդասարովը վճարելու իր կուտակած պարտքերը, մնում է անհայտ: Նկատենք, որ գործարարը պարտք է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ պետությանը, որի ներկայացուցիչները, ի դեմս գործող կառավարության, առանձնապես ջանադրաբար չեն փորձում ետ ստանալ պետական գումարները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՆ
Շուրջ մեկ տարի շարունակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի` Անուշավան Մանուչարյանի դեմ կրակոցների գործը, որը երեկ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: ՀՀԿ-ական փեսայի դեմ կրակոցներ արձակած անձինք դատապարտվեցին 6 տարի ազատազրկման:
Դեռեւս 2013թ. մայիսի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, ով Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, այցելության էր գնացել իր եղբոր տուն: Նրա հետ էր եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին` Անուշավան Մանուչարյանը: Տղաները բակում կանգնած էին եղել, երբ նրանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ: Ուշագրավ է, որ կրակոցներից հետո էլ, չնայած քաղաքապետի որդին փախել էր, կրակողներից մեկը հետապնդել էր Անուշավան Մանուչարյանին մինչեւ այն պահը, երբ վերջինս մտել էր շենքի շքամուտք:
Ինչպես հետագայում պարզվել էր` կրակոցների հեղինակներն էին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը: Դեռեւս այն ժամանակ շատերին զարմանալի էր թվացել, թե որն է պատճառը, որ կրակողը մինչեւ վերջ հետապնդել էր քաղաքապետի որդուն եւ ամեն գնով ցանկացել սպանել, եթե, ինչպես փորձում էին վստահեցնել Բերդի քաղաքապետն ու ՀՀԿ խմբակցության քարտուղարը, կատարվածը շփոթմունք է եղել: Մի՞թե շփոթմունքն այդքան «հաստատուն» է եղել, որ հարձակվողներն իրենց «թիրախին» հետապնդել են ընդհուպ մինչեւ շքամուտք:
Շուրջ 1,5 տարի տեւած քննությունից հետո երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պարզեց, որ տղաների միջեւ տարաձայնությունն առաջացել է ճանապարհը չզիջելու շուրջ, որն ուղեկցվել է միմյանց նկատմամբ հայհոյանքներով: Արդյունքում՝ տղաները «ռազբորկան» լուծելու համար հանդիպել են, ինչն էլ հանգեցրել է կրակոցների: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը ու Բերդի քաղաքապետը համառորեն պնդում էին, թե կատարվածը շփոթմունքի հետեւանք է: Ինչեւէ, դատարանը Բեգլար Հովհաննիսյանին ու Հրանտ Հարությունյանին ՀՀ քր. օր. 258 հոդված 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, դատապարտեց 6 տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանտ Հարությունյանի եւ Բեգլար Հովհաննիսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե դատաքննությամբ ապացուցվեց, որ որեւէ մեկը որեւէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾՈՎԱԿԻ ԱՆՏԱՌԱՊԵՏՆ ՈՒ ԿՐԱԿՈՑԸ
Այս տարվա մարտին Ծովակ համայնքում ազգականների միջեւ վիճաբանությունը ավարտվել էր կրակոցներով: Վեճի կիզակետում համայնքի ղեկավարի ազգականներն էին ու գյուղի անտառապետը, որը 10 ամիս կալանքի տակ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում կրակոցներ էին հնչել: Ծովակի անտառապետ Մխիթար Հարությունյանը վիճաբանել էր Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբոր որդու հետ, որը նաեւ անտառապետի հեռավոր ազգականն է: Պարզվել էր, որ գյուղապետի ազգականը սեփական տրակտոր ունի եւ գյուղում ծառայություններ է մատուցում՝ գյուղացիների գյուղմթերքը տեղափոխելով: Անտառապետ Մխիթար Հարությունյանն էլ իր տրակտորներն ուներ, ուստի իր գործին «խփող» հեռավոր բարեկամին փորձել էր ճնշել, որպեսզի միայն իր տրակտորները գյուղում ծառայություն մատուցեն: Արդյունքում գյուղապետի ազգականը տրակտորի «կովշով» հարվածել էր անտառապետի եղբորը: Մխիթարն էլ, իմանալով դեպքի մասին, բարկացել էր ու AK 47 տեսակի զենքով կրակել գյուղապետի ազգականի տրակտորի վրա: Գյուղապետ Գարիկ Հակոբյանի վախեցած ազգականը փախել էր, իսկ անտառապետը կրակոցի համար կալանավորվել էր:
Նշենք, որ Մխիթար Հարությունյանն էլ իր հերթին Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբոր որդին է: Ասել է թե՝ մի տրակտորի համար բարեկամներով իրար դեմ են դուրս եկել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանության հանցափորձ) եւ 235 (ապօրինի զենք կրելը) հոդվածների հատկանիշներով: Եվ, ահա, այս դեպքից 10 ամիս անց անտառապետը օրեր առաջ ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անտառապետն ասաց, որ իրեն ազատ են արձակել, քանի որ հանդիպել են բոլոր կողմերի հետ եւ հասկացել են միմյանց. «Մենք միշտ էլ հաշտ ենք եղել, ամեն ինչն էլ նորմալ էր: Ուղղակի մի քիչ ճշտելու բան կար, էդ կրակոցից ոչ մեկ չէր տուժել: Ուղղակի ինչ-որ մեկը թյուրիմացությամբ ինչ-որ բան էր ասել, էդպես էլ եղավ»: