Armlur.am -ի տեղեկություններով՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գործող տոնավաճառի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:
Մեր խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ տոնավաճառի սեփականատերը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն աշխատակիցների միջոցով իրենց հայտնել է, որ այսուհետ վաճառքի կետերի համար գանձվող գումարն ավելանում է:
«Մենք գնացել ենք, փորձել ենք տնօրենի հետ հանդիպել, հարցնել, թե ինչու են թանկացնում: Առանց էտ էլ բետոնի վրա ենք կանգնում, վատ պայմաններում ենք աշխատում: Մենակ շաբաթ-կիրակի ենք կանգնում: Ինչի՞ են մեզ հետ սենց վարվում:
Թույլ չեն տալիս հանդիպել Աշոտ Աղաբաբյանի հետ՝ պատճառաբանելով, թե նա այստեղ չէ»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:
Այս պահի դրությամբ աշխատողների մեծ մասը փակում է խանութները. նրանք չեն ցանկանում շարունակել աշխատել այս պայմաններում:
Նշենք, որ տոնավաճառի աշխատակիցների տեղեկացմամբ՝ հունվար ամսվա վերջին լրանում է նրանց հին պայմանագրի ժամկետը, և նոր պայմանագիրն արդեն առաջարկվում է իրենց համար ոչ ձեռնտու պայմաններով: