Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված գյումրեցիների նախաձեռնություններն ու պահանջները:
Բանախոսի փոխանցմամբ` ողջ Գյումրիի պահանջն է հանցանք իրականացրած անձին հայ իրավապահներին հանձնելը: Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանանի` այսօրվա ասուլիսի ընթացքում տված մեկնաբանություններին՝ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, թե իրենց «Գևորգ Կոստանյանի լյալյաները պետք չեն»:
«Սկսում է պատմել, որ հայ իրավապահները մասնակցություն ունեն քննչական գործողություններին. սա հանրության և մեր պահանջը չէ: Մեր պահանջն այն է, որ մեղադրյալը պետք է հանձնվի մեր իրավապահ համակարգին, մերոնք պետք է կայացնեն կալանքի որոշումը, մեր կալանավայրում պետք է պահվի, պիտի դատվի և պատիժ կրի Հայաստանում: Սրանք պահանջներ են, որոնք ներկայացվել են հանրահավաքի ժամանակ»,- ասաց Լևոն Բարսեղյանը` հավելելով, որ Գևորգ Կոստանյանն ընդամենը վերահաստատել է իր երեկվա հայտարարությունը:
Լ. Բարսեղյանը հայտնեց նաև, որ այսօր՝ ժամը 17:00-ին, գյումրեցիները հավաքվելու են Շիրակի մարզի դատախազության դիմաց` իրենց պահանջի պատասխանը ստանալու համար: Եթե չստանան այդ պատասխանը, որևէ մեկը չի կարող պատկերացնել` ինչ է տեղի ունենալու դրանից հետո:
«Մենք խեղճ տղեք չենք և ռուսական լոբբիստների հետ խոսելու մեր ձևերն ունենք: Գևորգ Կոստանյանի՝ նախորդ օրվա հայտարարությունը բոլորին է զայրացրել: Եթե ՀՀ իշխանությունները չկարողանան գործը բերել իրենց տիրույթ, սարսափելի է պատկերացնել` ինչ է լինելու: Իսկ երեկ ռազմաբազայի վրա հարձակվելը եղել է բաց քվեարկությամբ:
Սակայն տեղի ունեցավ ոչ թե հարձակում, այլ հանրահավաքն այնտեղ շարունակվեց: Անձամբ ինձ Կոստանյանի մեկնաբանությունը չի բավարարում: Այդ պատասխանի բովանդակությունը կրկնող հայտարարությունը երեկ եղավ 16:30-ին: Ռուսական իրավապահները մնում են այս գործով որպես գլխավոր կատարող, իսկ հայկական կողմը` կոֆե տանող-բերող»,- շարունակեց Լևոն Բարսեղյանը` միաժամանակ նշելով, որ իրենք չեն ասում` հանցագործին տվեք հանրության ձեռքը: «Մի հասարակ բան է պետք երեկվա և այսօրվա ցուցարարներին` գործը քննել այստեղ»: