Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննակվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր. անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ողբերգական դեպքերին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գյումրիի դեպքը ողբերգույթուն է բոլորիս համար: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ զգացմունքային քայլերը, հուզականության բարձրացումը օգուտ կտան պրոցեսին: Ամեն ինչ պետք է արվի, որ հանցագործը, ստահակը պատժվի օրենքի ողջ խստությամբ, մնացած խնդիրներն իրավական են: Խնդիրն իրավական է և ցանկացած քաղաքական գնահատական չի բխում մեր շահերից», – ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովն առաջին հերթին դրական համարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ այսօր վարած գործունեությունը, երբ վերջինս կարողացավ լսել բոլորին և բացատրել ամեն ինչ:
«Ովքեր կփորձեն այս ամենից քաղաքական դիվիդենտներ շահել, նրանք լավ բան չեն անում: Ես որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ համարում եմ, որ ռուսական ռազմաբազայի լինել-չլինելու հարցը բարձրացնելն արհեստական է և և շինծու: Տականքն ազգություն չի ճանաչում, Հունանյան եղբայրներն ինչ ազգի էի՞ն», – նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներ: Որպես մեղադրյալ ներգրավվել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: