«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Նախորդ անգամ, որ իջա, դուք մի կարեւոր պահանջ դրեցիք՝ արդյոք ես դիմելո՞ւ եմ Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որ հարուցված քրեական գործը եւ անձը ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ: Ես հիմա որպես գլխավոր դատախազ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազություն»,- երեկ երեկոյան Գյումրիում, Շիրակի մարզի դատախազության շենքի առաջ հավաքված հազարավոր ցուցարարների առաջ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ:
Գլխավոր դատախազի այդ հայտարարությունը ցուցարարներից շատերն ընդունեցին ծափահարություններով:
Երբ «հիմա, հիմա» վանկարկումներ ու նաեւ թերահավատ բացականչություններ հնչեցին, Գ.Կոստանյանը երկրորդեց. «Ես տղամարդու պես ձեզ խոստացա ու դիմելու եմ»:
Նա բացատրեց, որ նախ պետք է սպասել Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքին, որոնք հենց այդ պահին, ըստ գլխավոր դատախազի, գտնվում էին ռուսական ռազմակայանում, որտեղ քննչական գործողություններ էին իրականացնում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների կոտորածի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վ.Պերմյակովի նկատմամբ:
Իսկ հավաքվածների պահանջը, ըստ էության ձեւակերպվել էր դեռ նախօրեին ու երեկ մեկ անգամ եւս հնչեցվեց: Պահանջը միանգամայն պարզ է. դաժանագույն սպանությունների համար մեղադրվող Վալերի Պերմյակովը, որ այժմ գտնվում է ՌԴ թիվ 102 ռազմակայանի կալանատանը, հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, կանգնի Հայաստանի դատարանի առաջ եւ պատիժը կրի Հայաստանում:
Ինչպես երեկ առավոտյան տեղի ունեցած ավելի քան մեկ ժամ տեւած ասուլիսի ժամանակ, այնպես էլ մարզային դատախազության շենքի մոտ հավաքված բազմությանը դիմելով՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ոճրագործը քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում։ Դա, ըստ էության, չի գոհացնում ինչպես գյումրեցիներին, այնպես էլ հասարակության մեծամասնությանն առհասարակ, քանզի հասկանալի է, որ «Հայաստանի տարածք» ասելը դեռ չի նշանակում որ հենց հայրենի իրավապահ մարմիններն են գործը քննելու, իսկ մեղավորը (կամ մեղավորները) կանգնելու է մեր դատարանի առաջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: