Հայաստանում գործող բանկերից շատերը վերջին շրջանում խուսափում են ապառիկ գործարքներ իրականացնել: Այդ են վկայում նաև տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների տրամադրած տվյալները:
Մասնավորապես, «Արայ» ընկերության մարքեթինգի բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ վերջին ամիսների ապառիկ գործարքների քանակի հստակ վիճակագրություն այս պահին չունեն:
Աշխատակիցը, սակայն, նշեց, որ վաճառքի ծավալները նվազման միտում իսկապես ունեն, և իրենց հետ համագործակցող բանկերից շատերը սկսել են հաճախ մերժել հաճախորդներին, պակասել են վարկային հայտերի հաստատման դեպքերը: Նա շեշտեց, որ իրենք շարունակում են համագործակցել մինչ այժմ իրենց հետ գործարք իրականացնող բոլոր բանկերի հետ:
Նշենք, որ «Արայ» ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ՝ «Ինեկոբանկ», «Յունիբանկ», «Արցախբանկ», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ». «VTB» բանկ և այլն:
Armlur.am-ը զրուցեց նաև «Վեստա» ընկերության ապառիկի բաժնի աշխատակցի հետ, ով նշեց, որ իրենք համագործակցում են երեք բանկի հետ, և նույնպես ընդգծեց, որ ապառիկի տրամադրման հաճախականության նվազման միտում է նկատվում: Նա նշեց, որ իրենց հետ համագործակցող բանկերից ապառիկ ավելի քիչ են սկսել տրամադրել «Ինեկոբանկ»-ը, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի հետ որևէ խնդիր չկա:
Բնական է, որ արտարժույթի կուրսի փոփոխությունների հետ կապված՝ բանկերը սկսել են խուսափել վարկեր տրամադրելուց, ինչն էլ ավելի է փոքրացրել տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների շրջանառությունը: Խնդիրը, թերևս, կարող է միայն կարգավորվել դրամի կայունացմանը զուգընթաց: