Ստորև ներկայացնում ենք Արցախի ազատամարտիկների միության հայտարարությունը.
«Արցախի ազատամարտիկների միության անդամները, գիտակցելով աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մեր երկու հայկական հանրապետությունների առանձնահատուկ վիճակը, դատապարտում են Հայաստանում ձևավորված, այսպես կոչված, «Հիմնադիր խորհրդարանի» կողմից Արցախում առաջիկայում իրականացվելիք հակաիրավական և անհեռանկար գործընթացները ու միաժամանակ արդարացիորեն կիսում և պաշտպանում ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը, որ կիսապատերազմական վիճակում գտնվող և չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ հետ նրա ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախցիների դրսևորած հավատի ու վստահության վրա:
Մենք համոզված և լիահավատ ենք, որ ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը ոչ միայն անընդունելի և զրպարտելի են Արցախյան ազատամարտի մասնակիցների, այլև հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար:
Ելնելով այս իրողությունից, Արցախի ազատամարտիկների միությունը անընդունելի և անթույլատրելի է համարում, այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից հունվարի 31-ին «Դեպի Արցախ» կազմակերպվելիք «Մեծ ավտոերթը» և հավաստիացնում է, որ չենք թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովուրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»
Արցախի ազատամարտիկների միության վարչություն,
Ստեփանակերտ