«Հայոց արծիվներ» հասարակական հայրենասիրական կազմակերպության (ՀՀԿ) Արմավիրի մարզային կառույցի նախկին ղեկավար Դավիթ Կիրակոսյանը 2011-ի մայիսից մինչ օրս շարունակում է կալանավորված մնալ: Համաձայն քննության վարկածի՝ նա մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 210 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ, որը ցավազրկող հատկություն ունի, սակայն Հայաստանում գրանցված չէ:
2011-ի մայիսի 2-ին Դավիթ Կիրակոսյանի եղբայրը՝ Վարդան Գրիգորյանը, Ֆրանսիայից ծանրոց է ուղարկել հորաքրոջ որդու` Սպարտակ Մխիթարյանի անունով, ինչը ստուգելու ժամանակ հայտնաբերվել է, որ այնտեղ կան «Սուբոտեքս» տեսակի դեղահաբեր: Քանի որ ծանրոցը Սպարտակի անունով է եղել, «Հայփոստ»-ում Սպարտակից ու Դավիթից բացատրություն են վերցրել, ապա նաեւ նրանց անձնագրերը եւ բաց թողել: Իսկ մայիսի 10-ին «Հայփոստ»-ից զանգահարել են ու տեղեկացրել, թե կարող են գալ ծանրոցի հետեւից: Բարեկամները դարձյալ երկուսով գնացել են «պասիլկայի» հետեւից, որտեղ ոստիկաններն անմիջապես ձերբակալել են նրանց:
Քանի որ Սպարտակը հոգեկան խնդիրներ է ունեցել, հենց ձերբակալման ժամանակ առողջությունը կտրուկ վատացել է: Նա հաջորդ օրը գլուխն ազատելու համար ցուցմունքներ է տվել, թե Դավիթն իմացել է, որ ալկոհոլիզմի դեմ դեղեր են ուղարկվել, պարզապես հարկ չի համարել տեղեկացնել իրեն: Դրա համար էլ ինքն իրեն թույլ է տալիս նման ցուցմունք տալ:
Իսկ ինչպե՞ս են այդ չարաբաստիկ դեղահաբերը հայտնվել ծանրոցում: Ըստ մեղադրվող կողմի՝ Դավիթի եղբորը՝ Վարդան Գրիգորյանին, Ֆրանսիայի Բորդո քաղաք արտագաղթած Վարդան Ալեքսանյանը խնդրել է իր դեղահաբերը ծանրոցով ուղարկել Հայաստան: Վ. Գրիգորյանն էլ չի մերժել: Ավելին, դատարանում առկա են Ֆրանսիայում գտնվող Վ. Գրիգորյանի եւ Վարդան Ալեքսանյանի նոտարական վավերացմամբ ուղարկված ցուցմունքները, ըստ որոնց. «Ծանրոցի դեղերն ուղարկել է անձամբ Վարդան Ալեքսանյանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց ապրում է Ֆրանսիայի Բորդո քաղաքում: Նա խնդրել է «Սուբոտեքս» տեսակի դեղահաբերը ուղարկել Գյումրիում բնակվող իր հարազատներին»: Ցուցմունքում նշված է նաեւ դեղահաբերի ծագումնաբանությունը. Ալեքսանյանը բուժվում է հոգեբույժի մոտ եւ ստանում է նույն «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ:
Սակայն անգամ այս բացատրությունները հայրենի իրավապահների համար համոզիչ չեն եղել: Նրանք շարունակում են մեղավոր պատկերացնել ոչ թե դեղ ուղարկողին կամ անմիջական ստացողին, այլ ուղարկողի եղբորը, որը կյանքում մի անգամ է դեղահաբով լի ծանրոց ստացել ու «ընկել փորձանքի մեջ»: Եւ քանի որ Հայաստանի իրավապահների համար դժվար է Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացու նկատմամբ քրգործ հարուցելը, «ստիպված են» բավարարվել ստացողին կալանավորելով, որպեսզի «թմրամոլության դեմ պայքար» օպերացիայի շրջանակում հնարավորինս շատ գործեր «ցույց տան»:
Դավիթ Կիրակոսյանի փաստաբանի տեղեկացմամբ՝ դատարանում հարցաքննվել է նաեւ Վ. Ալեքսանյանի հայրը՝ հայտարարելով, որ իսկապես իր տղան է ուղարկել «Սուբոտեքս» տեսակի դեղահաբերը, քանի որ Ֆրանսիայում բուժվում է այդ դեղով եւ տանն ավելցուկ է ունեցել:
Այս խճճված պատմության մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանի հետ, որն ասաց, թե անձամբ չի հավատում, որ Դավիթ Կիրակոսյանն ընդունակ է թմրամոլության կամ թմրադեղերի մաքսանենգությամբ զբաղվելու: «Բայց իմ վստահությունը թողել եմ իրավապահ մարմիններին: Ես սպասում եմ վերջնական դատավճռին»,-նշեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ «Հայոց արծիվներ»-ի Արմավիրի մարզային կառույցը ղեկավարում է Դավիթ Կիրակոսյանի կինը` Կարինե Հարությունյանը, որն ամուսնու ձերբակալությունից հետո տարած սթրեսի հետեւանքով կորցրել է դեռ չծնված բալիկին: «Այս ամենը տեսնելուց հետո դեռ շարունակում եմ ամուսնուս գործը: Ես դեռ ասելիք ունեմ: Ես սիրում եմ իմ ազգը»,-մեզ հետ զրույցում ասաց Կարինեն:
Այս գործով դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
ԾԱՆՐՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ