15-ԱՄՅԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Պաղեստինցի 15-ամյա մի աղջիկ դարձել է աշխարհում ամենաերիտասարդ քաղաքապետը: Նա 2 ամիս կղեկավարի արեւմտյան ափի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ալար քաղաքը` վերահսկելով ենթակաների աշխատանքը, ստորագրելով բոլոր պաշտոնական փաստաթղթերը, բացի ֆինանսական փաստաթղթերից:
12 ԺԱՄ ՇԱՐՈՒՆԱԿ
Հնդկաստանում 12-ամյա տղան յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ 12 ժամ շարունակ անգիր Ղուրան արտասանելով: Ռեկորդը սահմանել Է բազմաթիվ ուսուցիչների եւ կրոնական դպրոցի ղեկավարի ներկայությամբ: Ըստ ուսուցիչների՝ երեխան ոչ մի անգամ աչքը չի գցել Ղուրանի կողմը եւ չի կմկմացել: Տղայի խոսքերով՝ իրեն 8 ամիս է անհրաժեշտ եղել, որպեսզի հիշի գրքի 114 գլուխները:
ԵՐԿԱԹԳԻԾ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ
«80-ամյա բրիտանացի Բիլ Բարիթն իր տան հետնամասում երկաթգիծ է կառուցել: Թոշակի անցած հաշվապահը 22 հազար ֆունտ սթերլինգ է ծախսել իր կյանքի երազանքն իրականացնելու համար»,-գրում է Daily Mail-ը: Բարիթից 3 տարի է պահանջվել 1,2 մղոն երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար, իսկ դրա վրայով շարժվում է ԱՄՆ-ից բերված 7,5 մետր երկարությամբ 8-հոգանոց մարդատար գնացքը: Բարիթի խոսքերով՝ գնացքը հիմնականում օգտագործում է իր 12 թոռնիկներին եւ համագյուղացիներին զվարճացնելու համար:
ՀԱՐՍԱՆԻՔԻ ԺԱՄԱՆԱԿ
Ֆրանսիայի արեւմուտքում հարսնացուն ծննդաբերել է իր հարսանյաց արարողության ժամանակ: Ըստ բժիշկների կանխատեսման՝ կինը պետք է երեխային լույս աշխարհ բերեր հուլիսի 14-ին, սակայն փոքրիկը «ժամանակից առաջ է ընկել». կինը ծննդաբերել է հենց հարսանիքի օրը: Նրա ցավերը սկսվել են այն պահին, երբ համապատասխան մարմնում գրանցվում էր զույգի ամուսնությունը: Հարսնացուի վիճակը տեսնելով՝ հյուրերը շտապօգնություն են կանչել, սակայն արդեն ուշ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելու համար, իսկ որոշ ժամանակ անց գրասենյակում լսվել է նորածնի ճիչը:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՇՈԳԻՑ
ԱՄՆ-ում անսովոր ուժեղ շոգի արդյունքում 42 մարդ է մահացել: Արդեն մի շաբաթ է՝ ԱՄՆ-ի արեւմտյան ու արեւելյան որոշ շրջաններում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաքում ջերմաստիճանը 40 աստիճանից չի իջնում: Ըստ բժիշկների` մահացությունների հիմնական պատճառն այն է, որ թոքերի ու արյան շրջանառության հետ խնդիրներ ունեցող մարդիկ չեն դիմանում շոգին: