«Դեռ նախորդ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի», – «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ – «Իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից և՛ հայաստանյան հատվածում, և՛ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է: Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, և այնուհետև համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա»:
Հարցին, թե որքանով է հավանական, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, նախարարն արձագանքեց․ – «Չեմ կարծում, թե սա կարող է տանել լայնամասշտաբ գործողությունների: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար»:
Տարեսկզբից ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հայկական կողմն արդեն 7 զոհ ունի՝ 6 զինծառայող և 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում