«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառը կրքեր բորբոքեց: Բանն այնտեղ հասավ, որ դատական կարգադրիչները ստիպված եղան տուժող կողմից Արթուր Հակոբյանի ձեռքերից քաշքշելով՝ նիստերի դահլիճից դուրս հրավիրել, իսկ ավելի ուշ սկսվեց վիճաբանություն Վարդան Պետրոսյանի եւ տուժող կողմի հարազատների միջեւ:
Թեժ ելույթներից հետո հերթը հասավ դերասան Վարդան Պետրոսյանին:
Նա անընդհատ նշում էր, որ հաշտություն էր ցանկանում. «Ամբողջ ընթացքում փնտրել եմ ճանապարհներ, որ մեր ընտանիքները կարողանան հաշտվել: Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ համար էլ եմ նստում, ձեր համար էլ, էլ ի՞նչ եք ուզում: Ինձ արդեն նստեցրել են, ես արդեն բանտում եմ: Երբ ես ասում եմ՝ կյանքս կտամ Տաթեւիկի համար, համացանցում գրում են՝ դերասան, թատրոն եմ խաղում, Էլ բան ու գործ չունեմ»:
Դերասանն անդրադարձավ նախորդ դատական նիստի ժամանակ ընթերցված տուժող Հայկ Հակոբյանի կնոջ՝ Աննա Կարապետյանի ճառին եւ շնորհակալություն հայտնեց, որ Կարապետյանն իր ճառում նշել է, որ հասկանում է՝ սպանությունը կանխամտածված չի եղել:
«Ուրախ եմ, որ գոնե ընդունում են, որ սա դժբախտ պատահար էր: Աննա Կարապետյանն ասել էր՝ իր վիշտը ոչ մի կերպով չմխիթարվեց, եւ նա լքում է երկիրը: Հարգելի՛ դատարան, Դուք չեք կարող պատկերացնել, թե ես դա ինչպես կարող եմ հասկանալ: Եկեք ընդունենք, որ ես սերիական հանցագործ չեմ: Սա շատ ծանր բան էր ինձ համար: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը, փախչելու եմ քարանձավում՝ աղոթելու:
Փառք Աստծո, ես ընկա կալանավայր, իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին, որ չպիտի փախնեմ դժբախտությունից: Սովորեցրին ապրել էդ ողբերգությունը ձեռքումդ: Երբ ես ասեցի, որ էդ երկու երեխաները իմն են, ոչ մի երկակի իմաստ մի գտեք: Նրանք հոգեւոր իմաստով իմն են: Այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ հոգեւոր որակ»:
Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառից հետո էլ դատարանում իրավիճակը թեժ էր, տուժող եւ մեղադրվող կողմի ներկայացուցիչները վիրավորում էին միմյանց:
Հիշեցնենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 26-ին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: