Ես ու Գևորգ Կոստանյանը հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել և քարկոծվել. Հովհաննես Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակին:

«Տարին դեռ չսկսած, տեսանք, որ ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում: Այս ամենը պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով: Հունվարի 1-ից մեր երկիրը դրաձավ ԵՏՄ անդամ, և Ադրբեջանը փորձում է այս հարթությունում էլ խժդժություն մտցնել»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Վերջինիս կարծիքով՝ ադրբեջանական կողմի ստեղծած սահմանային լարվածությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդառաջ լինելու հետ էլ կապ ունի:

ՀՀԿ-ական պատգամավորն ամփոփեց նաև Գյումրիի ողբեգական դեպքերի հետ կապված ԱԺ լսումների արդյունքները:

«Գյումրիի դեպքերը քաղաքական դաշտ են տեղափոխվել: Լսումները տևել են 2,5 ժամ: Ինչպես նշեց Գևորգ Կոստանյանը՝ նախաքննության փուլում գործի հանգամանքների հետ կապված որևէ բան չի կարող հրապարակել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով. «Ես զարմանում եմ, որ իմ մի քանի գործընկերներ խոսում էին տեղ չլինելու, պայմանների վատ լինելու մասին: Գլխավոր դատախազը պատրաստ էր լրատվամիջոցների առջև բաց խոսել»:

Հովհաննես Սահակյանն ասաց նաև, որ երբ ՌԴ պատգամավորները ժամանել էին Գյումրի, պարզապես ցնցված էին ու շփոթված: ՀՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև Գևորգ Կոստանյանի հասցեին հնչող այն քննադատություններին, ըստ որոնց՝ գլխավոր դատախազը պարզապես ըստ էության որևէ բան չէր խոսում և ամեն ինչ բարդում էր նախաքննության գաղտնիության վրա:

«Մենք հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել ԱԺ -ում, որ գայինք ու քննադատությունների արժանանայինք: Մենք նպատակ ունեինք հանրությանը, պատգամավորներին ցույց տալ, որ մեր և ռուս պատկան մարմինները ամեն ինչ ուզում են անել, որ Պերմյակովն իր արժանի պատիժը կրի»,- ասաց Հովհաննես Սահակյանը:




Լրահոս