Ֆինանսական հաշտարարին ստացված բողոքների թիվն աճել է 62%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: 2015 թվականի հունվարի 24-ին լրացավ Հաշտարարի գրասենյակի գործունեության վեց տարին:

Ստորև ներկայացվում է 2014թ.-ին իրականացրած Գրասենյակի հինգ ամյա գործունեությանը նվիրված միջոցառումների, ընդունած բողոքների և քննած պահանջների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Ստացված բողոքները և քննած պահանջները 2014թ.-ին

Գրասենյակն արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ` նախորդ տարվա համեմատ, մասնավորապես` 2014թ.-ին հաճախորդների բողոքների թիվը 2013թ.-ի նկատմամբ աճել է 62%-ով, իսկ քննած պահանջները` 56%-ով: Նման աճն արդյունք է Գրասենյակի կողմից շարունակաբար իրականացվող հանրության իրազեկման արշավի: 2014թ.-ին Գրասենյակ ներկայացված 3907 բողոքների գծով, որոնցից 3244-ն էին վերաբերում ֆինանսական համակարգին, հաճախորդներից յուրաքանչյուրին մեր Գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնել են լրացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ: Գրասենյակի կողմից 2014թ.-ի ընթացքում քննության են ընդունվել 1277 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 77.04%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (22.01.2015թ.-ի դրությամբ թվով 208 գործ դեռևս գտնվում է քննության փուլում):

Ընդ որում, դրական ելքով գործերի 61.1%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից 2014թ.-ին քննության ընդունված 1277 գործից՝ թվով 1069 գործի շրջանակներում (22.01.2015թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 170,564,504 ՀՀ դրամ գումար: 2014թ.-ին Գրասենյակ ներկայացված բողոքներ և գրավոր պահանջներ` ըստ կազմակերպությունների.

Լավագույն համագործակցող կազմակերպություններ և աշխատակիցներ

Ստորև ներկայացվում են այն բանկերի ու ապահովագրական ընկերությունների անվանումները, որոնք 2014թ.-ի արդյունքներով ճանաչվել են Հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ:

Այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն:

Այսպես, 2014թ.-ի արդյունքներով

Լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել՝

«Արդշինբանկ» ՓԲԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն են ճանաչվել՝

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ:

Այս տարի ևս Հաշտարարը շնորհում է բանկային ոլորտի և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակից պատվոգրերը, որոնց արժանացել են այն աշխատակիցները, ովքեր լավագույնս օժանդակել են Հաշտարարի կողմից գործի քննությանը:

Լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել.

Բանկային ոլորտում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետ Ռոզա Պեդանյանը, Ապահովագրական ոլորտում՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանը:

Հինգ ամյա գործունեությանը նվիրված միջոցառումների մասին 2014թ.-ի հունվարի 24-ին լրացավ Հաշտարարի գործունեության 5-րդ տարին: Հոբելյանական տարվա կապակցությամբ Հաշտարարի գրասենյակն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք հակիրճ ներկայացվում են ստորև.

I. 5 միջոցառում 5 ավագ դպրոցների համար. Հոբելյանական գործունեության առիթով Հաշտարարի գրասենյակը հինգ միջոցառում էր նախաձեռնել Հայաստանի մարզերի 5 ավագ դպրոցների աշակերտների համար: Ըստ ծրագրի ամեն անգամ 45 աշակերտ 3 ուսուցչի ուղեկցությամբ ժամանել են Երևան, այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի այցելությունների կենտրոն, այնուհետև նրանց մասնակցությամբ սեմինար է անցկացվել ֆինանսական ծառայությունների վերաբերյալ (փողի ծագման պատմությունից մինչեւ ժամանակից ֆինանսական համակարգի ձեւավորումը): Սեմինարից հետո աշակերտների համար կազմակերպվել է հյուրասիրություն, որին հաջորդել է այցելություն Մատենադարան կամ Ազգային պատկերասրահ: Այս ծրագրին մասնակցել են Եղեգնաձորի ավագ դպրոցի, Գյումրիի թիվ 45 ավագ դպրոցի, Ապարանի, գյուղ Ոսկետափի և Մեծամորի ավագ դպրոցների աշակերտները:

II. Սպառողների կրթման ծրագիր. Գրասենյակը շարունակել է սպառողների կրթման ծրագիրը նաև 2014թ.-ին, որի ընթացքում Գրասենյակի մասնագետներն այցելել են 47 ավագ դպրոց՝ ծրագրում ընդգրկելով ավելի քան 3750 աշակերտի: Ծրագրում որպես նոր թիրախային խումբ ընդգրկվել են գյուղացիական տնտեսությունները: Սրա շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Գավառի տարածաշրջանում, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործակալների համար, սեմինար է կազմակերպվել Սարուխան գյուղում, որին մասնակցել են նաև Գանձակ, Լանջաղբյուր և Ծովազարդ գյուղերի ներկայացուցիչները: Մարզպետարանի օժանդակությամբ ապրիլ մասին սեմինարներ են անցկացվել նաև բյուջետային աշխատակիցների համար:

III. «Հինգ հատուկ օրեր հաճախորդների համար հինգ ամյակի կապակցությամբ» ակցիայի անցկացում. 2014թ.-ին տարվա տարբեր օրերին ընտրվել են 5 պատահական օրեր, և այդ օրերին Գրասենյակ դիմած հաճախորդներին հանձնվել են նվերներ:

IV. Ամենամյա միջազգային 5-րդ կոնֆերանս. Գրասենյակը 2014թ.-ի սեպտեմբերի 4-5 Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր ամենամյա 5-րդ միջազգային կոնֆերանսը` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով: Կոնֆերանսի՝ ընդհանուր թվով մոտ 140 մասնակիցների մեջ գերակշիռ մաս են կազմել ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները: Կոնֆերանսի խոսնակներն էին Կանադայի և Նիդեռլանդների Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Գերմանիայի ապահովագրության օմբուդսմենը, Միկրոապահովագրության մասնագետներ Լյուքսեմբուրգից և ԱՄՆ-ից, բջջային հեռախոսներով վճարային համակարգերի մասնագետ Մեծ Բրիտանիայից և բանկային համակարգի մասնագետ Գերմանիայի Խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամից: Կոնֆերանսին, այդ թվում, մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսիայի կենտրոնական բանկերի, վերահսկող ծառայությունների ներկայացուցիչները:

V. Հաշտարարի եռամսյակային թերթի թողարկում՝ նախադեպերի, այլ թեմատիկ հոդվածների ամփոփմամբ: 2014 թվականին Գրասենյակը կազմել և հրապարակել է Հաշտարարի եռամսյակային էլեկտրոնային պարբերականները: Պարբերականում ներկայացվել են ֆինանսական ոլորտին բնորոշ վիճահարույց և արդիական խնդիրներ, ոլորտի սպառողներին ուղղված խորհուրդներ, Գրասենյակի գործունեության ընթացքում ձևավորված նախադեպեր և գործարար շրջանառության սովորույթներ:

VI. Ամենամյա 5-րդ կլոր սեղան հանդիպման կազմակերպում ապահովագրական ընկերությունների հետ և հանդիպում բանկերի ներկայացուցիչների հետ: Սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը Ապահովագրական ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում, իսկ բանկերի ներկայացուցչների հետ քննարկումը կազմակերպվել էր նոյեմբերի 8-9: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացահայտված գործարար շրջանառության սովորույթը և այլն:

VII. Ուսանողական մրցույթ. Գրասենյակը նաև կազմակերպել էր ուսանողական մրցույթ՝ «Ինչպես խթանել ֆինանսական միջնորդությունը» ՀՀ-ում թեմայով: Իրենց աշխատանքներն են ներկայացրել 13 ուսանող: Հաղթող են ճանաչվել երեք ուսանող՝ 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը և Թագուհի Միքայելյանը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀ ԿԳՆ Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Ալիտա Ղարաբաղցյանը: Հաղթողներին տրամադրվել է դրամական պարգև:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ




Լրահոս