Գյումրիում բերման ենթարկված անչափահասների ծնողներին վախեցրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ միջնորդավորված երրորդ ահազանգն է ստանում այն մասին, որ մի քանի երիտասարդների արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ոստիկանություն են հրավիրում, հարցաքննում Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած դեպքերի մասին:

Հայտարարությունում ասվում է.

«Ուշադրությո՛ւն: Միջնորդավորված երրորդ ահազանգն եմ ստանում, որ մի քանի երիտասարդների արդեն մեկ շաբաթից ավելի է՝ տանում-բերում են ոստիկանություն՝ հարցաքննում են ոստիկանության հետ Գյումրու բախումների մասին, անձնագրերը չեն վերադարձնում, անչափահասների են տանում ոստիկանություն՝ առանց ծնողներին տեղեկացնելու և այլն …

Հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուղիղ առնչություն ունեն այդպիսի դեպքերի հետ, այդ երիտասարդներին փոխանցեք, որ առանց ծանուցագրեր ստանալու ոչ մի տեղ չգնան, խաթրով, խոսքով հրավերներին պարզ պատասխանեն, որ ծանուցագիր ուղարկեն իրենց: Ծանուցագիր ստանալուն պես տեղեկացնեն իրենց իմացած իրավապաշտպաններին, իրավաբաններին փաստաբաններին, գոնե մեկին, ինձ էլ լավ կլինի՝ իմաց տան, առանց ծանուցագրի կփորձեն տանել՝ հարազատներն անհապաղ տեղեկացնեն ինձ (հեռ. 091 821 363): Բացի այդ, թող իմանան, որ իրավունք ունեն լռելու և որևէ հարցի չպատասխանելու, խոսքի և լռության իրավունքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու, իհարկե, սեփական կամքով, չվախենաք և չխեղճանաք:

Ուզում եք՝ պատասխանեք հարցերին, չեք ուզում՝ մի պատասխանեք, անգամ անուն-ազգանուն պարտավոր չեք ասելու: Խորհուրդս այն է. եթե անօրինական կերպով են տանում կամ կանչում ոստիկանություն, ոչ մի բան պարտավոր չեք խոսել, ասել կամ բացատրել:

Ոստիկանի տեսակ կա, որ ամեն ինչի ընդունակ է, ինչ ասես կարող են սարքել, երբ պաշտպանված չեք, բազմաթիվ օրինակներ ունենք ոստիկանության ապօրինությունների: Բացի այդ, նրանք, ովքեր նման հալածաքների են ենթարկվում, իրենց ցանկությամբ կարող ենք հրապարակել յուրաքանչյուր դեպքը՝ անվանական, մանրամասներով, էլի հարկավոր է դիմել ուղիղ ինձ, միջնորդների մի պատմեք, որ պատմեն այլոց, որոնք հետո պատմեն ինձ, դիմեք ուղիղ ինձ կամ տեղական ԶԼՄ-ներին, կարող եք ասուլիս տալ՝ որտեղ կամենաք, կարող եք «Ասպարեզ» ակումբում տալ ասուլիսը, կարող եք չտալ: Դիմում եմ նաեւ ոստիկանությանը. չհամարձակվեք օրինազանցություններ անել քաղաքացիների հանդեպ, գործ եք քննում՝ օրինական արեք, եթե ահազանգները ճշմարիտ են, իմացեք, որ այս ամենը կարող է շատ բարդանալ, հեշտ չի լինի ձեզ էս պատմության տակից ելնել, ով էլ փորձի ձեզ պաշտպանել, պագոններիդ չխաբնվեք:

ՀՀ պատգամավորներին, Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին խնդրում եմ հսկողության տակ առնել էս պատմությունը, տեր լինել քաղաքացիներին, կանխարգելել այս և հնարավոր այլ ապօրինություները:

Եթե հնար ունեք՝ հասկացրեք «իրավապահներին», որ մարդիկ ոտի են ելել բոլորիս արժանապատվության համար, հատուկ դիտավորություն չեն ունեցել ոստիկանների հետ բախվելու, ճամփա չփակեին` բախում չէր լինի, թե բան են հետաքննում, թող մարդավարի քննեն, միայն՝ օրինականությամբ:

Արթուր Սաքունցի եւ ՀՔԱՎ հեռախոսահամարներն են. 091 200 971, նաեւ 0322 4 22 68, 0 8000 12 11

Սեյրան Մարտիրոսյանի և Սախարովի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հեռախոսահամարները. 091/098 434256, 5 69 17, 5 94 50/

Հարգանքներով՝ Լ.Բ. Խնդրում եմ լայնորեն տարածել այս հայտարարությունը՝ անտեղյակ մարդ չմնա»:

Այսպիսով` Լևոն Բարսեղյանը դիմում է նաև Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին, որոնց հետկապ հաստատել Armlur.am-ին չհաջողվեց: Իսկ Արթուր Սաքունցը Armlur.am-ին հայտնեց, որ, ցավոք, դեռևս որևէ մեկի կողմից ահազանգ ինքը չի ստացել, որպեսզի կարողանան ընթացք տալ գործին:

Նշենք, որ Գյումրիում լուրեր են տարածվել, թե բերման ենթարկվող անչափահասների ծնողներին վախեցրել են, ինչի պատճառով էլ նրանք իրավապաշտպաններին չեն կարողանում դիմել:

Արթուր Սաքունցը հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ միայն պաշտոնատար անձի նկատմամբ բռնության կիրառման մասով, իսկ քաղաքացիների իրավունքների խախտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման մասով քրգործ չի հարուցվել:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում պետք է հարցաքննվեն ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները, որպեսզի հետքի վրա հայտնվեն: Սակայն հարց է առաջանում` որքանով են պաշտպանված հարցաքննվողների իրավունքները: Մանավանդ, որ բռնության մասով առաջին ահազանգն արդեն իսկ եղել է»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին պայթյունավտանգ իրավիճակ էր Գյումրիում: Մոտ 3 հազար ցուցարարներ հավաքվել էին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև և շարունակում էին պահանջել, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը: Կային բազմաթիվ վիրավորներ և ձերբակալվածներ:




Լրահոս