«Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը և զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարևոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»,- հունվարի 17-ին նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանդի դեպքին:
Կարծիքները, թե ոստիկանության անհետևողական և անարդյունավետ աշխատանքի պատճառով է Վալերի Պերմյակովը հայտնվել ռուս զինծառայողների ձեռքում, և որ բերման ենթարկելուց 2 ժամ առաջ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալով հանդերձ՝ որևէ քայլ չի ձեռնարկվել կրկին անարդյունավետ աշխատանքի հետևանքով, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը չի կիսում: Ավելին, նա հորդորում է թյուր կարծիք չստեղծել, թե որևէ գերատեսչություն, այդ թվում՝ ոստիկանությունը, լավ չի աշխատել: Հունան Պողոսյանը վստահեցնում է, որ համագործակցված աշխատել են բոլոր կառույցները՝ Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը:
«Նախաքննությունից պետք է ունենալ բոլոր կարևոր տվյալները, դրանից հետո համադրել և կարծիք կազմել: Դեպքից և նրա փախուստից հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, բոլորն անխտիր ստուգվել են: Ահազանգեր եղել են նաև Երևանում, Արագածոտնի մարզում: Եթե անհրաժեշտություն լինի, ծառայողական քննություն կանցկացվի և բոլոր մեղավորները խստագույնս կպատժվեն: Բայց կրկնում եմ՝ ոստիկանության կարգախմբերը մանրակրկիտ ուսումնասիրել են ողջ տարածքը»,- նշեց բանախոսը:
Տարածված լուրերին, թե Պերմյակովին վնասազերծել է Խաչատրյան ազգանունով հայ պայմանագրային զինծառայող և հանձնել ռուս զինվորներին, Հունան Պողոսյանը տեղյակ չէ: Նա ավելի կարևոր է համարում հանցագործին վնասազերծելու հանգամանքը:
Փոխոստիկանապետը տեղեկություններ չուներ նաև այն մասին, որ այս օրերին մարդկանց բռնի ուժով ոստիկանության բաժիններ են տանում և հարցեր ուղղում՝ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի մասին: