Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ են մտածում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողներն Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին: Սաշա Կոլոկոլցևը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու տարի առաջ է ավարտել ծառայությունը, իսկ Վալերի Պերմյակովի արարքի համար միայն ամաչում է:
– Ծառայության ամբողջ ընթացքը հիանալի է անցել: Գյումրեցիները շատ լավ մարդիկ են և մեզ միշտ օգնում էին:
Մի պատմություն պատմեմ. երբ մենք դիրքերում էինք, այնտեղից երեք զինվոր անհետացավ, և մենք գնացինք նրանց փնտրելու: Նրանց փնտրեցինք առավոտյան ժամը 7-ից մինչ երեկոյան 8-ը: Մենք մի քանի վայրեր շրջեցինք, ինձ հետ ևս երկու զինվոր կար: Մենք մտնում էինք գյումրեցիների տներն ու հարցնում, թե զինվոր չեն տեսել: Նրանք բոլորը մեզ ներս էին հրավիրում, հյուրասիրում ուտելիքով, գումար էին տալիս, ծխախոտ և չէին վախենում, որ մենք նրանց ինչ-որ վնաս կտանք:
– Վալերի Պերմյակովը նշել է, թե այլևս չի ցանկացել ծառայել և այդ պատճառով փախուստի է դիմել: Այդքան հե՞շտ է փախչել ռազմաբազայից:
– Փախչել կարելի է ցանկացած վայրից, իսկ ռազմաբազայի դեպքում դա հեշտ էր. բավական էր միայն թռչել ցանկապատների վրայով, և վե՛րջ: Ծառայությունն անձամբ ինձ համար հեշտ է անցել, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել:
– Ի՞նչ եք մտածում ողբերգական դեպքի մասին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Պերմյակովի նման արարքի պատճառը:
– Շատ անհասկանալի հարցեր կան: Օրինակ, թե ինչու է այդ «կենդանին» նման արարք թույլ տվել, ինչպես է մարտական ատրճանակով կարողացել փախչել, ինչպես է սահման հասել, իրականում ովքեր են նրան բռնել: Ես նույնպես հերթապահ շատ եմ եղել, սակայն իմ մտքով անգամ չի անցել փախչել: Ես կարծում եմ, որ նա հոգեպես ոչ առողջ վիճակում է:
– Եթե նա առողջական խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս է ծառայության անցել:
– Բժիշկները շատ վատ են աշխատում: Ինձ հետ մի ծառայող տղա կար, ում ձեռքն ամբողջովին ցուրտը տարել էր, և նա ո՛չ հրացան կարող էր բռնել ձեռքում, ո՛չ էլ նորմալ ծառայություն անցկացնել, սակայն նա այդ վիճակում շարունակում էր իր ծառայությունը: Ես կարծում եմ, որ բժիշկները պետք է ավելի ուշադիր լինեն և նրա նմաններին ծառայության չթողնեն: