Ես ակնկալում եմ, որ պարոն Ծառուկյանը փետրվարի 5-ին կայանալիք խորհրդաժողովին ավելի սուր դիրքորոշմամբ հանդես կգա: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
«Պետք է շարունակական հանրահավաքներ լինեն: Դա, իմ կարծիքով, ամենաճիշտ մոտեցումն է: Ցանկանում եմ այնպիսի հանրահավաք տեսնել, որի ներկաները չեն գա` տուն գնալու ակնկալիքով: Հանրահավաքի եկածները պետք է մինչև վերջ պայքարեն»,- նշեց Կարապետյանը:
Վերջինիս կարծիքով` եթե իշխանությունները պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, այս դեպքում համաժողովրդական շարժումն էլ ավելի պետք է ակտիվանա, քանի որ դրանով է հնարավոր կանխել իշխանությունների վերարտադրման միտումը:
«Նախորդ հանրահավաքներում ձևաչափը հստակ ընդգծված չէր` եռյակ, քառյակ…և այլն: Մարդիկ չպետք է մտածեն սեփական հավակնությունների մասին, չխուսափեն միավոր լինելուց, չձգտեն լիդեր, ղեկավար դառնալուն. տուժում է բուն նպատակը: Դա միշտ է խանգարում վճռականությանը»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նրա կարծիքով` նախորդ բոլոր հանարահավաքներում Գագիկ Ծառուկյանի ներուժի միջոցով է մարդկային հոծ բազմություն գոյացել: «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողանում հանդուրժել, որ ակնհայտ լիդերն այս շարժման հենց Գագիկ Ծառուկյանն է, և նա բազմաթիվ առավելություններ ունի»,- ասաց Կարապետյանը` հավելելով. «Մարդաշատ հավաքներ կազմակերպելը Գագիկ Ծառուկյանի ներուժն է, և ամեն մեկը պետք է իր վերմակի չափով ոտքերը մեկնի»:
Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ ինքն անպայման մասնակցելու է փետրվարի 5-ի խորհրդաժողովին և մեծ ակնկալիքներ ունի այդ օրվանից: Նրա կարծիքով` ավելի շատ ուժեր ցանկություն պետք է հայտնեն միանալ համաժողովրդական շարժմանը, քանի որ ակնհայտ է, որ այդ շարժումը գնալով նոր թափ է հավաքում և ավելի կոնկրետ գործունեություն է ծավալում: