ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ 1-in am-ի

Ռուսաստանի միգրացիոն վերջին փոփոխությունների հետ կապված բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Երեկ կառավարության առջեւ հավաքված քաղաքացիները պահանջում էին, թեկուզեւ տուգանք վճարելով, նորից կարողանան մեկնել ՌԴ՝ ոմանք աշխատելու, ոմանք բուժվելու, իսկ մի մասն էլ ընտանիքին միանալու համար: Ստացվում է, որ մեր քաղաքացիները ցանկացած գին պատրաստ են վճարելու, միայն թե կարողանան մեկնել ՌԴ՝ հանապազօրյա հացի հետեւից:

 

 

 
ՀԱՐՑ. Այս օրերին շատ ենք լսում, որ տարբեր պատճառներով ՀՀ բանկերից մի քանիսը սնանկանում են: Ավանդների հարցը, բնականաբար, ամենաանհայտներից է: Հետաքրքիր է, եթե նույն անձը համապատասխան հանձնաժողովի կողմից երաշխավորված չափով ներդրած գումարներ ունենա, ապա բանկի սնանկացման դեպքում առանց դժվարության կարո՞ղ է անմիջապես հետ ստանալ ներդրած գումարները եւ ինչպե՞ս:

Մելինե Կիրակոսյան (29 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տարածքում գործող որեւէ բանկ չունի վճարունակության եւ իրացվելիության հետ կապված ոչ մի խնդիր: Բոլոր բանկերը սահմանված ժամկետներում եւ ամբողջ ծավալով բավարարում են ավանդատուների եւ մյուս պարտատերերի նկատմամբ պարտավորությունները: ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը բավարար կապիտալացված են եւ ունեն բարձր իրացվելի ակտիվների բավարար պաշար՝ հնարավոր կորուստները կլանելու եւ պարտատերերի պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար:
Այսպես՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 16% (պահանջվող նվազագույն սահմանաչափը՝ 12%), իսկ ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները՝ համապատասխանաբար 26% եւ 135% (պահանջվող նվազագույն սահմանաչափը՝ 15% եւ 60%): Ըստ առանձին բանկերի եւս նշված հիմնական տնտեսական նորմատիվները գտնվում են պահանջվող սահմանաչափերից բարձր:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հատուցման կարգը, պայմանները եւ ժամկետները կարգավորվում են՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի (ՀՀ-ում գործում է նաեւ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ):

Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Կենտրոնական բանկը նկատելի լավատեսությամբ է խոսում մասնավոր բանկերի վիճակի մասին, բայց եւ նկատենք, որ երկու կարեւոր հարց լիարժեք պատասխան չեն ստանում. ա) ինչպե՞ս վարվի քաղաքացին, երբ իր ներդրած գումարը տվյալ բանկին հնարավոր բանկերի միավորման պահին է անհրաժեշտ, բ) եթե ներդրված գումարը գերազանցում է երաշխավորված սահմանաչափը, ի՞նչ է լինելու դրա հետ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ եթե ես արդեն ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմս եմ ձեռք բերել, արդյո՞ք դա երաշխավորում է իմ արտոնագրի ստացումը:

Նարինե Սարգսյան (39 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողներին խորհուրդ ենք տալիս մինչեւ մուտքի արտոնագրի հարցազրույցը ինքնաթիռի տոմսեր չգնել: Ինքնաթիռի տոմսի առկայությունը շատ դեպքերում հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա ազդեցություն գրեթե չի ունենում:

ԱՄՆ դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ հատկապես ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալը բավականին բարդ ընթացակարգով է արվում, բացի այդ` դեպի ԱՄՆ ավիատոմսերը բավականին թանկ են: Ուստի եւ կարելի է դրանք պարզապես կանխավ պատվիրել, սակայն չգնել, քանի որ հակառակ դեպքում փոքր չէ հավանականությունը, որ ԱՄՆ մեկնել ցանկացող քաղաքացին կարող է ե՛ւ մերժվել, ե՛ւ միեւնույն ժամանակ լուրջ ֆինանսական կորուստ կրել:




Լրահոս