«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մեզ հասած լուրերով՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Կառավարության տնտեսական բլոկի նախարարները: Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը:
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հերթական դիվերսիոն գործողությունն են ձեռնարկել, այս անգամ արդեն ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: Դիվերսանտներին հետ շպրտելու ընթացքում զոհվել են ՀՀ զինված ուժերի լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը, կորուստներ տալով, նահանջել է: Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ հայ-ադրբեջանական գծում լարվածությունը չի թուլանում, եւ արդեն երրորդ օրն է՝ անընդմեջ սահմանից զինծառայողի մահվան լուր է ստացվում: Նման պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի է Սերժ Սարգսյանի պահվածքը: Եթե չլինեն այս կամ այն դեսպանի կամ գործարարի հետ նրա հանդիպման մասին հաղորդագրությունները, ապա կարելի է կարծել, որ նա Հայաստանում չէ եւ հեռավոր տաք երկրներից մեկում՝ մի խորը քարանձավում թաքնվել է:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 57 տարեկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է պաշտոնյաների նեղ շրջանակի հետ, կիրակի օրը: Ենթադրվել է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն այն պաշտոնյաները, որոնց Աբրահամյանը վստահում է եւ համարում իր «թիմի» անդամ: Սակայն հետագայում Հովիկ Աբրահամյանը որոշել է այդ մտքից հրաժարվել եւ ծննդյան օրն անցկացնել ընտանիքի անդամների շրջապատում: Մեզ չհաջողվեց տեղեկությունը պաշտոնապես ճշտել: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչու է վարչապետը որոշել ծննդյան տարեդարձը լայն շրջապատում չնշել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2015 թվականի հունվարի 16-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերով ձեռք է բերել 12 հազար 515 լիտր պրեմիում եւ 30 հազար 386 լիտր ռեգուլյար տեսակների բենզին: Նախարարությունից «Ժողովուրդ»-ին տված պատասխանի համաձայն՝ նշված բենզինը ձեռք է բերվել 20 ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմին օրական հատկացվելու է ընդհանուր միջինը 165 լիտր բենզին: Մեկ ավտոմեքենայի հատկացվելու է օրական ավելի քան 8 լիտր բենզին: Բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անելու ծառայողական ավտոմեքենաները այդ բենզինը, օրական 80 կիլոմետր որտեղ են հասցնելու մեքենա վարել: Իհարկե, կլինեն օրեր, որ ծառայողական ավտոմեքենաները մարզեր կգնան եւ մի փոքր շատ բենզին կծախսեն, սակայն ամեն օր այդպես չի լինում հաստատ:
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Այս տարվա 22 օրերի ընթացքում արդեն սահմանին ունենք տասը զոհ: Սարսափելի վիճակագրություն, որի հետագա ընթացքը որեւէ դրական զարգացման հույս չի ներշնչում: Տարեսկզբից յուրաքանչյուր 2 օրը մեկ հերթական զոհի մասին բոթը, սակայն, կարծես թե առանձնապես չի մտահոգում ՀՀ իշխանություններին: Համենայն դեպս, տեսանելի մակարդակում նրանց կողմից չեն ձեռնարկվում հակազդեցության լուրջ քայլեր. լինի դա քաղաքական, ռազմական թե դիվանագիտական ճակատում: Հատկապես վերջինի դեպքում ԱԳՆ առաջին դեմքի խուլ իներտությունն ու լրատվամիջոցներից թաքնվելու երեկվա անթույլատրելի գործելաոճը հակադրվում է նրա տեղակալի ամպագոռգոռ հայտարարություններին: Մասնավորապես երեկ, այն բանից հետո, երբ Է. Նալբանդյանը հրաժարվեց ընդունել ԱԳՆ դիմաց հավաքված լրագրողներին, ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանը news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»:
Անհասկանալի է, թե այդ ինչ «սկիզբ առած գործընթացի» մասին է խոսում ԱԳ փոխնախարարը: Որքան փորձեցինք լարել մեր հիշողությունը, այդպես էլ չկարողացանք գտնել միջազգային հանրության կողմից «իրերն իրենց անունով կոչելու» գեթ մեկ դրսեւորում: Անգամ հայկական ուղղաթիռը չեզոք գոտում խոցելուց հետո նույն այդ միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ադրբեջանի ռազմական հանցանքը դատապարտելու փոխարեն կոչ արեցին «կողմերին հավատարիմ մնալ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապահով լուծելու հանձնառությանը»: Սա՞ է Շ. Քոչարյանի «իրերն իրենց անունով կոչելը»: Եթե այո, ապա նա իր տեղում չէ: Իսկ եթե ոչ, եւ Քոչարյանի` վերը նշված հայտարարությունը զուտ ներքին լսարանի համար արված ինքնասփոփանքի կամ ինքնախաբեության հայտարարություն է, ապա առավել եւս նա եւ նրա ղեկավարն իրենց տեղում չեն, քանզի այս դժվարին իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ի գործը ոչ թե ժողովրդին ինքնախաբեությամբ սնուցելն է, այլ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնելու ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցներով տարվող դիվանագիտական պայքարը:
Իսկ որ առնվազն այս օրերին մեր ԱԳՆ-ն անգործության է մատնված, ցույց տվեց նաեւ armlur.am-ի երեկվա դիմումը ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Մեր թվիթերյան հարցադրմանը, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խումբն աչք փակում վերջին օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի ինտենսիվ խախտումների ու հայկական կողմի կրած կորուստների վրա, կարճ ժամանակ անց հետեւեց Ուորլիքի հետեւյալ գրառումը. «Դիմում եմ նախագահներին՝ դադարեցրե՛ք շփման գծում բռնությունն ու շարունակե՛ք բանակցությունները»: Այսպիսով` փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբին այս օրերին ՀՀ ԱԳՆ-ից որեւէ մեկը չէր դիմել, նրանք էլ լռում էին: Մինչդեռ հայկական լրատվամիջոցի ընդամենը մեկ հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ միջնորդը չզլացավ անմիջապես արձագանքել համապատասխան կոչով: