Փետրվարին նույնպես ռեկորդային ջերմաստիճան է սպասվում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ընթացիկ ձմեռը երկրորդ ամենատաք ձմեռն է Հայաստանում: «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրեց, որ նման ձմեռ դիտվել է միայն 1966 թվականին:

«Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր: 1966 թվականի հունվարին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 17-18 աստիճան, եւ հունվարի վերջին ու փետրվարի առաջին օրերին Արարարատյան դաշտում դիտվել է ծիրանենու, դեղձենու եւ այլ պտղատուների ծաղկում»,- նշեց նա: Այս տարի օդի ջերմաստիճանը մի փոքր զիջում է 1966 թվականի ջերմաստիճանին, բայց պատմության մեջ է մտնում որպես երկրորդ տաք ձմեռ:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին ցուրտ ներխուժումներ գրեթե չեն դիտվել:

Ներկա պահին ձյան ծածկ կա միայն հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում: Ձյան ծածկի ամենամեծ բարձրությունը Աշոցքի շրջանում է եւ հասնում է 52 սմ-ի:

Առաջիկա օրերին հարավարեւմտյան տաք օդային հոսանքների ներհոսքը մեր երկիր շարունակվելու է: Ցիկլոն կդիտվի այսօր՝ երեկոյան ժամերին եւ վաղվա գիշերը:
«Շրջաններում հունվարի 28-29-ի գիշերը հիմնականում ձյան տեսքով տեղումների ենք սպասում: Հունվարի 29-ի գիշերը տեղումների դադար կդիտվի, եւ մինչեւ փետրվարի 1-ը առանց տեղումների եղանակ կլինի:

Տաք օդային հոսանքները կակտիվանան ամսվա վերջին. Եգիպտոսից տաք օդի հզոր ալիք է սկիզբ առնում եւ անմիջապես տեղափոխվում է Կովկաս, այսինքն` եթե այս օրերին Երեւանում գիշերը սպասվում է 0-2, ցերեկը` 8-10 աստիճան տաքություն, ապա արդեն հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, եւ հնարավոր է, որ Արարատյան դաշտում դիտվի մինչեւ 13-14, իսկ Սյունիքի եւ Տավուշի հովիտներում՝ մինչեւ 18 աստիճան տաքություն»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ փետրվարին նույնպես տաք է լինելու, հատկապես հանրապետության արեւմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայքում, Վայոց ձորում. «Սպասում ենք, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր լինի:

Առաջին տասնօրյակում հանրապետության լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը մինչեւ 8-10 աստիճան կբարձրանա, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում հնարավոր է 15-20 աստիճան ցուրտ` գիշերային ժամերին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս