Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ելած մեր կամավորական ազատամարտիկների ջոկատներից, մեկը մյուսի ետևից տարած փայլուն հաղթանակներով ու մեր պատմական հայրենիքի մաս կազմող Արցախն ազատագրելով մեր բանակը վստահաբար արձանագրեց, որ մեր հայրենիքի պաշտպանությունն այլևս ամուր ձեռքերում է ու մեր անկախությունը՝ անվիճարկելի: Մարտական պատրաստակամությամբ, պարտքի հստակ գիտակցումով ու բարձր կարգապահությամբ՝ հաղթանակած մեր բանակը հիրավի այսօր ոչ միայն ամենամարտունակ է տարածաշրջանում, այլև կայունության ու խաղաղության երաշխավորը: Ցավոք այս ամենը ձեռք է բերվել նաև անդառնալի կորուստների, մեր հարյուրավոր անձնուրաց հերոսների կյանքի գնով: Թշնամին այսօր էլ, իրեն հատուկ նենգությամբ, հաճախ խախտում է հրադադարն ու փորձում առավելության հասնել: Վերջին օրերին թշնամու ակտիվությունը շփման գծում նույնպես այդ նպատակն է հետապնդում: Սակայն մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգություն դիրքապահ մեր հերոս տղաների շնորհիվ իր արժանի հակահարվածն է ստանում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և այսօր էլ մարտնչում են մեր երկրի պաշտպանության դիրքերում՝ բարձր պահելով հայ զինվորի ու հայոց բանակի պատիվը։
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնակի հարգանքով ու ակնածանքով է վերաբերել զինվորին՝ որպես հայրենիքի, հայրենի տան ու օջախի պաշտպանի, որպես խաղաղության երաշխավորի, ուստի և բանակի օրն առանձնակի է արժևորվում մեզանում:
Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,
Շնորհավորում եմ ձեզ այս փառապանծ տոնի՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության համար տարվող ձեր որքան պատասխանատու, նույնքան պատվաբեր գործում»։