Երեկ՝ armlur .am-ը տեղեկացրել, որ հուլիսի 18-ին ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Ինչպես armlur .am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի մի քանի բնակիչներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել էին, որ մոտ 6 ժամից ավել է, մեծ թվով ոստիկաններ նշված շենքի մոտից փորձում են Ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված “Մերսեդես Ջի” մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին (“Արմավիրցի Նավո”) և այն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել էր Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի տեղափոխումը Ոստիկանություն կապված էր երեկ գիշեր տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, ով, ըստ տեղեկությունների, գինովցած վիճակում և զենքի սպառնալիքով ավտոմեքենա էր առևանգել:
Մասնավորապես երեկ գիշեր՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը “ԳԱԶ 24″ մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել էր իր”ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենան` “ՎԱԶ 2106” ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալվել էր, իսկ Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի “Բայկալ” օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի