Վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ների վերաբերյալ օրենքը կամավորության սկզբունքով կիրառելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պարբերական հանդիպումներ և քննարկումներ, ինչպես նաև հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ ընթացիկ խնդիրները վերհանելու և լուծման տարբերակներ քննարկելու նպատակով:  Ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել և 2015 թ. հունվարի 9-ից ուժի մեջ են մտել մի շարք իրավական ակտեր, լուծման ընթացքի մեջ են գտնվում նաև ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:

Նիստում քննարկվել են նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը: Վարչապետը նշել է, որ այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և լսել նրանց դիտարկումները վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ և իրենց հերթին առաջարկություններ ներկայացրել՝ փոխընդունելի տարբերակ գտնելու համար:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչեցված բոլոր կարծիքների համար և նշել, որ կառավարությունը մանրամասն կքննարկի ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները:




Լրահոս