ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի սկզբից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդն աչքի է ընկնում սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողություններով, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում նկատվում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարություն: Հայկական կողմը տարեսկզբից մինչ այսօր կրել է շուրջ 10 զոհ, իսկ ահա ադրբեջանական զինված ուժերը կոպտորեն թաքցնում են իրենց մեծաթիվ կորուստները: Ստեղծված մթնոլորտի արդյունքում հասարակության շրջանում առաջ է եկել որոշակի անվստահություն: Մարդիկ անհանգստացած են եւ սպասում են, թե, ի վերջո, երբ պետք է սահմանը խաղաղվի, վտանգն անցնի: «Ժողովուրդը» զրուցել է արվեստագետների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը ստեղծված իրավիճակի շուրջ:

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, օրինակ, այն կարծիքին է, որ սա չհայտարարված պատերազմ է, թուրքի վարած պրովոկացիոն պատերազմը. «Այս իրավիճակում ակնհայտ է թուրքի ձեռագիր, որը միշտ էլ եղել է: Իրենք պրովոկացիա են անում՝ մեղքը գցելով մեզ վրա: Ամենացավալին այն է, որ դրա հետեւանքով զոհվում են երիտասարդ տղաներ, բայց ինչ անես՝ պատերազմի օրենքն է»,-ասաց նա:
Բեմադրիչի խոսքով՝ բարձր ատյաններում մի բան են պայմանավորվում, իսկ հետո բոլորովին այլ բան է տեղի ունենում. «Կասկած չունեմ, որ մեր զինվորները պատշաճ պատասխան են տալիս հակառակորդին, սակայն պետք է ամեն դիվանագիտական ու ոչ դիվանագիտական ճիգ գործի դնել, որպեսզի մեր տղաներն այս պայմաններում չզոհվեն: Պատերազմում մարդիկ մեռնում են. դա բնական է, իսկ, ահա, այս ստոր մթնոլորտում նրանց կորցնելն անչափ ցավալի է…»,-նկատեց Վ.Ստեփանյանը:
Նա չգիտի՝ մինչեւ երբ կշարունակվի, ինչպես ինքն է ասում, այս «անհասկանալի պատերազմը», երբ մեր դիմաց բարոյականությունից զուրկ թշնամի է կանգնած. «Եթե պատերազմ է՝ իմանանք, դուրս գնանք, զենք վերցնենք, բայց սա շատ բարդ քաղաքական իրադրություն է, որին մենք դեռ տիրապետում ենք, իսկ թե որքան դա կտեւի, դժվար է ասել»,-ընդգծեց դերասանը:
Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն էլ այն համոզման է, որ հասարակության շրջանում անվստահությունը սրվում է այն ժամանակ, երբ մարդիկ բախվում են անարդարությանը. «Ես՝ որպես հայ մարդ, վստահում եմ պաշտպանության նախարարությանը, սակայն դա դեռ չի նշանակում, թե հավատում եւ վստահում եմ նաեւ ՀՀ իշխանություններին. այս մասով, իսկապես, խնդիր ունենք: Շատերը չեն կարողանում տարանջատել պետությունն ու իշխանությունը, բանակն ու պաշտպանության նախարարությունը»:
Բանաստեղծի խոսքով՝ հասարակության՝ իշխանությունների նկատմամբ անվստահությունը լճացել է վերջինիս վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով, որը կանգնած է նույն այդ իշխանությունների կոկորդին. «Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց խոսքը կշիռ չունի, քանի որ դրա թիկունքում չկա ժողովրդի ձայնը»,-կարծիք հայտնեց Դ.Ասատրյանը:
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն էլ վստահ է, որ բանակի մասին խոսելիս հասարակության շրջանում տարակարծություններ չպետք է լինեն: Նրա խոսքով՝ պետք չէ վհատվել ստեղծված իրավիճակի պատճառով: «Իմ որդին էլ է ծառայել հայոց բանակում, ես էլ այս տարիքիս պատրաստ եմ զենք վերցնել ձեռքս ու պայքարել, գնալ մինչեւ վերջ, ձեւեր չեմ թափում: Ուրիշ ելք չունենք. սա է, դժվար իրավիճակ է: Մի այլընտրանք կա՝ թողնել, երկրից հեռանալը, երկիրը թշնամուն թողնելը, բայց ես դրան դեմ եմ: Թշնամին էլ, որ կանգնած է ադրբեջանցիների թիկունքում, «թափով է», նրա հետ հարաբերություններում դիվանագիտություն է պետք»,-նկատեց դերասանը:
Հիշեցնենք, որ որոշ քաղաքագետներ սահմանին լարվածության սրացումը կապում են ադրբեջանա-թուրքական պայմանավորվածության հետ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նպատակ կա միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ տարածաշրջանում մեկ այլ օրակարգային խնդիր առաջացնելով:

 

 

 
«ԽՆԴՐԵՆՔ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԲԱՐԻ ԱՉՔՈՎ ՆԱՅԻ ՄԵԶ»

Դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, նկարահանվել է ամերիկյան նոր ֆիլմում, որը շուտով կհայտնվի էկրաններին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տիրող մթնոլորտին եւ նշել, թե որ դեպքում կվերադառնա հայրենիք:

-Այժմ ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված: Գիտենք, որ ամերիկյան նոր ֆիլմում եք նկարահանվել, կպատմե՞ք:
-Խաղում եմ ֆիլմերում, ներկայացումներում, որպես երգիչ ներգրավված եմ համերգներում: Վերջին ֆիլմը, որտեղ հանդես եմ եկել, կոչվում է «Սեր կամ ժպիտ», նախատեսված է ամերիկյան հանդիսատեսի համար, այն շուտով կհայտնվի էկրաններին: Այստեղ նկարահանվել է նաեւ դուստրս՝ Էլլան: Ի դեպ, ստեղծագործական կազմում միայն մենք ենք ազգությամբ հայ: Բացի այդ՝ կա եւս երկու նոր ֆիլմ, որոնցում պատրաստվում եմ հանդես գալ: Այս տարի կփորձեմ խաղալ նաեւ «I And I» մոնոներկայացումս:
-Իսկ Հայաստանում ե՞րբ հանդես կգաք ներկայացմամբ, հայաստանյան ծափերին չե՞ք կարոտել:
-Իհարկե, կարոտել եմ, անպայման կփորձեմ առաջիկայում մի նոր ու օրիգինալ աշխատանքով ներկայանալ հանդիսատեսին:
-Այդտեղից հետեւո՞ւմ եք հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, ծանո՞թ եք այստեղի ընդհանուր մթնոլորտին: Մեզ համար այնքան էլ հեշտ ժամանակներ չեն. մի կողմից՝ Գյումրիի դեպքերին հաջորդած խուճապը, մյուս կողմից՝ սահմանին տիրող լարվածությունը…
-Ես ուզում եմ, որ բոլորս միասին, ազգովի մեր աղոթքն ուղղենք առ Աստված ու խնդրենք, որ նա բարի աչքով նայի մեզ: Մենք տաղանդավոր ու Աստծուց օժտված ազգ ենք, ուրեմն փորձենք պահել մեր հոր պատվիրանները: Ես հավատում եմ իմ ազգի պայծառ ապագային, որովհետեւ մենք՝ հայերս, անգամ մեր ենթագիտակցության մեջ ենք քրիստոնյա:
-Ո՞ր դեպքում կվերադառնաք հայրենիք:
-Երբ իսկապես զգամ, որ դրսում ներկայացա այնպես, որից հետո կարող եմ գալ ու մի նոր, դրական կաթիլ ավելացնել իմ ազգային անծայրածիր մշակութային օվկիանոսում: Ինքս միշտ հաշվի եմ նստում իմ հանդիսատեսի պահանջների հետ եւ շնորհակալ եմ, որ նրանք ինձնից բարձր ու մաքրամաքուր կատարում են ակնկալում: Կփորձեմ մնալ այն հարթության վրա, որին նրանք ինձ դասում են:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 19-ին, Ավստրիայում: eurovision.tv կայքից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին Վիեննայում անցկացվել է մրցույթի անդամ երկրների ելույթների հերթականությունը որոշող վիճակահանություն:
Այսպիսով՝ առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում հանդես են գալու նաեւ Հունաստանի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Ռուսաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Դանիայի, Սերբիայի, Բելառուսի, Ալբանիայի, Հունգարիայի մասնակիցները:
Երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 21-ին, իսկ «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը՝ մայիսի 23-ին: Հայաստանյան պատվիրակի անունն ու երգը հայտնի կդառնան փետրվարին: Մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կանցկացնի արտիստի (արտիստների) եւ երգի ներքին ընտրություն:

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Երգչուհի Սիդնի Գրիգորյանն ու պրոդյուսեր Սամվել Ղազարյանն այլեւս միասին չեն: Այս լուրը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատել է Սիդնին՝ հավելելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ իրենք բաժանվել են: Երգչուհին հերքել է բոլոր այն լուրերը, ըստ որոնց ինքն ու Սամվել Ղազարյանը նշանադրված կամ ամուսնացած են եղել. «Մենք չհասցրինք նույնիսկ նշանվել: Չհասկացանք իրար եւ բաժանվեցինք: Մտադրություն ունեինք ամուսնանալու, անգամ մի պահ եկավ, երբ պատրաստվում էինք դրան, սակայն չստացվեց»,-եզրափակել է նա:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն օրերս լուսանկար էր հրապարակել Գագիկ Ծառուկյանի հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում: Հանդիպման մանրամասներն իմանալու նպատակով ESem.am-ը զրուցել է Նառայի հետ: Վերջինս, սակայն, չի ցանկացել մեկնաբանել, թե ինչ նպատակով է հանդիպել Ծառուկյանին:
Նշենք, որ Նառան լուսանկարը մակագրել էր հետեւյալ կերպ. «Անակնկալներով լի օր, շնորհակալ եմ»:




Լրահոս