Դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում. Օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Բերձորի դեպքերի կապակցությամբ գրություն է հղել ԼՂՀ իր գործընկերոջը:

«Հարգելի պարոն Հայրապետյան,

Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաեւ ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետեւ ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները եւ դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաեւ լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսեւորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որեւէ դրսեւորում որեւէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, եւ մենք չունենք որեւէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետեւաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք եւ կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատեւ համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում եւ երկկողմանի ձեւաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը:

Խորին հարգանքով՝ Կարեն Անդրեասյան»: Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։

«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:




Լրահոս