ՊՈՒՏԻՆԻ ՆՄԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին կմեկնարկեն Վանաձոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները: Թեեւ քաղաքապետի եւ ավագանու անդամին հավակնող անձանց անունները դեռեւս հայտնի չեն, բայց արդեն կա հստակ ժամանակացույց. օգոստոսի 5-10-ը թեկնածուները կարող են առաջադրվել, 10-15-ն ընտրատարածքային հանձնաժողովն ուսումնասիրելու է փաստաթղթերը եւ նրանց գրանցելու կամ չգրանցելու մասին համապատասխան որոշում է կայացնելու:
Օգոստոսի 16-ից կսկսվի քարոզարշավը, որը կտեւի մինչեւ ընտրություններին նախորդող օրը՝ սեպտեմբերի 8-ը: Ավագանու կամ քաղաքապետի պաշտոնին հավակնող անձինք պետք է որոշակի գումար մուծեն: Ինչպես տեղեկացանք թիվ 30 ԸԸՀ նախագահ Տիգրան Պապանյանից, ավագանու անդամի թեկնածուի համար այդ գումարը կազմում է 100 հազար, իսկ քաղաքապետի թեկնածուի համար՝ մեկ միլիոն դրամ: Վանաձորի փողոցներում մեր կատարած հարցման արդյունքում պարզեցինք, որ բնակիչները բավականին տեղեկացված են ընտրությունների ժամկետից: Քաղաքացիները կարծիքներ հայտնեցին գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործունեության  մասին, մի քանիսն էլ նշեցին այն մարդկանց անունները, ում կցանկանային տեսնել քաղաքապետի պաշտոնում:
Վանաձորցի գործազուրկ. Ով ուզում ա լինի, նույնն ա լինելու: Եթե գործ չկա, ժողովուրդը չի աշխատում, փողոցում թափառում ա, դա ժողովրդի ղեկավարի լա՞վն ա: Տղամարդը կա՛մ գողություն պտի անի, կա՛մ ավազակություն, որ էրեխու համար մի կտոր հաց առնի:
Մարտուն Աղաջանյան, բնակիչ. Շատ եմ գոհ Դարբինյանից: Քաղաքում լուսավորությունը, մաքրությունը լավ է: Եթե կան մարդիկ, որոնք դժգոհ են, քաղաքապետ Դարբինյանի հետ կապված չէ: Մեր հանրապետության մասշտաբով են էդ պրոբլեմները: Կցանկանայի, որ մեր նոր քաղաքապետը լիներ երիտասարդ, գրագետ ու արժանի մարդ: Քաղաքապետ կարող էր լինել, օրինակ, Վիկտոր Դալլաքյանը կամ Վահրամ Բաղդասարյանը:
Բջջային հեռախոսների խանութի վաճառողուհի. Ես՝ որպես մայր, կուզենայի, որ մեր բակում՝ Ցալկուտ թաղամասում, կառուցվեր խաղահրապարակ: Մեր թաղապետն ու քաղաքապետն ահավոր քիփ են իրար հետ: Հազարավոր դիմումներ ենք ուղարկել խաղահրապարակ սարքելու համար: Ասել են կլինի, բայց…
Ինտերնետ ակումբի աշխատակից. Դարբինյանն ի՞նչ ա արել ժողովրդի համար: Նախորդ ընտրություններին իրեն եմ ընտրել, որովհետեւ նրա կողքին չի եղել մեկ այլ արժանի թեկնածու: Կուզենայի, որ հիմա այնպիսի մարդ ընտրվեր, որ գոնե մի քիչ ժողովրդի մասին մտածեր, այլ ոչ թե ուրագի նման դեպի իրեն, իրեն, իրեն… ինչքա՞ն կարելի ա: Երանի Պուտինի նման մի մարդ լիներ մեր քաղաքապետը:

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս