Հայտնաբերվել են սննդի հետ կապված խնդիրներ. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում արտահերթ ելույթով այսօր հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կրթության և գիտության նախարարությունը Վերահսկիչ պալատի կողմից ամենաստուգվող գերատեսչություններից է: Կարող եմ այսօր փաստել մեր երկարատև համագործակցությունների մասին՝ հենվելով 2014թ. որոշ տվյալների վրա: Վերահսկիչ Պալատի կատարած ստուգումներն իրենց դրական ազդեցությունն ունեցել են: Այն խնդիրները, անճշտությունները, որոնք հայտնաբերվել են՝ կապված հանրակրթական ուսումնառության հետ, բոլորը կա՛մ շտկվել են, կա՛մ էլ տեղափոխվել են 2015թ շտկվելու ակնկալիքով:

2014թ. հայտնաբերվել են սննդի հետ կապված խնդիրներ, որոնք շտկվել են: Հայտնաբերվել են նաև խնդիրներ, կապված ուսանողների և աշակերտների թվաքանակի հետ, դրանք նույնպես շուտափույթ ձևով շտկվել են: Հայտնաբերվել են նաև խնդիրներ, որոնք կապված են իրավական դաշտի հետ՝ հանրակրթության օրինակով բերեմ. մշակվել է մասնագիտացված հանրակրթական օրինագծով օրինակելի կանոնադրություն, և կառավարության կողմից սահմանվելու է, թե որ ուսումնական հաստատություններն են մնալու մասնագիտացված: Սա արվել է, որովհետև 90-ական թվականներից այս կողմ ավանդական սահմանում են ունեցել դպրոցները՝ այսինքն որոշ դպրոցներ ունեցել են մասնագիտացված անվանումը, բայց չեն համապատասխանել ստանդարտներին: Հետևաբար, կա հարց, ըստ որի ինչու մենք պետք է որոշակի դպրոցների ավելի շատ ֆինանսավորենք, քան մյուսներին: Այնպես որ, մենք զրկեցինք այս դպրոցներին հավելյալ աջակցությունից», – ներկայացրեց Աշոտյանը:

Նշենք, որ խորհրդարանը շարունակում է քննարկել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որին ներկա չէ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչն էլ առաջացրել էր պատգամավորների զայրույթը:




Լրահոս