2013 թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 28-ից ուժի մեջ է “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչեւ 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել եւ շարունակել գործունեությունը:
“Փաստինֆոն” հայտնում է, որ տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ տարեսկիզբը` լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:
Խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար 2012թ. վճարման ենթակա տուրքի չափը մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար կորոշվի “Պետական տուրքի մասին” օրենքով սահմանված տարեկան պետտուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թ. ընթացքում հերթական պետտուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:
“Պետական տուրքի մասին” օրենքով յուրաքանչյուր վայրում շահումով խաղեր կազմակերպելու համար սահմանված է տարեկան պետական տուրք` բազային տուրքի 5 հազարապատիկի (5 մլն դրամ), իսկ խաղատուն կազմակերպելու համար` բազային տուրքի 25 հազարապատիկի չափով (25 մլն դրամ):




Լրահոս