Մեր հանրապետությունում սոցիալական լարվածությունը պակասելու փոխարեն ավելանում է: Սրան հակառակ հայաստանցի պաշտոնյաների բարձր աշխատավարձերը շարունակում են պահպանվել: Թեեւ հիմնականում բարձր աշխատավարձ ստանում են այն պաշտոնյաները, ովքեր ունեւոր են եւ այդքան էլ դրա կարիքը չունեն:
Երբ մենք ուսումնասիրեցինք, թե Հայաստանի քաղաքապետերից ով որքան աշխատավարձ է ստանում՝ իր արած աշխատանքի դիմաց, աչք ծակեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի աշխատավարձը: Պարզվում է՝ նա 500 հազար դրամ է ստանում ամսական: Եւ սա առիթ դարձավ, որպեսզի կապ հաստատենք քաղաքապետի հետ: Ինչպես հայտնի է՝ Դանիելյանն ապահովված մարդ է, եւ նշված աշխատավարձի չափն այնքան էլ պատճառաբանված չէ, քանի որ Հրազդանն այն քաղաքներից է, որը հնում արդյունաբերական էր, իսկ հիմա բացարձակ աղքատության մատնված բնակավայր է համարվում: Նկատենք, որ Հրազդանի քաղաքապետի աշխատավարձն ամենաբարձրն է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետո: Վերջինիս աշխատավարձը կազմում է 576 հազար դրամ:
Ինչեւէ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, լսելով իր աշխատավարձին վերաբերող հարցը, միանգամից արդարացավ՝ նշելով, որ 500 հազար դրամը դա իր «կեղտոտ» աշխատավարձն է: Բացատրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին համայնքի ավագանու որոշմամբ քաղաքի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում քաղաքապետի աշխատավարձը բարձրացրել են:
«Քաղաքապետի մաքուր աշխատավարձը կազմում է 360 հազար դրամ: Օրենքի մեջ հստակ տրված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնյային դրույքաչափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնյային դրույքաչափի նկատմամբ հավասարապես բաժանված տոկոսաչափերով: Այսինքն՝ 20-75 հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար նախատեսված է օրենքով սահմանված ԱԺ պատգամավորի աշխատավարձի 81.4 տոկոսը: Օրենքով սահմանված կարգը պահպանված է: ԱԺ պատգամավորի աշխատավարձը կազմում է 660 հազար դրամ, հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ 330 հազար դրամ, 57-60 հազար բնակիչ ունեցող քաղաքի ղեկավարը՝ 355 հազար դրամ: Օրենքի խախտում չկա»,-պարզաբանեց քաղաքապետը:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ 360 հազար դրամ աշխատավարձը մի քանի անգամ բարձր է նույն՝ Հրազդանի արդյունաբերության մեջ ողջ կյանքում աշխատած, բայց այսօր արդեն թոշակ ստացողի կենսաթոշակից, մանկավարժի, բանվորի աշխատավարձից:
Ի դեպ, բոլորովին վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը զավեշտալի թվեր ներկայացրեց այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը գերազանցում է 170 հազար դրամը: Սա թերեւս շարքային քաղաքացու համար բարձր աշխատավարձի շեմն է, քանի որ մի քանի հարյուր հազար դրամ կամ մի քանի մլն դրամ աշխատավարձերի միջինացման արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 170 հազար դրամ է, բայց իրականում դրա կեսն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ