Armenian text to speach

Ամերիկացիները քվեարկեցին Թրամփի դեմ․ դեմոկրատները հաղթանակ են տանում երկու պալատներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն է ստանձնում Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ընտրությունների արդյունքների սեփական կանխատեսմանը։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, դեմոկրատների հաղթանակը տեղի է ունեցել մի շարք նահանգներում Հանրապետական կուսակցության թեկնածուների նկատմամբ տարած հաղթանակների արդյունքում։ Դեմոկրատներին հաջողվել է հանրապետականներից խլել մի շարք մանդատներ Միչիգանում, Մենում, Այովայում, Կանզասում, Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում և Տեխասում։

Ըստ NBC News-ի՝ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացի ընտրողների մի զգալի հատված դժգոհ է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից։ Ընտրողների 43 տոկոսը հարցման ժամանակ նշել է, որ քվեարկության իր որոշման պատճառներից մեկը Թրամփին հակադրվելն է եղել։ Միևնույն ժամանակ, հարցվածների 71 տոկոսը, այդ թվում՝ հանրապետականների 41 տոկոսը, կարծիք է հայտնել, որ Կոնգրեսը բավարար վերահսկողություն չի իրականացնում նախագահի գործունեության նկատմամբ։

Ընտրությունների առանցքային թեմաներից են եղել նաև կյանքի թանկացումը, գնաճը, կոռուպցիան, ներգաղթը և Իրանի հետ պատերազմը։ Նշվում է, որ հատկապես տնտեսական խնդիրների և գների աճի շուրջ դժգոհությունն ազդել է հանրապետական թեկնածուների դիրքերի վրա։

Դոնալդ Թրամփն իր հերթին արձագանքել է ընտրությունների արդյունքներին՝ սոցիալական ցանցում գրելով, որ ինքը քվեաթերթիկներում չի եղել, և եթե լիներ, հանրապետականները կհաղթեին ջախջախիչ առավելությամբ։

Դեմոկրատների վերահսկողության հաստատումը երկու պալատներում կարող է էական ազդեցություն ունենալ Թրամփի վարչակազմի հետագա գործունեության վրա։ Հունվարից, երբ կգումարվի նոր Կոնգրեսը, դեմոկրատները հնարավորություն կունենան կազմակերպել լսումներ, հետաքննություններ և ավելի ակտիվ վերահսկողություն իրականացնել նախագահի վարչակազմի նկատմամբ։

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ խոսնակը։ Նրա թեկնածությունը կուսակցությունը նախատեսում է առաջադրել նոյեմբերի 16-ի շաբաթվա ընթացքում, իսկ պաշտոնը ստանձնելու համար հունվարի 3-ին անհրաժեշտ կլինի ստանալ 218 ձայն։

Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը նույնպես ակնկալում է վերադառնալ մեծամասնության ղեկավարի պաշտոնին։

NBC News-ի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները կարող են ազդեցություն ունենալ նաև 2028 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստական գործընթացի վրա և փոխել Հանրապետական կուսակցության ներսում ուժերի հարաբերակցությունը։

Նշենք, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսին և կարող են փոխել Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը՝ ազդելով նախագահի օրենսդրական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վրա։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս