Մի շարք հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի, ՀՀ իշխանություններից պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
“2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:
Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից, և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Այդ թվում`
. Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործով որպես տուժող և վկա ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա:
. Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել:
. Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:
. Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:
. Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
. Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:
. Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այս ամենից զատ, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ շատ ավելի ծանր դեպքերի առնչությամբ դատարանը կայացրել է նույնիսկ ազատազրկում չնախատեսող վճիռներ: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները մեր կողմից որակվում են որպես խտրական արդարադատության կիրառում:
Ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման վճռի կայացումը մեկ անգամ ևս փաստում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող բռնությունները և քաղաքական հալածանքները Հայաստանում ոչ միայն չեն դադարել, այլև նոր նախագահական ընտրությունների շեմին նոր որակ ու նոր դրսեւորումներ են ստանում: Սա մի կողմից կարելի է դիտարկել որպես գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության մեջ վախի մթնոլորտի տարածման փորձ, իսկ մյուս կողմից՝ ադմինիստրատիվ ռեսուրսի հիմնական ապահովող ռեպրեսիվ իրավապահ համակարգին՝ անկաշկանդ գործելու հրահանգ:
Մենք` ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք արդարադատության հետ աղերս չունեցող նման վճռի կայացումը եւ ՀՀ իշխանություններից պահանջում`
Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գևորգյանի նկատմամբ;
Վերջ տալ քաղաքական հետապնդումներին, հալածանքներին ու բռնություններին;
Հրաժարվել խտրական դատավարություններից և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:
Կոչ ենք անում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ”:
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
“Երիտասարդություն հանուն ժողովրդավարության”
նախագահ Իզաբելլա Սարգսյան
“Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե”
նախագահ Նատալիա Մարտիրոսյան
Իրավունքի և ազատության կենտրոն
նախագահ Վարդան Հարությունյան
Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբ
նախագահ Լևոն Բարսեղյան
“Համագործակցություն հանուն ժողովրդավարության”
նախագահ Ստեփան Դանիելյան
“Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ”
նախագահ Արթուր Սաքունց
“Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոնե կենտրոն”
գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյան